26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանի վրա Թուրքիայի հարձակման երեք փորձերը

1991 թվականին ԽՍՀՄ փլուզմամբ տեղի ունեցած աշխարհաքաղաքական փոփոխությունները հանգեցրին ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից իր ռազմական դոկտրինի վերանայմանը և դրա հարմարեցմանը նախկին ԽՍՀՄ հարավային շրջաններում և Բալկաններում նեոթուրքական խնդիրներին:

1974 թ․ Հյուսիսային Կիպրոսի բռնակցումից հետո թուրքական զինված ուժերն ակտիվորեն ներգրավված էին տարբեր զինված բախումների կազմակերպման մեջ, իսկ թուրքական զինված ուժերի սահմանափակ զորակազմն անմիջականորեն մասնակցում էր ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից տարբեր հակամարտության գոտիներում իրականացվող ռազմական գործողություններին։ Թուրքիայի նոր ռազմական դոկտրինի համատեքստում Բալկաններում սահմանափակ թվակազմով, սակայն արդյունավետ ներկայությունից հետո, Թուրքիայի բարձրաստիճան գեներալները մեծ նշանակություն էին տալիս Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների թատերաբեմին։ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ռազմական բաղադրիչի հաղթական արդյունքից էր կախված լինելու ԽՍՀՄ հարավային շրջանների վրա Թուրքիայի նեոթուրքական արտաքին քաղաքականության ծրագրերի իրականացումը։

Եթե ղարաբաղյան հակամարտության սկզբնական փուլում՝ 1988-90 թթ․ պաշտոնական Անկարան չեզոք դիրք էր գրավում, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը համարելով Խորհրդային Միության ներքին գործ, ապա արդեն 90-ականների սկզբին Թուրքիայի ռազմական, քաղաքական շրջանակներն ու հասարակությունը կտրուկ ակտիվացնում են իրենց գործողությունները ադրբեջանամետ դիրքորոշումն դոմինանտ դարձնելու գործում։ Իր նպատակներին հասնելու և առաջին հերթին՝ Ադրբեջանում ազդեցությունն ապահովելու և ամրապնդելու համար, Թուրքիան Ադրբեջանին ցուցաբերում է համապարփակ դիվանագիտական, տնտեսական, ռազմական և ռազմատեխնիկական օգնություն։

90-ականների առաջին կեսերին Լեռնային Ղարաբաղի հարցում համաթուրանական համերաշխությունը Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությամբ ներառում էր առաջին հերթին ռազմական ոլորտը։ Ղարաբաղյան հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը ևս մեկ անգամ վկայում էր Ադրբեջանի կողմից հակամարտության մեջ Թուրքիայի անմիջական ներգրավվածության մասին, այդ թվում՝ Ադրբեջանին շոշափելի ռազմական օգնություն ցուցաբերելով։
1992 թվականի գարնանը, երբ իրավիճակը սրվում է հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում, ռազմական փորձագետներն ու վերլուծաբանները մատնանշում են Թուրքիայի կողմից ռազմական միջամտության մեծ հավանականության մասին։ Միաժամանակ, Թուրքիայի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Մուհիթին Ֆիսունօղլուն ասում է, որ «բոլոր անհրաժեշտ նախապատրաստությունները կատարվել են և բանակը երթի համար սպասում է Թուրքիայի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանին»։ Ակնհայտ էր, որ Հայաստանի կողմից Նախիջևանի դեմ լայնածավալ ագրեսիա և ագրեսիվ պլաններ չեն եղել։ Տեղի ունեցածը կարելի է դիտարկել որպես Թուրքիայի որոշ քաղաքական շրջանակների կողմից հակահայ հիստերիայի միտումնավոր հրահրում։ Կարելի է ենթադրել, որ թուրքական իշխանություններն այդ քայլերով գնահատում էին ԱՊՀ հարավային սահմաններում տիրող իրավիճակը՝ փորձելով բացահայտել 1992թ. մայիսին Տաշքենդում ստորագրված ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի ներուժն ու կենսունակությունը։ Հայկական կողմի «ագրեսիայի» պատրվակով թուրքական կառավարությունը, ըստ էության, վերջնագիր է ներկայացնում Հայաստանին՝ միաժամանակ հղում անելով 1921 թվականի Կարսի պայմանագրին։ Անդրադառնալով այս համաձայնագրի որոշ դրույթներին՝ պաշտոնական Թուրքիան պնդում է, որ ինքն է Նախիջևանի սահմանների անվտանգության և անձեռնմխելիության երաշխավորը։ Սակայն պարզ էր, որ դա արվում է ՀՀ ինքնիշխան տարածք ուղղակի միջամտության համար հող նախապատրաստելու նպատակով։

Ղարաբաղյան պատերազմի կիզակետում Լաչինի միջանցքի բացումից անմիջապես հետո՝ արդեն 1992 թվականի մայիսի 20-ին, թուրքական բանակը սկսում է զորքեր տեղակայել Հայաստանի տարածք ներխուժելու նպատակով։ Հարձակումը կանխվում է միայն Ռուսաստանի միջամտության շնորհիվ։ Ռուսաստանի Դաշնության Պետդուման այս առիթով հատուկ լսումներ է անցկացնում ԱԳ նախարար Անդրեյ Կոզիրևի և Միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, ավիացիայի մարշալ Եվգենի Շապոշնիկովի մասնակցությամբ։ ԱՊՀ երկրների՝ Հայաստանի սահմանների մոտ թուրքական բանակի կտրուկ ակտիվացման պատճառով ավիացիայի մարշալ Շապոշնիկովը շտապ թռնում է Երևան և հենց օդանավակայանում տեղի ունեցած ասուլիսում ասում, որ թուրքական ներխուժումը կարող է հանգեցնել 3-րդ համաշխարհային պատերազմի։ Այդ մասին անմիջապես զեկուցվում է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին, ով նույն օրը զանգահարում է Անկարա և պահանջում դուրս բերել թուրքական զորքերը Հայաստանի սահմանամերձ շրջաններից։ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, ենթարկվում է այդ պահանջին, սակայն մի քանի շաբաթ անց թուրքական բանակի մոտ 150 ավագ սպաներ, այդ թվում՝ 10 գեներալներ, շտապ գործուղվում են Ադրբեջան՝ գրոհային-դիվերսիոն ջոկատներ վարժեցնելու, պատրաստելու և հայկական զինված ուժերի դեմ ռազմական գործողություններ պլանավորելու համար։
Իր հերթին, Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ալբերտ Չերնիշևը, անդրադառնալով հակամարտությանը, Թուրքիայի միջամտության Մոսկվայի հնարավոր արձագանքին, նշում է, որ «1921 թվականի Կարսի պայմանագիրը ոչ Թուրքիային և ոչ էլ Ռուսաստանին ռազմական միջամտության իրավունք չի տալիս»։

Այս հայտարարությունները էական ազդեցություն են ունենում Հայաստանի և ղարաբաղյան խնդրի առնչությամբ թուրքական ռազմական և քաղաքական շրջանակների հետագա վարքագծի վրա։
Մոսկվայի նախազգուշացումը ղարաբաղյան առճակատման գոտում Թուրքիայի կողմից հնարավոր ռազմական գործողության վերաբերյալ բխում էր Ռուսաստանի ղեկավարության ցանկությունից՝ կանխելու Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության կտրուկ փոփոխությունը և Ռուսաստանի ազգային անվտանգությանը սպառնացող նոր սպառնալիքներ ի հայտ գալը։ Ավելին, Ռուսաստանի և Իրանի դեպքում թուրքական միջամտությունը կդիտարկվեր որպես ուղղակի սպառնալիք այդ երկրների տարածքային ամբողջականության համար՝ պայմանավորված նրանց բնակչության մեջ թյուրքալեզու ժողովուրդների բավականին զգալի համամասնությամբ։

Չնայած մարշալ Շապոշնիկովի նախազգուշացմանը՝ Թուրքիան շարունակում է ռազմական և ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։
Ըստ արևմտյան ռազմական վերլուծաբանների, 1992 թվականի ամռանը Ադրբեջանի զինված ուժերի կողմից տեղի ունեցած լայնածավալ հարձակման ժամանակ ադրբեջանական բանակի ռազմական հաջողությունները պայմանավորված էին առաջին հերթին ռազմական գործողություններին թուրք կամավորականների մասնակցությամբ։ Հարձակման սկզբում ադրբեջանական զորքերին օգնում էին թուրքական բանակի 40 ավագ սպաներ, որոնք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների նախաշեմին ուղարկվել էին վաղաժամ թոշակի, որպեսզի կարողանան «աջակցել» իրենց ադրբեջանցի եղբայրներին։
Այս հաջողությունները պայմանավորված էին նաև ադրբեջանական բանակի հարձակողական ռազմական գործողություններով, որոնք մշակել և իրականացրել էին թուրքական բանակի գեներալ-մայոր Խալիլ Քալայչին։
Դեռևս 1992 թվականի մայիսին Թուրքիայի փոխվարչապետ Հյուսամեթթին Չինդորուկի Բաքու կատարած այցի ժամանակ գեներալ Քալայչին Ադրբեջանում նշանակվում է Թուրքիայի ռազմական կցորդի «շատ կարևոր» պաշտոնում։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 1992 թվականի օգոստոսին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև Լաչինի մարդասիրական միջանցքի լիկվիդացման գործողությանը թուրք ռազմական մասնագետներն ակտիվ մասնակցություն են ունեցել։

1992 թվականի ամռանը, Թուրքիան Գերմանիայի Բունդեսվերից, նախկին ԳԴՀ բանակի զինանոցներից 800 մլն դոլարի չափով խորհրդային զենքի մեծ խմբաքանակ է գնում և փոխանցում Ադրբեջանին։ Այդ գործարքի համար ռազմական տեխնիկայի և ռազմամթերքի իրական գինը իջեցվում է, որի դիմաց գերմանացի պաշտոնյաները թուրքական կողմից ստանում են խոշոր կաշառք։ Այդ փաստը հետագայում բացահայտվում է և առաջացած սկանդալի հետևանքով հրաժարական է տալիս Գերմանիայի պաշտպանության նախարարը:

1992 թվականի վերջին Ադրբեջան է տեղափոխվում մոտ 5 հազար թուրք սպա և զինվոր։ Սպաների միջին աշխատավարձը կազմում է ամսական մոտ 7,5 հազար դոլար։
Հարկ է նշել, որ ռազմական գործողությունների ընթացքում Բաքուն բազմիցս դիմում է Անկարային՝ ուղղակի ռազմական միջամտության խնդրանքով։ 1992 թվականի մայիսի սկզբին Շուշի քաղաքի անկումից հետո Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Թամերլան Կարաևը հայտարարում է, որ եթե իրադարձություններն այս ուղղությամբ շարունակվեն, ապա Ադրբեջանի ղեկավարությունն իրեն իրավունք է վերապահում դիմել Թուրքիային խնդրանքով «դադարեցնել Հայաստանի ագրեսիան»։ Սակայն դրա կարիքը չկար, քանի որ Թուրքիան արդեն իսկ զգալի ռազմական օգնություն էր ցուցաբերում Ադրբեջանին։ Մյուս կողմից, պաշտոնական Բաքուն բարձր էր գնահատում Թուրքիայի կողմից իր շահերի լոբբինգը միջազգային ասպարեզում, որի նպատակն էր համոզել միջազգային հանրությանը ընդունել ադրբեջանական մոտեցումներն ու տեսակետը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ։

1993 թվականի փետրվարին Թուրքիայի զինված ուժերի 3-րդ դաշտային բանակի որոշ ստորաբաժանումներ, թվով 7 հազար զինվորական՝ պատերազմական ժամանակաշրջանի համար ամբողջական համալրումով, առաջ են շարժվում դեպի Կարս-Սարիղամիշ-Իգդիր գիծ՝ Թուրքիայի կառավարությունից և գլխավոր շտաբից ստանալով նոր հրաման. նախապատրաստել ներխուժում Հայաստանի Հանրապետության տարածք։
1993 թվականի ապրիլի կեսերին Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը նախկին ԽՍՀՄ թյուրքական երկրներ կատարած հավակնոտ ուղևորության ժամանակ Բաքվում հայտարարում է, որ Թուրքիան լիովին և անվերապահորեն աջակցում է «հայ զավթիչների» դեմ Ադրբեջանի պայքարին։ Ուղեւորության ընթացքում նրան ուղեկցում է Թուրքիայի զինված ուժերի գեներալ-մայոր Էրդողան Օզնալը՝ Թուրքիայի Գլխավոր շտաբի հատուկ գործողությունների վարչության պետը։

Այնուհետև, 1993 թվականի ապրիլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների (ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան) դեսպանները կանչվում են Թուրքիայի ԱԳՆ և նրանց է փոխանցվում Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացման Անկարայի տեսակետը, որը նման էր 1974-ի Կիպրոսում տիրող իրավիճակին և որ Թուրքիան կարող է կրկին դիմել նմանատիպ գործողությունների «եղբայր ադրբեջանական ժողովրդին պաշտպանելու համար»։
Թուրքիայի կողմից միաժամանակ կոնկրետ միջոցներ են ձեռնարկվում Հայաստան ներխուժման համար. թուրքական զինված ուժերի 3-րդ դաշտային բանակը բերվում է լրիվ մարտական պատրաստության վիճակի, Թուրքիայի ռազմաօդային ուժերի բազաներում Phantom ինքնաթիռների գրոհային էսկադրիլիաները անցնում են շուրջօրյա մարտական հերթապահության առաջին հարվածը հասցնելու համար, իսկ Թուրքիայի Խորհրդարանում Բյուլենթ Էջևիթը, որը վարչապետ էր 1974 թվականին թուրքերի կողմից Կիպրոսի օկուպացիայի ժամանակ, առաջարկում է հարվածել Հայաստանին, գրավել նրա հարավային շրջանները՝ Նախիջևանով, Զանգեզուրով և Ղարաբաղով Թուրքիան Ադրբեջանին կապելու համար։ Միաժամանակ կտրուկ ակտիվանում է հայկական տարածքների գնդակոծությունը թուրքական կողմից։ Իրավիճակն ամեն ժամ սրվում է։

Մի քանի օր անց՝ 1993 թվականի մայիսի սկզբին, Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովը Նախագահ Ելցինի անունից մեկօրյա անսպասելի այցով ժամանում է Անկարա։ Թուրքական մամուլը այս կայծակնային ճանապարհորդությունը մեկնաբանում է գրեթե Կեսարի ոճով. «Ժամանեցի, միզեցի, վերադարձա»։ Բանն այն է, որ մարշալ Գրաչովը առաջին բանը, որ նա անում է, ժամանելով Թուրքիայի Նախագահի կառավարական նստավայր, գնում է զուգարան։ Դրանից հետո մարշալը կտրուկ ու լակոնիկ շարադրում է իրավիճակի վերաբերյալ ռուսական տեսակետը և անմիջապես վերադառնում է ինքնաթիռ՝ չլսելով թուրքական կողմի նկատառումները, միաժամանակ ափսոսանք հայտնելով, որ որոշ երկրներ զենք և զինամթերք են մատակարարում Ադրբեջանին՝ հստակ ակնարկելով թուրքական ռազմական մատակարարումների մասին։
Իսկ այդ ընթացքում հուլիսին Շահբուլախ գյուղի մերձակայքում ԼՂՀ ինքնապաշտպանության բանակը հարձակման ժամանակ գրավում է ադրբեջանական բանակի զինական պահեստները՝ թուրքական և նույնիսկ ամերիկյան արտադրության զինատեսակներով, որոնք բերվել էին Թուրքիայի ՆԱՏՕ-ի պահեստներից ։ Ադրբեջանական կողմից առգրավված զենքի նմուշները տեղափոխվում են Վաշինգտոն, ինչը մեծ սկանդալ է առաջացնում ԱՄՆ Կոնգրեսում և որոշվում է Բաքվի դեմ կիրառել որոշ պատժամիջոցներ։

1993 թվականին Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը ազատագրական մարտերում ռազմական որոշակի հաջողություններ են ունենում ռազմաճակատում, որին շատ արագ կրկին արձագանքում է Թուրքիան։
1993 թ-ի սեպտեմբերին հայ-թուրքական սահմանին արդեն երրորդ անգամ սրվում է հարաբերությունները Թուրքիայի և Հայաստանի միջև։ Թուրքական զինված ուժերի 9-րդ Սարիղամիշյան դիվիզիայի 220-րդ մեխանիզացված և 9-րդ հրետանային խմբավորումները խոցելիության հեռավորության վրա մոտենում են Հայաստանի սահմանին։ Թուրքիայի նոր վարչապետ Թանսու Չիլլերը բացահայտ սպառնում է զորքեր ուղարկել, եթե հայկական կողմի հարձակումը Լեռնային Ղարաբաղում չդադարի։

1993 թվականի հոկտեմբերին Մոսկվայում տեղի է ունենում խորհրդարանական ճգնաժամ՝ Սպիտակ տան պաշարմամբ և շենքի վրա գրոհով:
Ըստ ֆրանսիական և ամերիկյան աղբյուրների, այդ օրերին Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլլերի ներկայացուցիչները գաղտնի բանակցություններ են վարում ՌԴ Պետդումայի ապստամբ խոսնակ Ռուսլան Խասբուլատովի հետ։ Թուրքիան ցանկանում էր պուտչիստների հաղթանակի դեպքում ռուսական իշխանությունների համաձայնությամբ թուրքական զորքերի «սահմանափակ կոնտինգենտով» իբր Հայաստանում գտնվող Քրդական բանվորական կուսակցության՝ PKK-ի ռազմական բազաների ոչնչացման նպատակով ներխուժել Հայաստան, գրավելով Հայաստանի հարավային որոշ շրջաններ, հիմնականում Սյունիքի մարզում։

Նման համաձայնություն Թուրքիան ստանում է Խասբուլատովից, ինչպես նաև տրվում են Ռուսաստանի կողմից ռազմական գործողություններին «չմիջամտելու» երաշխիքներ։ Այդ օրերին Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը թույլատրում է երկրի զինված ուժերից 2 բանակային բրիգադ և 15 մարտական գրոհային ուղղաթիռներ մտցնել Ադրբեջանի Նախիջևանի շրջան, Խասբուլատով-Ռուցկոյ հեղաշրջման հաղթանակի դեպքում Հայաստանին հարվածելու համար։ Այդ ընթացքում ուժեղանում է հայկական և ռուսական սահմանապահ ջոկատների գնդակոծությունը Թուրքիայի տարածքից։
1993 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ նախագահ Տեր-Պետրոսյանի հրամանով հայկական բանակը բերվում է լրիվ մարտական պատրաստականության վիճակի՝ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների սկսման սպառնալիքին դիմագրավելու նպատակով։

Սակայն Խասբուլատովի իշխանության զավթման փորձը ձախողվում է և ռուսական տանկերը հարվածում են Ռուսաստանի Պետական Դումայի շենքին, իսկ թուրքական տանկերը նահանջում են Հայաստանի սահմանից դեպի ելման դիրքեր։
1994 թվականի մայիսին Բիշքեկում Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների կողմից ռուսական կողմի միջնորդությամբ զինադադարի արձանագրության ստորագրումից հետո էլ թուրքական կողմը խաղաղապահ առաքելության իրականացնելու պատրվակով չի հրաժարվում Կովկասի հարավում սեփական ռազմական ներկայության ծրագրերից։
Այս անգամ թուրքական «բազեների» ռազմատենչ հայտարարությունները պայմանավորված էին ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությամբ, որն առաջանում է կապված Սեւ ծովի նեղուցների անցման ռեժիմի վերանայման հետ։
«Մենք պատրաստ ենք ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան ուղարկել այնքան զինվոր, որքան կխնդրի Ադրբեջանի կառավարությունը»,- 1994 թ․ հայտարարում է Թուրքիայի Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի պետ Դոհան Գյուրեշը, Բաքու այցի ժամանակ։ Անդրադառնալով հայկական կողմի այն հայտարարությանը, թե ոչ Երևանը, ոչ Ստեփանակերտը չեն համաձայնի թուրքական ռազմական ներկայությանը Ղարաբաղում, Գյուրեշը միանշանակ հայտարարում է, որ «սերբերը նույնպես դեմ էին թուրքական ներկայությանը, սակայն այժմ Բոսնիայում 1500 թուրք զինվոր կա»։ Թուրք գեներալի հայտարարությանը այս անգամ բավականին կոշտ է արձագանքում է ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովը՝ ասելով, թե «թույլ չենք տա, որ թուրքական բանակը միջամտի» և ավելացնում է, որ «Ռուսաստանն իր շահերն ունի Ադրբեջանում»։ Ավելի ուշ, երբ Պավել Գրաչովը գտնվում էր Երևանում, ոչ երկիմաստ ձևով հասկացնում է, որ իր այցը Հայաստան կստիպի թուրքական կողմին ավելի սթափ մտածել։

Կովկասում ցանկացած հակամարտությունում Թուրքիայի հնարավոր ռազմական միջամտությունը վտանգավոր նախադեպ կարող է ստեղծել Ռուսաստանի և Թուրքիայի միջև զինված առճակատման համար նոր աշխարհաքաղաքական միջավայրում, որը սկսվել է ձևավորվել Սառը պատերազմի ավարտից հետո: Նման միջամտությունը կարող է նաև անցանկալի բարդություններ առաջացնել հենց Թուրքիայի համար, մասնավորապես՝ լրջորեն առաջացնելով ՆԱՏՕ-ի դաշնակիցների դժգոհությունը։ Թուրքիայի ռազմական միջամտությունը ղարաբաղյան հակամարտությունում հարիր չէր նաև ԱՄՆ-ին, որի վերաբերյալ հայտարարում է Պետքարտուղարության խոսնակ Մարգարեթ Թաթվեյլերը։
Այդ տարիներին թուրքական ղեկավարությունը, թերևս, հասկացավ, որ Արաքս գետից այն կողմ հակամարտությունում ուղղակի միջամտությունը ավելի կսրի Թուրքիայի հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ, ինչպես նաև կառաջացնի համաշխարհային հանրության լուրջ դժգոհությունը։

Մեկ այլ կարևոր գործոն, որն այդ տարիներին անմիջականորեն ազդում էր թուրքական իշխանությունների որոշման վրա, դա 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցն էր։ Ռազմական գործողություններ ձեռնարկելով Անկարան դրանով կապացուցեր իր ագրեսիվ դիրքորոշումը հայերի և Հայաստանի նկատմամբ։ Պատահական չէ, որ Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը հայտարարում է, որ «չնայած թուրքերը չեն կարող անտարբեր լինել ադրբեջանցիների տառապանքների նկատմամբ, սակայն նրա երկրի մեկ սխալ քայլը կարող է հանգեցնել նրան, որ ողջ աշխարհը կաջակցի Հայաստանին»։
Սակայն եկան նոր ժամանակներ․ Հայաստանի Հանրապետություն, մայիս, 2018 թվական, իշխանափոխություն, 2020 թվականի սեպտեմբերի 27, 44-օրյա ռազմական գործողություններ, որը սանձազերծվեց Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հավաքական արևմուտքի լուռ համաձայնությամբ։ Պատերազմի ավարտին ունեցանք Արցախի 80 տոկոս տարածքի կորուստ, հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր հաշմանդամներ, հարյուրավոր գերևարվածներ։
Մոտ ապագայում սպասվում են Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների ստեղծում և Հայաստանի ու Արցախի համար «խաղաղության դարաշրջան»․․․
Հավանաբար շուտով կծափահարեք հայ-ադրբեջանական և հայ-թուրքական սահմանների բացման կապակցությամբ։ Հայաստանում մեկը մյուսի հետևից կբացվեն ադրբեջանական և թուրքական գրասենյակներ, բանկեր և ընկերություններ։ Տանկերը, ինչպես բանկերը, միշտ գալիս են առանց վիզայի․․․
Փաստենք, որ «թուրքին ներել մեկը նշանակում է արտոնել երկուսը»։
ՀԻՇԵՆՔ ՍԱ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ