23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Աստված երբեք երես չի թեքում մեզանից, մենք ենք հեռանում Իրենից»

Աստվածային ողորմությունը մխիթարություն է աշխարհի համար, առանց որի կյանքը կանգ կառներ երկրի վրա: Ամենողորմ Աստված ամեն ինչ այնպես է կառուցել, որ մարդ չբավարարվի միայն մարդկային մխիթարությամբ, այլ փնտրի աստվածայինը: Հոգատար Հայրն Իր առատ ողորմությանն է արժանացնում նրանց, ովքեր խոնարհաբար տեսնում են իրենց սխալները և ապաշխարությամբ ու բարի գործերով քավում դրանք:

Ս. Հովհաննես Սանդուղքն ասել է, որ այլ է Աստծու նախախնամությունը, այլ՝ օգնությունը, այլ՝ պահպանությունը, այլ՝ ողորմածությունը և այլ՝ մխիթարությունը. «Աստվածային նախախնամությունը տարածվում է բոլոր արարածների վրա, օգնությունը տրվում է միայն հավատարիմներին, պահպանությունն ունենում են ճշմարիտ հավատավորները, իսկ Աստծու ողորմածությանն արժանանում են Նրան ծառայողները, մխիթարությանը՝ Նրան սիրողները»:

Աստվածային ողորմածությունն էր հայցում Աբրահամ նահապետը, երբ աղոթում էր Սոդոմ և Գոմոր քաղաքների բնակիչների համար, որ արվամոլության մեղքի մեջ էին և այնտեղ ապրում էր իր եղբոր որդին՝ Ղովտն, ընտանիքի հետ միասին. «Մի՞թե դու արդարին ամբարշտի հետ կոչնչացնես, և արդարը նույն բանին կենթարկվի, ինչ որ ամբարիշտը: Եթե քաղաքում հիսուն արդար լինի, կոչնչացնե՞ս նրանց, չե՞ս խնայի ամբողջ քաղաքը հանուն այնտեղ գտնվող հիսուն արդարների: Քա՛վ լիցի, չանես այդ բանը՝ արդարին սպանես ամբարշտի հետ, և արդարը ենթարկվի նույն բանին, ինչ որ ամբարիշտը: Ո՛չ, դու, որ դատում ես ամբողջ աշխարհը, այդպիսի դատաստան չես անի» (Ծննդ. 18:23-27):

Եվ լսում է պատասխանը. «Եթե Սոդոմում՝ այդ քաղաքում գտնվի հիսուն արդար, հանուն նրանց ես կխնայեմ ամբողջ քաղաքը» (Ծննդ. 18:26): Աբրահամը համարձակվեց խնդրել Տիրոջից խնայել քաղաքը, եթե այնտեղ լինի քառասունհինգ, քառասուն, երեսուն, քսան և վերջապես տասը արդար: Եվ ամեն անգամ Աստծուց լսում էր նույն պատասխանը՝ չեմ կործանի: Աբրահամի համար հստակ էր այն, որ Աստված չի ցանկանում մարդկանց կործանումը, այլ ամեն հնարավորություն տալիս է փրկվելու:

Եկեղեցու հայրերից Ս. Հովհան Ոսկեբերանն ասել է. «Տեսնո՞ւմ եք Աստծու համբերատարությունն ու հանդուրժողականությունը և նահապետի ջերմ սերը: Հասկանո՞ւմ եք այժմ այն մարդկանց ուժը, որ գործում են առաքինությամբ: Այս ամենը տեղի ունեցավ, որպեսզի որևէ մեկն առիթ չունենա մեղադրելու Աստծուն, թե ինչու այրեց այդ քաղաքները, գուցե բնակիչները զղջային, եթե իրենց հանդեպ համբերատար գտնվեին: Այդ պատճառով Աստված ցույց է տալիս չարիքի բազմացումն ու առաքինության նվազումը և երկրորդ մեծ ջրհեղեղի անհրաժեշտությունը, որ կողողեր ողջ աշխարհը: Բայց, Աստծու խոստման համաձայն, այդ պատիժը չէր կրկնվելու, և Տերը գործածեց պատժի այլ տեսակ, որ հաջորդ սերունդների համար մշտական դաս էր հանդիսանալու: Սոդոմացիները խեղաթյուրել էին բնության օրենքները, այդ պատճառով Աստված նրանց ենթարկեց անսովոր պատժի. նրանց անօրինության պատճառով Տերը բնության ընդերքը հարվածեց անպտղությամբ և բնությունն անկենդացավ, ինչն առ այսօր տեսանելի է Մեռյալ ծովում և ծովեզերքին, որտեղ գտնվել են Սոդոմ և Գոմոր քաղաքները:

Այս վայրը մշտական հուշարձան է հաջորդ սերունդների համար, որպեսզի նրանք չհամարձակվեն նման անօրինություն գործելու: Յուրաքանչյուր ոք կարող է այցելել և տեսնել այն վայրը, որ իր վրա կրում է աստվածային պատժի հետքերը։ Այսքան տարիներ անց մարդու առջև բացահայտ կերպով բացվում է Աստծու բարկությունը, կարծես պատիժը տեղի է ունեցել երեկ կամ այսօր առավոտյան: Գուցե մեկն ասի՝ մի՞թե չկան մարդիկ, որ սոդոմացիների նման խախտել են օրենքը և չեն պատժվել: Հնարավոր է, բայց ավելի մեծ պատիժ է սպասվում նման անօրեններին: Եթե մարդ չի սթափվում, նայելով սոդոմացիների պատժին, Աստծու համբերատարությունից չի օգտվում, ապա իր համար մի քանի անգամ առավել ուժեղ է բոցավառում հավիտենական անմարելի կրակը: Աստված երբեք երես չի թեքում մեզանից, մենք ենք հեռանում Իրենից»:

Ապա սուրբը նշում է, որ եթե Աստված ցանկանար մեզ պատժել, ապա նախապես չէր սպառնա «գեհենով», որպեսզի զգուշանայինք և խուսափեինք սպառնալիքից. «Քանի որ Աստված հոգ է տանում մեր փրկության համար, ապա միշտ կանխասում է, թե ինչ պատիժների է ենթարկելու, միայն այն պատճառով, որպեսզի չենթարկի: Հաճախ Տերը, չգտնելով անգամ մեկ արդարի, ողորմում է մարդկանց՝ հանուն առաքինի ննջեցյալների: Աստծու ողորմածությունն անասանելի է, անբացատրելի, անըմբռնելի, այն գերազանցում է միտքը, և որպեսզի մարդը մշտապես այդ ողորմածության մեջ գտնվի և անպիտան չդառնա, այդ պարգևի համար իր մասնակցությունը պետք է ունենա: Հասկացի՛ր, թե ինչ եմ ուզում ասել՝ Աստված ողորմում է, բայց պայմանով, որ դու էլ տաս: Աստվածորդու մարմնացումը Աստծու մեծագույն ողորմածությունն է մարդկանց: Փրկիչը ողորմած գտնվեց և Հոր առաջ Ինքը դարձավ մեզ համար Բարեխոս»:

Ս. Հովհան Ոսկեբերանն անդրադարձել է նաև աստվածային և մարդկային ողորմածությունների տարբերությանը՝ նշելով, որ դրանք հավասար չեն և միմյանցից տարբերվում են, ինչպես չարը բարուց: Աստված այն միակ պարտապանն է, որ Իրենից խնդրելիս ողորմում է մեզ և տալիս է այն, ինչ չենք տվել Նրան փոխարինաբար. «Նրանք, ովքեր վայելում են Աստծու ողորմածությունը, դա իրենց համար ծառայում է որպես փրկության հիմք, իսկ այն արհամարհողների համար՝ որպես մեծ պատժի առիթ:

Աստված Իր մեծագույն ողորմածությունն է ցուցաբերում, որպեսզի ազատվես մեղքերից և ոչ թե դրանց թվին նորը ավելացնես և եթե չշտապես ապաշխարելու, պատիժը կլինի սարսափելի: Եթե Աստված ամեն օր մեր մեղքերի համար մեզ պատժի ենթարկեր, ապա մարդկային սերունդը գոյություն չէր ունենա: Երբ Աստված տեսնում է, որ Իր մարդասիրությունն անօգուտ է, Նա փակում և կանգնեցնում է բարիքների և մարդասիրության աղբյուրները, դադարում է ողորմել: Մի՛ արհամարհիր Աստծու համբերատարությունը, որ տանում է քեզ ապաշխարության, ինչ էլ որ անես, արա Աստծու ներկայությունն ամենուր ունենալու մտքով»:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

surbzoravor.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ