27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարությունն անցավ «հակահարձակման»

Կառավարությունը մտադիր է վերանայել շրջանառության հարկի մասին օրենքի որոշ դրույթներ, որոնք առաջացրել էին ոլորտում գործող տնտեսավարողների դժգոհությունը։ Ըստ այդմ, նախատեսվում է բարձրացնել հարկի ինչպես նվազագույն շեմը, այնպես էլ փոխել հարկման ձեւը։

Մասնավորապես գործող 58,35 միլիոնի փոխարեն առաջարկվում է շրջհարկի նվազագույն շեմը դարձնել 113,4 մլն դրամը։ Դա նշանակում է, որ  էապես կընդլայնվի այս դաշտում գործողների շրջանակը։

Թե ինչի հիման վրա է ընտրվել այդ սահմանը, դժվար է ասել։ Մի բան սակայն ակնհայտ է, որ դրանով շրջանառության հարկի նվազագույն շեմը գրեթե կրկնակի ավելացվել է։

Սակայն դա միակ նորամուծություն չէ, որ կառավարությունը մտադիր է կատարել շրջանառության հարկի մասին օրենքում։ Ըստ էության, ամբողջությամբ փոխվում է նաեւ հարկման մեխանիզմը։ Վերանում է փաստաթղթավորման պարտադիր պահանջը։

Փոխարենը գործադիրը փորձում է այլ մեխանիզմներով շահագրգռել տնտեսավարողներին աշխատել այդ դաշտում։ Առաջարկվում է ներդնել, այսպես ասած, պրոգրեսիվ հարկման մեխանիզմ. Որքան շատ լինի փաստաթղթերով ձեռքբերումը, այնքան հարկային բեռը կնվազի։  

Կառավարությունը մտադիր է փոխել շրջանառության հարկի 1 տոկոս դրույքաչափը, որը նախատեսվում էր կիրառել փաստաթղթավորման պարտադիր պահանջի պայմաններում։ Այժմ դրա նպատակահարմարությունը վերացել է։ Ելնելով դրանից՝ առաջարկվում է շրջանառության հարկի դրույքաչափը 1-ից դարձնել 5 տոկոս։

Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ գործադիրը գնացել է հարկման բեռի ծանրացման։ Բայց իրականում այնքան էլ այդպես չէ։ Առաջարկվում է այնպիսի մոտեցում, որ տնեսավարողների համար ձեռնտու չլինի աշխատել առանց փաստաթղթավորման։ Ըստ այդմ, նրանք հնարավորություն են ստանում փաստաթղթավորված շրջանառություններին համապատասխան նվազեցումներ կատարել վճարվելիք հարկից։

Առաջարկվող մոտեցմամբ ստացվում է, որ շրջհարկի 5 տոկոս առավելագույն ծանրաբեռնվածությունը կգործի այն տնտեսավարողների համար, որոնք կգերադասեն ընդհանրապես չփաստաթղթավորել իրենց շրջանառությունները։ Այլ կերպ ասած, աշխատել այնպես, ինչպես 3,5 տոկոս դրույքաչափի պայմաններում։

Մինչդեռ, ովքեր պատրաստ են աշխատել նաեւ փաստաթղթերով՝ դրան համապատասխան հնարավորություն կունենան նվազեցնել իրենց վճարները։

Վ.ՔՈՉԱՐՅԱՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ