02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Բանկային համակարգի վտանգներ

Տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը չի կարծում, թե բանկերի խոշորացման ծրագիրը կարող է դրական արդյունք ապահովել ֆինանսական շուկայում: Ըստ նրա՝ բանկի մեծությունից չի կախված տվյալ բանկի, բանկային համակարգի առողջ լինելու կամ  տնտեսությունը  սպասարկելու ունակությունը:

«Դա կախված է տվյալ բանկի գործունեությունից: Կարող է լինել շատ մեծ բանկ իր կապիտալով, բայց լինել շատ վատ բանկ` իր վարկային պորտֆելով ու ֆինանսական ցուցանիշներով»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Տնտեսագետն այս ծրագրի մեջ նկատում է ոլորտը գերմոնոպոլացնելու միտում: «Ոչ ոք չի սահմանել, թե  Հայաստանի տնտեսության դեպքում քանի բանկ պետք է գործի: Կան փոքր երկրներ, որ շատ ավելի բանկեր ունեն, քան Հայաստանն ունի ու բանկային համակարգը շատ արդյունավետ է գործում:

Սա մի ուրիշ վտանգ էլ է պարունակում: Հասկանալով, որ Հայաստանի տնտեսվարողները չունեն մեծ ֆինանսական ընդունակություն՝ կարող ենք ասել, որ այդ խոշորացումը կբերի նրան, որ այդ բնագավառում օտարերկրյա կապիտալի ներկայացվածությունը շատ ավելի կմեծանա»:

Ըստ տնտեսագետի՝ ընդհանրապես ոչ մի խոշորացում դեռևս չի նշանակում հաջողություն և բացի այդ, բանկերի խոշորացումը դեռ չի նշանակում, որ տոկոսադրույքը կպակասի, վարկերը մատչելի կլինեն:

Ընդհակառակը դրանով զուտ աշխատատեղեր կկրճատվեն: «Կորուստներ կունենանք նաև մասնագիտական առումով, քանի որ այսօր բանկային համակարգում ընդգրկված են բավական բարձր  աշխատավարձ ստացող, գիտելիքով մարդիկ, և կարող են շատ ավելի նպաստել տնտեսության բնագավառների զարգացմանն ու աճին, իսկ մենք հիմա հակառակն ենք անում»:

Հիշեցնենք, 2014թ. վերջին Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանում գործող առեւտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն շեմը բարձրացնել` ներկայիս 5 միլիարդ դրամ նվազագույն շեմը դարձնել 30 միլիարդ։

Ընդ որում, նոր ստեղծվող բանկերն արդեն այս տարի պետք է նվազագույնը 30 միլիարդ դրամ սեփական կապիտալ ունենան, որպեսզի թույլատրվի գործունեություն ծավալել, իսկ արդեն գործողներն էլ, ըստ ԿԲ-ի որոշման, մինչեւ 2017 թվականն իրենց կապիտալը պետք է հասցնեն 30 միլիարդ դրամի: Կապիտալի չափը ևս մեր զրուցակիցը անհիմն է համարում:

«Ինչ հաշվարկով է արվում կապիտալի չափը, անհասկանալի է: Սրանք երթական խոսքեր են ԿԲ-ի կողմից ասված, որոնք ոչ մի անգամ իրականություն չեն դարձել»,-եզրափակեց Վահագն Խաչատրյանը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ