Մեր “այո”-ն “այո”-է, “ոչ”-ը` “ոչ”` անկախ երկրորդ կամ առաջին նախագահների կարծիքից. Շարմազանով
ԱԺ փոխնախագահ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի` դիմակազերծման մասին հայտնի հայտարարությունն ուղղված է եղել ոչ թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այլ ‘’պլատոնական սիրախաղի” մասնակիցներին:
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույուցում ասաց Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, քանի որ այդ հայտարարության հետ կապված մամուլում տարբեր մեկնաբանություններ եղան, կայքերից մեկի խնդրանքով ինքը պարզաբանեց, թե ում նկատի ուներ:
“Ես ուղիղ ասել եմ, թե ում ի նկատի ունեմ եւ խնդրել եմ, որ որեւէ շահարկում չանեն եւ սլաքներն այլ ուղղությամբ չտանեն: Ես նկատի եմ ունեցել “պլատոնական սիրախաղի” մասնակցիներին, քաղաքական կուսակցությունների անդամներին: Կարծեմ երկրորդ նախագահը քաղաքական կուսակցության անդամ չէ”,-նշեց Շարմազանովը եւ հավելեց.”Իսկ անուններ, ականջներ եւ այլն դուք կարող եք ինքներդ տեսնել: Պարզապես, մարդիկ կան, որոնք նայում եւ չեն տեսնում, մարդիկ կան, որոնք ոչ նայում են, ոչ տեսնում են”:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է հարցազրույց տվել, որտեղ անդրադարձել է 100 տոկոսանոց համամասնական կարգին եւ խորհրդարանական կառավարման ձեւին անցնելու ԲՀԿ-ի նախաձեռնությանը եւ նշել, որ այդ հարցի նախաձեռնման հետ առնչություն չունի: Հավելենք նաեւ, որ Շարմազանովի հայտարարությունը մամուլն ուղղել էր հենց Ռոբերտ Քոչարյանին:
Էդուարդ Շարմազանովը լրագրողների խնդրանքով անդրադարձել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում հնչած որոշ դիտարկումներին: Մասնավորապես, Քոչարյանի այն դիտարկմանը, թե ինքը չավարտեց մեծամասնական պատգամավորների թվի կրճատման գործընթացը, որովհետեւ “իշխանությունն ուզում էր “ֆորա” ունենալ միամանդատ ընտրատարածքներով” եւ լրագրողների հարցին, թե արդյոք Քոչարյանը ՀՀԿ-ին նկատի ուներ, Շարմազանովն արձագանքել է.
”Հանրապետականը միշտ ֆորա տվել է, ոչ թե ֆորա վերցրել: “Հանրապետականը” միշտ ֆորա տալու կարգավիճակում է եղել: Պարոն երկրորդ նախագահն ունի իր կարծիքը, մենք` մերը: Ես հարգանքով եմ վերաբերվում բոլոր քաղաքական գնահատականներին, բայց “Հանրապետականը” երբեք ֆորայի կարիք չի ունեցել”:
ԱԺ փոխնախագահը միեւնույն ժամանակ շեշտել է.”Անկախ երկրորդ նախագահի, անկախ առաջին նախագահի կամ այլ երկրների նախագահների ու հարգարժան փորձագետների կարծիքից, մեր կարծիքը չի փոխվում: Մեր “այո”-ն “այո”-է, “ոչ”-ը` “ոչ”:
Մեծամասնական ընտրակարգի վերաբերյալ, Շարմազանովի խոսքով, ՀՀԿ-ն ԸՕ քննարկումների ժամանակ իր կարծիքը հստակ արտահայտել է, երբ ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ համատեղ ՀՀԿ-ն ԸՕ համահեղինակ էր, ինչ վերաբերվում է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու գաղափարին, նրա խոսքով, ՀՀԿ-ն իր կարծիքն արտահայտել է խորհրդարանական լսումների ժամանակ եւ այդ կարծիքը չի փոխվել:
“Մենք այն քաղաքական ուժը չենք, որ վեց ամիս առաջ իրականացնեք բարեփոխումներ, վեց ամիս անց ասենք` մենք այլ կարծիքի ենք: Մենք ասում ենք, որ կարեւորը ձեւը չէ, կարեւորը բովանդակությունն է եւ “Հանրապետականը”, ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի, երբեք ձեւական, կոսմետիկ փոփոխությունների հետեւից չի գնացել եւ մշտապես առաջնությունը տվել է բովանդակությանն ու էությանը ”,-շեշտել է Էդուարդ Շարմազանովը եւ ընդգծել.
“Կարելի է լինել պառլամենտական պետություն եւ Հունգարիայի նման կեղտոտ գործարքի գնալ եւ կարելի է լինել նախագահական պետություն եւ լինել ԱՄՆ-ի նման ժողովրդավարական երկիր”:
Շարմազանովի դիտարկմամբ, մեծամասնական համակարգից դժգոհում են նրանք, ովքեր հնարավորություն չունեն ընտրվելու: Ինչ վերաբերվում է ԲՀԿ-ի նախաձեռնությանը, ԱԺ փոխնախագահի դիտարկմամբ, դա ընդամենը “քաղաքական բլեֆ է”: