՛՛Եվրատեսիլի՛՛ Հայաստանի մասնակիցը Ինգա Արշակյա՞նն է
Henaran.am-ի տեղեկություններով՝ ՛՛Եվրատեսիլ-2015՛՛-ին Հայաստանը ներկայացնող խմբի մեջ Հայաստանից ընտրված մասնակիցը կլինի Ինգա Արշակյանը: ՛՛Եվրատեսիլի՛՛ հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը մեզ հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց այս լուրը.
՛՛Մենք ունենք կոնկրետ ժամանակացույց և այդ ժամանակցույցին համապատասխան ենք հաստատելու մեր բոլոր մասնակիցների անուններն՝ ի տարբերություն այն բոլոր բամբասանքների, որ այսօր համացանցում կան: Նա, ով կլինի Հայաստանից, լինելու է փորձառու, լինելու է շատ տաղանդավոր ու անսպասելի բոլորի համար՛՛,-նշեց Գոհար Գասպարյանը:
Նկատենք, որ շրջանառվում էր նաև Նունե Եսայանի անունը, սակայն վերջինս, մեր տեղեկություններով, հրաժարվել է մասնակցությունից:
Նշենք, որ այս տարի ՛՛Եվրատեսիլին՛՛ Հայաստանը կներկայանա նոր խմբով ու նոր ձեւաչափով՝ ՛՛Genealogy՛՛: Հատուկ մրցույթի համար ձեւավորվելիք խումբը կկրի ‘’Genealogy’’ անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն: Երգի վերնագիրն է՝ ՛՛Don’t deny՛՛ (՛՛Մի՛ ժխտիր՛՛):
Կարևորելով խաղաղության, միասնության և հանդուրժողականության գաղափարը՝ Հանրային հեռուստաընկերության ստեղագործական խումբը որոշել է այս տարի համախմբել 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա ևս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները: