28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Թուրքերը կացիններով կտրել են հայերի գլուխներն ու նետել Եփրատ գետը

Հակոբ Հովհաննեսի Մութաֆյանի վկայությունը

1980 թ., Դեյր Էլ Զոր

Հակոբ Մութաֆյանը պատմում է իր պապի` Հակոբի պատմությունը, որն Ուրֆայի Կամուրջգյուղից է եղել: Պատմում է, որ Հայոց ցեղասպանության օրերին նա ծնողների հետտեղահանվել է և քաղցած,  ծարավ, արևահար և ուժասպառ ոտքով հասել մինչև Դեր Զոր,որտեղ թուրքերը սկսել են կացիններով կտրել հայերի գլուխներն ու նետել Եփրատ գետը, գրում է armeniangenocide100.org-ը:

 Իմ պապայիս պապան` Հակոբը: Հայոց ցեղասպանության օրերուն իր ծնողներուն հետ տեղահանված է Ուրֆայի Կարմունջ գյուղեն: Անոնք անոթի-ծարավ, արևահար և ուժասպառ, ոտքով հասած են մինչև Դեր Զոր: Հոն թուրքերը սկսած են հայերուն կացիններով գլուխները կտրել և Եփրատ գետը նետել: Կպատմեն, որ Եփրատ գետին ջուրը կարմրած էր հայերուն արյունով: Ջարդեն հրաշքով ողջ մնացած է իմ մեծ պապաս` Հակոբը: Արաբ անապատական մը անոր առած, տարած է, որ իր ոչխարները արածացնի:

 Տարիներ ետքը Հակոբը ամուսնացած է իրեն պես որբ հայ աղջիկի մը հետ, և ունեցած են երեք տղա և երկու աղջիկ: Ի պատիվ իրենց պապային, Հակոբի երեք տղաներն իրենց երեք անդրանիկ տղաներուն անունները Հակոբ դրած են: Այնպես  որ իմ անունս ալ իմ մեծ պապայի անունով` Հակոբ է: 

Մեր Մութաֆյաններուն գերդաստանը հիմա ալ Դեր Զոր կապրի և հայտնի է իր բարեկեցիկ դիրքով: Եթե հաշվես` մեծ-պզտիկ 25 հոգի կըլլանք:

Դեր Զորի մեջ 10-15 հայ կամ` կիսահայ ընտանիքներ կան: Հայերը լավ հարաբերություններու մեջ են տեղի արաբներուն հետ: Անոնք շատ բարի և հյուրընկալ մարդիկ են: Արաբ անապատական աշիրաթապետներ հաճախ մեզի հյուր կուգան: Անոնք միշտ կհիշեն և կպատմեն հայ աքսորականներուն մասին իրենց մեծերեն լսածները, թե ինչպես թուրք ոստիկանները հայ տառապյալներուն խումբերով բերած են մինչև Դեր Զոր և ոչնչացուցած, անոնց մարմիններն ալ Եփրատ գետը նետած են: 

Անոր համար հիմիկվա Դեր Զոր քաղաքին ճիշտ կենտրոնը հայերը 1991-ին հիմնեցին Ս. Նահատակաց եկեղեցի-հուշահամալիրը` նվիրված մեկ ու կես միլիոն անմեղ հայ նահատակներու հիշատակին:

 Մեր Դեր Զորեն մոտ երկու ժամ օթոյով հեռու Մարկադե բլուրը կա: Ըստ արաբ անապատական ցեղապետերու վկայության, այդ անունը հենց արաբները դրած են` հայերուն ջարդվելը տեսնալով: «Մարկադա» արաբերեն «ռաքքադդա» բառեն է և կնշանակե անհաշիվ դիզված դիակներ: Կըսեն, թե այդ բլուրը հայերուն դիակներեն գոյացած է: Մինչև հիմա, եթե այդ բլուրին հողը քիչ մը ձեռքով փորես, մեջեն մեր նահատակներուն ոսկորները դուրս կուգան: Ադ տեղը 1996-ին Ս. Հարություն մատուռը կառուցված է մեր նահատակներուն աճյուններուն վրա, որոնք ցուցադրված են մատուռին ամեն անկյունները` ապակիներուն տակ:

 Ավելի հեռուն Շեդդադիե ըսված խոշոր քարայրը կա: Անոր անունն ալ նորեն արաբ անապատականներու վկայությամբ արաբերեն «շեդդա» բառեն է, որը կնշանակե` ահռելի մեծ ողբերգական իրադարձության վայր: Մեծահասակ արաբ անապատականները կպատմեն, որ թուրք ոստիկանները հայ աքսորականներուն բերած, լեցուցած են ադ խոշոր քարայրին մեջը, մուտքը գոցած են և կրակի են տված: Հոն միայն հայերուն մոխրացած ոսկորները մնացած են…

 Ով որ կուգա Դեր Զոր, առանց ադ տեղերը տեսնալու ետ չերթար: Բայց հիմա աս վերջին տարիներուն Շեդդադիեի մոտերը պետրոլ հայտնաբերված է, անոր համար Սուրիո կառավարությունը արգելած է ադտեղ երթալը: Բայց ադ երկու տեղավայրերուն` Մարկադե և Շեդդադիե անունները հայերուն ջարդերը իրենց աչքերով տեսած անապատական արաբները դրած են:

 Ադ ժամանակ շատ հայ աղջիկներ և տղաներ տարբեր ձևերով կրցած են ազատվիլ թուրքերուն ձեռքեն և մերկ ու սոված ապաստան գտած արաբ անապատական բեդվիններուն քովը: Անոնք հայ աղջիկներուն շատերուն երեսները, ըստ իրենց սովորության, կապույտ մելանով դաջած են, բոլորին մուսուլմանացուցած են և տարիներով պահած են իրենց քով: Ադ հայերը մեծցած, իրենց մայրենի լեզուն կորսնցուցած, արաբացած են, բայց կան նաև` որոնք դեռ կհիշեն, որ իրենց նախնիները հայ եղած են:

Խոսքս հաստատեմ օրինակով մը: Ասկե մեկ-երկու տարի առաջ երկու արաբ երիտասարդներ` 20-22 տարեկան, եկան մեր դուռը զարկին: Ես դուռը բացի, տեսա երկու արաբ գյուղացի տղաներ էին: Իրենց վրա-գլուխեն հայտնի էր, որ Դեր Զորի գյուղերեն էին:

 

Անոնց ներս հրամցուցի: Եկան նստան, հուզված սկսան խոսիլ: Պարզվեց, որ մեկուն մեծ պապան հայ է եղած և` հայերուն ջարդեն հազիվ ազատված, անունը` Կարապետ: Մյուսին ալ մեծ մաման հայ է եղած` Մարիամ անունով: Չնայած ադ տղոց անունները արաբական էին, բայց իրենք ըսին, որ մինչև հիմա իրենց մականունը, այսինքն` հավելյալ անունը, մեկին «Կարապետ», մյուսին` «Մարիամ» կըսեն եղեր իրենց ապրած գյուղերուն մեջը:

 Ադ երկու տղաքը սկսան հարց ու փորձ ընել, թե իրենց լսածները ճի՞շտ են արդյոք, որ հայերը երկիր ունին Հայաստան անունով, որ թուրք-ազերիներուն ձեռքեն Ղարաբաղը ազատված է, նաև` Ղարաբաղի հաղթանակեն ետքը հոն երթալ, ապրելու իրավունք կա արդեն, և թե հոն գացողներուն Ղարաբաղի կառավարությունը հող, արտ կուտա, որ մշակեն, դրամ կուտա, որ տուն շինեն իրենց համար: Ուրեմն իրենք որուն պետք է դիմեն, որ իրենք ալ Ղարաբաղ երթան և հոն հաստատվին:

 Ես անոնց ճանապարհ ցույց տվի իմ խորհուրդներով, ըսի` մենք երեք եղբայրներով արդեն կսորվինք Հայաստանի մայրաքաղաք Երևանի տարբեր համալսարաններու մեջ: Եվ ըսի, որ իրենք պետք է դիմեն Հալեպի հայկական հյուպատոսին և ան կրնա կարգադրել իրենց գործը…

 Այնպես, որ սուրիական անապատներուն մեջ բազմահազար ձուլված, օտարացած, բայց իրենց ազգային ինքնությունը տակավին պահած բռնի հավատափոխված հայեր կան, որոնք բացահայտ չեն, բայց Հայաստանի և Ղարաբաղի մեջ անոնց վերաբնակեցումը կազմակերպելը, կկարծեմ, մեր հայրենական կառավարության սրբազան պարտականությունն է:

 Վերժինե Սվազլյան, Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ,Երկրորդ համալրված հրատ., Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, վկայություն 384, էջ564-565:

Աղբյուր` armeniangenocide100.org

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ