24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանին Ջերմուկով կամ Մեղրիով միջանցք տալով՝ Հայաստանը կբաժանվի երկու մասի. Ռուբեն Գալիչյան. քարտեզագիր /Տեսանյութ/

Ադրբեջանի կողմից Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումն ու դրան Հայաստանի և Արցախի արձագանքն ապացույցն է, որ մենք մշտապես ուշացած ենք արձագանքում փաստերին՝ նախապես գործողություններ չնախաձեռնելով դրանք կանխելու ուղղությամբ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով դեկտեմբերի 12-ից Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակման միջոցով Արցախը շրջափակման մեջ պահելու ադբրբեջանական քաղաքականությանը, նման տեսակետ հայտնեց քարտեզագիր, Գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր Ռուբեն Գալիչյանը՝ ընդգծելով.

«Օրինակ՝ Շուշիից Կրկժան ձգվող հատվածում հայկական կողմը պետք է կառուցեր մոտ 15 կիլոմետրանոց նոր այլընտրանքային ճանապարհ, որպեսզի ադրբեջանցիների մոտով մենք չանցնենք. պետք էր, բայց չի արել։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ 3 տարի անց պետք է ներկայացներ Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհի նախագիծը, բայց նախագիծը չենք պատրաստել. ի դեպ, ոչինչ չենք արել՝ տեսնելով, որ Ադրբեջանը շատ արագ կառուցում է ճանապարհի իր հատվածը։ Ադրբեջանն իր պարտավորությունը կատարեց 1.5 տարում և Հայաստանին պարտադրեց Լաչինը հանձնել, ինչը Հայաստանը չպետք է աներ՝ չտրվելով Ադրբեջանի պարտադրանքին։ Հայկական կողմը հանձնել է Լաչինը, և հիմա չկա այլընտրանքային ճանապարհ դեպի Արցախ, ուստի Ադրբեջանը երբ ցանկանա, կարող է գործող ճանապարհը փակել։ Ճանապարհից բացի, մենք ունենք գազատարի խնդիր, որն այս 3 տարվա ընթացքում պետք է անցներ այլընտրանքային ճանապարհով։ Մենք դա էլ չենք արել. արդյունքում՝ Ադրբեջանի գործողություններին ուշացած արձագանքներ են տալիս»,- ասաց Գալիչյանը։

Դիտարկմանը՝ ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի իշխանությունների ուշացումը նման ռազմավարական հարցերի լուծման դեպքում, երբ Հայաստանի ներսում նույն ճանապարհը մի քանի անգամ ասֆալտապատում են ու հայտարարում, թե բյուջեում աննախադեպ մեծ քանակի գումար ունեն և փողի խնդիր չկա, Գալիչյանն արձագանքեց.

«Առաջին հերթին Արցախի իշխանությունը պետք է ներկայացներ այդ այլընտրանքային ճանապարհի նախագիծը, որովհետև իրենց տարածքում է. այո՛, այնտեղ ապրողը պետք է որոշի, թե ո՞ր ճանապարհով է ուզում անցնել, իհարկե՛, Հայաստանն էլ ճանապարհի բյուջեից անմասն չպետք է մնա։ Միևնույն ժամանակ, պետք է նշեմ, որ մինչև 2020 թվականն էր, որ Արցախը Հայաստանին միացած էր Աղավնո գետով՝ կից էին իրար. պատերազմից հետո Արցախը հեռացավ Հայաստանից և ինչ այլընտրանքային ճանապարհ էլ կառուցեն, դա, որոշ տեղով, անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով»։

Խոսելով Լաչինի միջանցքը բացելու դիմաց Սյունիքով միջանցք ստանալու ադրբեջանա-թուրքական տանդեմի ցանկությունների և նպատակների մասին, քարտեզագիրն ընդգծեց.

««Զանգեզուրի միջանցք»» կոչվածը չլինող բան է. դա պետք է Ադրբեջանին Թուրքիայի հետ պանթուրանական ծրագիրն իրականացնելու և ոչ երբեք՝ Նախիջևանի հետ կապ հաստատելու համար. հիշեցնենք, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապն ապահովում է Իրանի տարածքով։ Ամենահարմարը մեզ համար այն է, որ Ադրբեջանին գոնե ճանապարհ տրվի Մեղրիով. շեշտում եմ՝ ճանապարհ՝ Հայաստանի վերահսկողության տակ, և ոչ երբեք՝ միջանցք։ Երբևէ որևէ տեղ միջանցք չի կարող լինել, այդ դեպքում մենք կկտրվենք աշխարհից. եթե Մեղրիով կամ Ջերմուկով միջանցք տանք Ադրբեջանին, Հայաստանը կբաժանվի երկու՝ իրար հետ կապ չունեցող մասերի. Ադրբեջանը թույլ չի տա, որ այդ երկու կողմերը միանան իրար, այնպես որ, միջանցքը չլինող բան է»,- ասաց Գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտորը՝ հավելելով՝ անհնար է առանց Հայաստանի Սահմանադրությամբ սահմանված հանրաքվեի՝ խոսել Հայաստանից որևէ կտոր տարածք Ադրբեջանին հանձնելու մասին։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի քաշած անկլավների պահանջին՝ Ռուբեն Գալիչյանը նշեց՝ Ադրբեջանի Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ ներկայիս Ադրբեջանը չի ճանաչել Խորհրդային Միությունը և իրեն հռչակել է 1918 թվականի Ադրբեջանի իրավահաջորդ, իսկ այդ ժամանակ անկլավ չի եղել. ավելին՝ անկլավներն առաջին անգամ երևում են 1936 թվականի քարտեզներով, ուստի պետք է Ադրբեջանը ներկայացնի փաստաթուղթ, որ անկալվներն իրենն են, բայց նման փաստաթուղթ գոյություն չունի, ուստի այսքանով պետք է այս թեման փակել։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ