“Կիսադատարկ փոքրիկ դահլիճում Ալիևը կրկին սպառնալիքներ էր հղում Հայաստանին ու ողջ աշխարհին”

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին:
“Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի աշխատանքներին եմ հետևում, բավական հետաքրքիր քննարկումներ են տեղի ունենում։ Բնականաբար` հիմնական թեման Ուկրաինան է, բայց մեկումեջ մեր տարածաշրջանի խնդիրներին էլ են անդրադառնում։
Բայց այն ինչ տեղի է ունեցել “Ուկրաինայից բացի. Չլուծված հակամարտություններ Եվրոպայում” խորագրով քննարկման ընթացքում այլ կերպ քան “օբիժեննիկների հավաք” հնարավոր չէ բնութագրել։ Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարները, Մոլդովայի, Սերբիայի ու Խորվատիայի բարձրաստիճան պաշտոնյաների նվագակցությամբ մի լավ ողբ էին կապել։ Կիսադատարկ փոքրիկ դահլիճում Ալիևը կրկին սպառնալիքներ էր հղում Հայաստանին ու ողջ աշխարհին` արժանանալով դահլիճում նստած Մեհրիբանի հպարտ ժպիտներին ու ոգևորող ծափահարություններին։
Իհարկե, նման խորհրդաժողովները կարևոր հարթակ են պետական դիրքորոշումը միջազգային հանրությանը հասցնելու համար, բայց ոչ այնպես, ինչպես դա երեկ արեց Ալիևը։ Հիշատակված քննարկմանը մասնակից հյուրերի և լրատվամիջոցների կազմը ցույց է տալիս, որ Ադրբեջանի, Վրաստանի ու Մոլդովայի քաղաքական բողոքները վաղուց հետաքրքիր չեն արևմտյան հանրությանը։ Երևում է` զզվել են արդեն դրանց հոգնեցուցիչ լացուկոծից”։
Ավելի ուշ քաղաքագետը եւս մեկ գրառում է արել:
“Հայ-ադրբեջանական հարաբերություններում քիչ թե շատ շոշափելի արդյունքներ ձեռքբերելու տեսակետից Մյունխենը, կարելի է ասել, լիովին անարդյունք էր։ Չնայած երկու երկրների արտգործնախարարների հանդիպում ի սկզբանե էլ նախատեսված չէր` այնուամենայնիվ նրանց, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագաների ներկայությունը անվտանգության խորհրդաժողովին որոշակի սպասելիքներ էին առաջացրել։ Բայց չստացվեց։ Ավելին` միջնորդներն անգամ չհանդիպեցին ադրբեջանական կողմի հետ։
Երևում է` Էդվարդ Նալբանդյանի, իսկ մեկ շաբաթ առաջ էլ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումներից հետո համանախագահները դեռևս պատրաստ չեն շարունակել քաղաքական քննարկումները հակամարտող կողմերի հետ։ Իսկ սա նշանակում է, որ անվտանգության ապահովման հարցում դիվանագիտական ուղիները շարունակում են չգործել։ Հույսը նորից բանակի վրա է”։