26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Համաձայն չեմ, որ ՀԱՊԿ-ը փորձում է խուսափել Հայաստանի խնդիրներից, ընդհակառակը. Զաս

2022 թվականին ՀԱՊԿ գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսում Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը պատասխանեց Հայաստանի իշխանության ներկայացուցիչների կողմից հնչեցված այն հարցադրմանը, թե միգուցե «ՀԱՊԿ-ը լքել է տարածաշրջանը»։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր հոկտեմբերի 14-ին, ՀԱՊԿ-ից ակնկալվող քայլերի մասին խոսելիս, հայտարարել․ «Մենք ՀԱՊԿ-ից սպասում ենք ավելի կտրուկ գործողություններ: Մենք մտավախություն ունենք, որ ՀԱՊԿ-ը կարող է լքել տարածաշրջանը: Արդյոք իմ մտավախությունը ճի՞շտ է, թե՞ ոչ: Սա է հարցադրումը: Երբ այստեղ ասում են՝ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից և այլն, հասկանանք, իսկ կարո՞ղ է՝ ՀԱՊԿ-ն է դուրս եկել տարածաշրջանից, մեզ չեն ասում, որ տրամադրություններս չգցենք»։

«Անդրադառնամ հարցին, թե մտադի՞ր է արդյոք ՀԱՊԿ-ը դուրս գալ կամ երես թեքել Հայաստանից։ Իհարկե, ոչ»,- արձագանքելով այս հարցադրմանը՝ այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ստանիսլավ Զասը։

«Այն միջոցառումները, որոնք մենք անցկացրել ենք այս տարի՝ երկրների ղեկավարները երեք անգամ հանդիպել են, քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը, ՀԱՊԿ առաքելություն է ուղարկվել այդ սահմանի լարվածության գոտիներ, պատրաստվել է Հայաստանին օգնություն տրամադրելու համատեղ միջոցառումների մասին որոշման նախագիծ, այսինքն, ՀԱՊԿ կողմից բոլոր անհրաժեշտ քայլերն այս իրավիճակում արվել են»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Ստանիսլավ Զասն արձագանքել է նաև գնահատականներին, թե ինչու ՀԱՊԿ-ը գործողություններ չի արել՝ Հայաստանից օկուպացված տարածքները վերադարձնելու ուղղությամբ։

«Ինքս գլխավորել եմ Հայաստանում ՀԱՊԿ առաքելությունը, և որոշ նույնիսկ բարձրաստիճան պետական պաշտոնյաների կողմից հնչել են այդպիսի գնահատականներ՝ իսկ ինչու՞ մեզ չեք օգնել դեօկուպացնել տարածքները և այլն, բայց պետք է հասկանալ նման քայլերի հնարավոր հետևանքները՝ ընդհուպ հանգեցնող տարածաշրջանային պատերազմի՝ մի քանի պետությունների մասնակցությամբ։ Այդ պատճառով կարծում եմ, որ այն լուծումները, որոնք առաջարկվել են երկրների ղեկավարներին, այդ թվում՝ ՀԱՊԿ առաքելության գործունեության արդյունքներով, համարժեք էին և ծանրակշիռ։

Այդ պատճառով էլ համաձայն չեմ այն կարծիքին, որ ՀԱՊԿ-ը փորձում շրջանցել Հայաստանի խնդիրները։ Ընդհակառակը։ Անհրաժեշտություն կար քննարկել իրավիճակը, երկրների ղեկավարներն անմիջապես հավաքվել են և քննարկել են այն, հետո ևս երկու անգամ հանդիպել են ու քննարկել։ Առաջարկվել է նաև օգնության փաթեթ»,- խոսքն ամփոփել է Ստանիսլավ Զասը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ