Արցախցիներն այս անգամ էլ են դիմակայելու արհավիրքներին, ուղղակի թե ինչ գին ենք վճարելու, դա է մի քիչ հարցական. Սերժ Սարգսյան
Ակնհայտ է՝ ադրբեջանցիներին չեն հետաքրքրում ո՛չ հանքավայրերը, ո՛չ էլ դրանց ճիշտ կամ սխալ օգտագործումը, ադրբեջանցիներն ուղղակի ցանկություն ունեն հպատակեցնելու Արցախն ու արցախցիներին, Հանրապետության հրապարակում հրավիրված հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Բայց ես վստահ եմ, որ դա նրանց չի հաջողվելու։ Պատմության ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ արցախցիները ցուցաբերել են բացառիկ կամք դժվարությունների ու նաև արհավիրքներին դիմակայելու։ Այս անգամ էլ են դիմակայելու, ուղղակի թե ինչ գին ենք վճարելու, դա է մի քիչ հարցական։ Ամեն ինչ կախված է Արցախի ղեկավարությունից, թե ինչպես կկարողանան կազմակերպել այդ մարդկանց դժվարությունների հաղթահարման ուղին։ Դա շատ կարևոր հանգամանք է։ Ակնհայտ է, որ որևէ հույս Հայաստանի կառավարիչների նկատմամբ չի կարող լինել։ Մենք երևի վերջին անգամ 30 տարի առաջ ենք ունեցել այդպիսի կամք, վստահ եմ՝ այդ կամքը որևէ տեղ չի կորսվել», – ասաց Սերժ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե ՀՀ իշխանությունները շարունակ հիշեցնում են, որ ռուս խաղաղապահները պարտավորություններ ունեն, Սարգսյանն արձագանքեց.
«Որևէ մեկը չի կարող մեր փոխարեն կռվել, որևէ մեկը մեր փոխարեն չի կարող բարդ խնդիրներ լուծել։ Այո՛, մենք ունենք դաշնակիցներ, բարեկամներ, բայց նրանք բոլորը կարող են իրենց պայմանագրային պարտականությունները կատարել, եթե մենք անենք դա։ Եթե մենք չանենք, ուրիշն ինչու պետք է գա մեր փոխարեն մեր հարցերը լուծի։ Որքան էլ նրանք լինեն մեր դաշնակիցները, իրենք չեն կարող ամեն ինչ անել մեր փոխարեն»։
ՀՀ երրորդ նախագահն ասաց, որ Հայաստանի կառավարիչները չեն կարող լուծել Արցախի ճակատագիրը։
«Նրանք չեն կարող վճռել, թե ինչ է լինելու։ Ակնհայտ է, որ նրանք ուղղակի ձեռքերը լվացել են Արցախից։ Նրանք հրաժարվել են պաշտպանել այդ մարդկանց բնական իրավունքը։ Խնդիրը լուծվելու է այնպես, ինչպես լուծվեց 30 տարի առաջ։ Մենք հասնելու ենք դրան»։