01 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ազգային ժողովի հյուրն էր Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 13-ին ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ԱԺ փոխնախագահները, ԱԺ մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների ղեկավարները:

Ողջունելով հյուրերին` Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի եւ Ուրուգվայի միջեւ առկա են ջերմ եւ բարեկամական հարաբերություններ, որոնք անհրաժեշտ է ավելի ու ավելի զարգացնել` հիմք ընդունելով մեր ժողովուրդների միջեւ ավանդական բարեկամությունը: Նա կարեւորեց երկու երկրների միջեւ ձեւավորված իրավապայմանագրային դաշտը` միեւնույն ժամանակ անհրաժեշտ համարելով դրա արդիականացումը եւ ընդլայնումը, որպեսզի պարարտ հող ստեղծվի տարբեր ոլորտներում սերտ փոխգործակցության համար:

Երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց նման բարձրաստիճան այցելությունները, ինչպես նաեւ՝ պատգամավորական բարեկամության խմբերի աշխատանքը: ԱԺ նախագահը որպես երկկողմ բարեկամության վառ օրինակ նշեց 1965թ. Ուրուգվայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը, ինչը վկայում է մարդու իրավունքների պաշտպանության գործում Ուրուգվայի ունեցած անգնահատելի ավանդի մասին: Նա բարձր գնահատեց 2011թ. սեպտեմբերին Մոնտեվիդեոյում կայացած Ուրուգվայի Հայ Ազգային խորհրդի եւ Ուրուգվայ-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի կողմից կազմակերպված համաժողովի ժամանակ Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրո Լեմեսի` Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հնչեցրած տեսակետը, ըստ որի. «Լեռնային Ղարաբաղը եղել եւ ներկայումս էլ անմիջականորեն կապված է Հայաստանին, նրա հայ բնակչությանը, եւ որ Ղարաբաղի անկախությունը կամ ապագայում Հայաստանին միանալը լավագույն ճանապարհն է Լեռնային Ղարաբաղի համար»: Ըստ Հովիկ Աբրահամյանի՝ այս տեսակետը լիովին արտացոլում է ղարաբաղյան հարցի վերաբերյալ հայկական դիրքորոշումը:

ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան մեծապես կնպաստի երկկողմ միջպետական եւ միջխորհրդարանական հարաբերությունների էլ ավելի սերտացմանն ու փոխշահավետ համագործակցությանը:

Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոն շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար` բարձր գնահատեց երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունները եւ կարեւորեց երկկողմ կապերի զարգացումը եւ ամրապնդումը տարբեր ոլորտներում: Նա նույնպես անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը եւ սերտացումը: Պարոն Օռիկոն բարձր գնահատեց ուրուգվահայերի դերը Ուրուգվայի զարգացման գործում: « Ուրուգվայի մշակույթի ձեւավորման գործում մեծ է հայերի ներդրումը: Այժմ էլ նրանք ներգրավված են մեր երկրի կյանքի բոլոր ոլորտներում, սկսած կառավարությունից մինչեւ կրթության, գիտության ու սպորտի ոլորտները: Հայաստան գալով՝ մենք մեզ տանն ենք զգում»,-ասաց Խորխե Օռիկոն: Նրա խոսքով՝ երկու ժողովուրդներին միավորում է անցյալը, առանց որի հնարավոր չէ հասկանալ ներկան, եւ հարուստ համատեղ ժառանգությունը օգնելու է միասին շարժվելու դեպի ապագա: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում երկկողմ շփումները կլինեն ավելի հաճախակի՝ ի նպաստ արդյունավետ համագործակցության:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամայանը ներկայացրեց սաֆարովյան գործը, այն գնահատելով որպես աննախադեպ երեւույթ, քաղաքական նպատակներով իրականացված անբարոյական քայլ, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ թե Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացին, թե տարածաշրջանում լարվածության թուլացմանը եւ կայունության հաստատմանը: Նա ներկայացրեց Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկած քայլերը եւ միջազգային հանրության դատապարտող արձագանքները:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին՝ Ազգային ժողովի նախագահը նշեց, որ հայկական կողմը դրա լուծումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: «Մեզ համար շատ կարեւոր է հրադադարի պահպանումն ու համարտության լուծումը խաղաղ բանակցությունների ճանապարհով»,-նշեց Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահն անդրադարձավ նաեւ հայ-թուրքական հարաբերություններին:

Սաֆարովի դեպքի առնչությամբ Խորխե Օռիկոն նշեց, որ Ուրուգվայը դատապարտում է այդ արարքը, որտեղ էլ այն տեղի ունեցած լինի: «Մենք միշտ պայքարել ենք մարդկանց հավասար իրավունքների համար: Դատապարտում ենք բոլոր այն գործողությունները, որոնք ոճրագործություն են: Մարդու իրավունքների պաշտպանությունը մեծ կարեւորություն ունի միջազգային ասպարեզում, եւ պատրաստ ենք աջակցել բոլոր այն հակամարտությունների ու վիճահարույց խնդիրների լուծմանը, որոնք կընթանան խաղաղ ճանապարհով»,- ասաց նա:

Հանդիպման վերջում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի Հանրապետության հետ ավանդական բարեկամական կապերի ամրապնդման եւ միջպետական հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդի համար Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյին պարգեւատրեց ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով: Ուրուգվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ Ուրուգվայ-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամ Ռուբեն Մարտինեսը պարգեւատրվեց ԱԺ պատվոգրով:
 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ