«Սերժ Սարգսյանի շողքն ավելի ծանրակշիռ է արտաքին քաղաքական դաշտում, քան Նիկոլ Փաշինյանն՝ իր ողջ դավաճանական ոհմակով»․ Միքայել Գրիգորյան
Աշխարհում այսօր՝ դեկտեմբերի 10-ին, նշվում է Մարդու իրավունքների միջազգային օրը: ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանն այն կարծիքին է, որ մարդու իրավունքներն այս պահին իսպառ բացակայում են Հայաստանի Հանրապետությունում:
«Նույն ոստիկանությունն ակցիաների, հավաքների ժամանակ բիրտ ուժ է կիրառում քաղաքացիների նկատմամբ, տարեց մարդու ձեռք էին նույնիսկ կոտրել, բայց պատասխանող կողմ չկա: Այսինքն՝ լինում են հայտարարություններ, որ այս գործն է հարուցվել, այն վարույթն է իրականացվել, բայց ոչ ոք չի պատժվում: Հանրահավաքներից բավական ժամանակ անց տեսանք Եռաբլուրի դեպքը, երբ զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բիրտ ուժ կիրառեցին, հետո էլ նրանց նկատմամբ քրեական գործ հարուցեցին: Արմեն Աշոտյանի նկատմամբ են քրեական գործ հարուցել, ԱԱԾ-ն զբաղվում է Աննա Մկրտչյանի դպրոցի ատեստատով կամ ծննդականով, այն էլ՝ ԱԱԾ հակաահաբեկչական դեպարտամենտը: Այս ամենը վկայում են, որ ոչ ոք իր տեղում չէ, մարդու իրավունքներն էլ ուղղակի չկան»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից անցել է 4.5 տարուց ավելի, բայց գործող իշխանությունները չեն դադարում թիրախավորել նախորդ իշխանություններին, հատկապես՝ Սերժ Սարգսյանին և նրա եղբայրներին: Միքայել Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է դա պայմանավորված:
«Սերժ Սարգսյանի շողքն ավելի ծանրակշիռ է արտաքին քաղաքական դաշտում, քան Նիկոլ Փաշինյանը՝ իր ողջ դավաճանական ոհմակով: Հենց Նիկոլ Փաշինյանը նեղն է ընկնում՝ հիշում է Սերժ Սարգսյանին ու նրա եղբայրներին: Ընդամենը 10-15 օր առաջ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստն էր, որտեղ էլ չգիտեին՝ ինչ անեին, մի վկայի էին բերել, որը մի օր խուլ էր, մի օր խոշոր հարկատու էր, հետո պարզվեց՝ խոշոր հարկատու չէ, այսինքն՝ ամբողջովին մտացածին բաներ հայտարարեց այդ վկան, որ ժողովրդի ուշադրությունը շեղեն: Նույն էլ հիմա է՝ նրա եղբայրների մասին են խոսում: 4.5 տարուց ավելի է Նիկոլ Փաշինյանն ու իր ոհմակը տիրապետում են իրավական ողջ գործիքակազմին, նրանք շոու սիրող են, ամենահավանական բանից մի մեծ շոու կսարքեին, բայց չկա ոչ մի բան:
Նրանք պարզապես փորձում են հանրության ուշադրությունը շեղել երկրի համար կարևորագույն խնդիրներից, օրինակ՝ Արցախի հարցում տարբեր զարգացումներից»,- ի պատասխան՝ ասաց նա:
Միքայել Գրիգորյանի խոսքով՝ Ալիևը հայտարարում է ադրբեջանական բանակի ուժեղացման մասին, իսկ Հայաստանի իշխանությունները՝ մայրաքաղաքը զարդարելու:
Դիտարկմանը՝ իշխանության ներկայացուցիչներն ասում են՝ հանրությանը վատ տրամադրությունից դուրս բերելու համար պետք է նաև մայրաքաղաքը զարդարել, նա արձագանքեց.
«Հանրությանը վատ տրամադրությունից դուրս բերելու համար, առաջին հերթին, պետք է փոխել Արցախի հարցով բանակցողին, որովհետև այդ վատ տրամադրությունները գալիս են 2020 թվականից: Մենք դնենք տոնածառ, ծախսենք 650 հազար դոլար, որպեսզի հրապարակը 20-30 օրով զարդարենք, դա մեր խնդիրները կլուծի՞: Մենք այդ գումարները կարող ենք ուղղել մեր բանակն արդիականացնելու վրա: Ալիևը ասում է՝ լավ իմացեք, որ մեր բանակը 2 տարի առաջվանից շատ ավելի ուժեղ է այս պահին, իսկ մենք տոնածառ ենք զարդարում»:
ԱԺ-ն ընդունեց ՊՊԾ-ն Փաշինյանի ենթակայությանը փոխանցելու, Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին նախագծերը: Միքայել Գրիգորյանը նկատեց, որ սա արդեն սուպերվարչապետություն էլ չէ՝ մեգասուպերվարչապետություն է:
ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, որը նախկինում պայքարում էր սուպերվարչապետության դեմ, երեկ խորհրդարանում այսպես էր արդարացնում իրենց կառավարության որոշումը. «Ինձ համար տարբերություն չկա՝ սուպերվարչապետությո՞ւն է, թե՞ վարչապետություն, կարևորը լինեն ազատ, արդար ընտրություններ»:
ՀՀԿ խորհրդի անդամից հետաքրքրվեցինք՝ հաշվի առնելով այն, որ 2017թ. ընտրությունների արդյունքները, դրանց լեգիտիմությունը որևէ մեկը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը՝ իր «Ելք» դաշինքով, չի վիճակել, հետևաբար, Արմեն Գրիգորյանի արդարացումը որքանո՞վ է համոզիչ:
«Ընդհանրապես համոզիչ չէ: Իրենք նպատակ ունեն ամրապնդել իրենց իշխանությունը: Նիկոլ Փաշինյանն ամեն ինչից վախենում է և ամեն հնարավոր բան կօգտագործի իր իշխանությունը երկարաձգելու և ամրապնդելու համար»,- ի պատասխան՝ ասաց նա:
Ինչ վերաբերում է ընդդիմության անելիքներին, նա հետևյալն ասաց. «Մեր խնդիրը սրանց վռնդելը և հայի տեսակը վերականգնելն է, Հայաստանը ծնկի եկած վիճակից բարձրացնելն է: Ոչ ոք իրավունք չունի Հայաստանի հետ խոսել այնպես, ինչպես հիմա են խոսում: Հայաստանի հետ ոչ ոք այդպես չի խոսել: Այն ժամանակ Ալիևն ասում էր, որ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, իսկ այսօր մեր ղեկավարությունն Արցախի Հանրապետություն եզրույթից խուսափում է: Կարելի է այս երկու տարբերությունը վերցնել և հասկանալ՝ ով է Նիկոլ Փաշինյանը, և ովքեր են նախկինները:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
Ռազմիկ Մարտիրոսյան
168.am