23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանի պետական պարտքը հատեց 10 միլիարդի շեմը: Փաշինյանը կասեր՝ սա պատմական ռեկորդ է. 168 Ժամ

Դոլարային արտահայտությամբ Հայաստանի պետական պարտքը հատեց 10 միլիարդի շեմը։ Նոյեմբերի սկզբի դրությամբ պարտքը կազմել է 10 մլրդ 63 մլն դոլար։ Այլ պարագայում, Նիկոլ Փաշինյանը կասեր՝ սա պատմական ռեկորդ է։ Եվ իրականում պատմական ռեկորդ է կամ հակառեկորդ. երբևէ Հայաստանն այսքան պարտք չէր ունեցել։ Նիկոլ Փաշինյանը, որը նախկինում դեմ էր պարտք վերցնելուն, եկավ ու սկսեց պետական պարտքը մեծ տեմպերով ավելացնել։ Նախկինում ասում էր՝ պարտքը վատ բան է, հիմա ասում է՝ դրանով դպրոցներ ու մանկապարտեզներ, ճանապարհներ ու շենքեր ենք կառուցում։ Կարծես նախկինում դպրոցներ ու մանկապարտեզներ, ճանապարհներ ու շենքեր չէին կառուցում։
Նիկոլ Փաշինյանը նախկինում դեմ էր պարտք վերցնելուն, հիմա արդարացնում է։

Վերջերս էլ սկսել է ասել, թե մեր տնտեսության լավ վիճակից է, որ մեզ պարտք են տալիս։ Ինչքան ուզենք, կարող ենք պարտք վերցնել։ Թեև նախկինում էլ Հայաստանի համար պարտք վերցնելը խնդիր չի եղել, բայց պարտքի այսպիսի կուտակում թույլ չեն տվել, որովհետև պարտքը ծանրանում է պետական բյուջեի վրա։ Դա հետո պետք է վերադարձնել։ Տարեկան հարյուրավոր միլիոն դոլարներ են ուղղվում պարտքի մարման ու սպասարկման համար։
Պարտքերը բեռ են պետական բյուջեի վրա, առավել ևս այսօր, երբ դրանք միայն անվանական արժեքով չեն ավելանում։ Ավելի թանկ գին ենք վճարում՝ ներգրավվող միջոցների համար։ Թանկ գումարներ ենք վերցնում ու ավելացնում պարտքը։ Բայց դա էլ պատճառ չէ իշխանությունների համար, որպեսզի ավելի զուսպ լինեն պարտքի ավելացման հարցում։
Միայն այս տարվա ընթացքում պետական պարտքի գինը բարձրացել է 1,3 տոկոսային կետով։

Եթե տարվա սկզբին պարտքի միջին կշռված տոկոսադրույքը 4,7 էր, հիմա դարձել է 6 տոկոս։ Սա պարտքի չափազանց կտրուկ թանկացում է, որը տեղի է ունեցել ընդամենը 10 ամսվա ընթացքում։ Վեց տոկոսանոց պարտքը, որը հիմա ծանրացած է Հայաստանի վրա, շատ թանկ պարտք է, գրեթե համարժեք առևտրային վարկերին։ Այսպիսի թանկ փողեր ով ուզենա, երբ ուզենա, կարող է վերցնել։ Խնդիրը միայն այն չէ, որ դրսի ու ներսի վարկատուները պատրաստ են պարտք տալ կառավարությանը, կարևոր է նաև, թե ի՞նչ գնով են տալիս և ի՞նչ գնով են վերցնում։

Այն, ինչ տեսնում ենք պարտքի թանկացման առումով, ամենևին էլ կառավարության օգտին չէ։Դրսի վարկերը, որոնք նախկինում չնչին տոկոսներով էին, հիմա սկսել են կտրուկ թանկանալ։ Արտաքին վարկերի միջին կշռված տոկոսադրույքն այս տարի բարձրացել է 1,1 տոկոսային կետով։ Գրեթե կրկնապատկվել է. տարեսկզբին ընդամենը 1,5 տոկոս էր, հիմա դարձել է 2,6 տոկոս։ Կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ էլ ավելի կբարձրանա։ Ֆինանսների նախարարի գնահատումներով՝ կհասնի ընդհուպ 2,9 տոկոսի։

Բայց դրանով էլ արտաքին պարտքի թանկացումը կանգ չի առնի։ Հաջորդ տարվա համար կանխատեսվում է, որ այն կկազմի 4,1 տոկոս՝ այս տարի սպասվող 2,9-ի փոխարեն։ Պատկերացնում եք, 2 տարում 1,5 տոկոսից արտաքին պարտքի գինը կհասնի 4,1 տոկոսի։ Ֆինանսների նախարարը սա բացատրում է նրանով, որ միջազգային շուկաներում ավելանում են տոկոսադրույքները։ Ու այդպիսի բարձր տոկոսադրույքներով մենք նոր վարկեր ենք վերցնում։ Վերցնում ենք ու ծանրաբեռնում պետական բյուջեն։

Պետական պարտքը թանկանում է նաև այն պատճառով, որ կառավարությունը որոշել է ավելի մեծ տեմպերով ավելացնել ներքին պարտքը։ Ներքին պարտքը, վերջին տվյալներով, հասել է 3 մլրդ 933 մլն դոլարի։ Տարվա սկզբին 2 մլրդ 577 մլն դոլար էր։Կառավարությունն ավելացրել է ոչ միայն ներքին դրամային, այլև արտարժութային պարտքը։

Արտարժութային պարտատոմսեր թողակելու միջոցով այս տարի ներքին պարտքը համալրվել է 295 մլն դոլարով և հիմա արդեն հատել է 457 միլիոնի սահմանը՝ տարեսկզբի համեմատ եռապատկվելով։ Արտարժութային պարտատոմսերի թողարկմամբ ներգրավված պարտքի միջին կշռված տոկոսադրույքը 5 տոկոս է, դրամայինինը՝ 10,5 տոկոս։ Վերջինս այս տարվա ընթացքում թանկացել է 0,4 տոկոսային կետով, ինչը կապված է Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման հետ։ Փողը թանկացել է, ու կառավարությունն ավելի թանկ գնով փոխառություններ է վերցրել։ Այս տարի պարտքն ավելացել է ներքին պարտքի հաշվին։ Տարեսկզբին 2 մլրդ 577 մլն դոլար էր, այժմ՝ 3 մլրդ 933 միլիոն։

Սրա մեջ, իհարկե, կա նաև փոխարժեքի գործոնը։ Բայց միայն փոխարժեքի գործոնով չէ պայմանավորված ներքին պարտքի ավելացումը։
Ընդհանուր պարտքը 10 ամսում ավելացել է 838 մլն դոլարով։ Դոլարային արտահայտությամբ տարեսկզբին 9 մլրդ 225 մլն դոլար էր, դարձել է 10 մլրդ 63 մլն դոլար։ Այս գումարները կուտակվել են հիմնականում կառավարության պարտավորությունների մասով, որոնք անցել են 9,5 միլիարդից։

Դրանով հանդերձ, այս տարի պարտքի վիճակագրությունը բարելավվել է։ Սպասվում է, որ ՀՆԱ նկատմամբ պարտքի հարաբերակցությունն ավելի ցածր կլինի, քան նախորդ տարի էր։ Բայց ոչ թե այն պատճառով, որ կառավարությունը դադարեցրել է պարտքեր վերցնել, այլ՝ որովհետև դրամն է ամրապնդվել։ Ազդել է նաև սպասվածից բարձր ՀՆԱ աճը, որը հայտնի է, թե ինչի արդյունք է։
Երկուսն էլ կապ չունեն կառավարության հետ, թեև կառավարությունն այն վերագրում է իրեն։ Երբ պարտքը դուրս էր եկել սահմանված բոլոր չափանիշներից, լռում էին, հիմա, երբ անկախ իրենցից, ցուցանիշները բարելավվել են, դարձրել են մատի փաթաթան։ Կարծես իրենց աշխատանքի արդյունքն է։

Իրենց արածի արդյունքը երևում է պարտքի թանկացման պարագայում։ Այնքան թանկ փողերով են ծանրաբեռնել պարտքը, որ հասցրել են առևտրային վարկերի գնին։ Ու դեռ հպարտանում են, որ իրենց պարտք տվող կա։ Իհարկե կլինի, ո՞վ չի ուզենա բարձր տոկոսներով փոխառություն տալ ու եկամուտ ստանալ։ Ոչինչ, որ հետո դրա տակից պետք է դուրս գալ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ