25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պետք է ընտրություն կատարեի` կամ բոլոր երեխաներս կմեռնեն, կամ կփրկեմ երկուսին

Փարիզադե տատի պատմություն

Սուրմալու

Աստղիկ Սարգսյանը ներկայացնում է հարյուր տարի ապրած իր տատի` Փարիզադեի պատմությունը: Նրա մեծահարուստ գերդաստանը Սուրմալուի նահանգից է լինում: Ջարդերի ժամանակ չորս զավակ է ունենում, գրում է armeniangenocide100.org-ը:

Ամուսնուն հենց բակում են սպանում: Ինքը երկու մանկահասակ երեխաներին կապում մեջքին, երկուսին էլ գրկած խելակորույս փախչում է: Երկար է գնում սարերով ու ձորերով, երկար է գնում կիսաքաղց, ապա սովահար, և մի օր էլ զգում է որ այլև ուժ չունի` ուժասպառվել է և այսպես այլևս անկարող է…Պետք է ընտրություն կատարի կամ այսպես կզոհվեն բոլորը միասին, կամ գոնե երկուսին մի կերպ կփրկի…

Փարի տատ էինք ասում նրան: Ապրեց հարյուր տարի: Գուցե նրանից էր, որ ես ճակատագրորեն ոչ մի տատիս էլ չեմ տեսել, թե ուրիշ մի ձգողական ուժ կար այդ տատի մեջ, որ նա դարձավ միակ տատս: Իմ պապերն էլ տատերն էլ արևելահայաստանից են եղել: Եվ եղեռնի հետ կապ չեն ունեցել: Բայցևայնպես Փարիզադեն միակ տատս էր: Սլացիկ էր ու շարմաղ: Քայլում էր ձիգ: Միշտ շալի մի ծայրը ուսովը գցած, մյուս տուտով միշտ մի բան ուներ թոռների համար պահած, գաթա, հալվա, եփած ձու, լավաշով բրդուջ, նայած ով ինչ էր սիրում:

Վեցը զավակ ուներ, երկու աղջիկ, չորս տղա: Երեսունվեց էլ թոռ: Երբ փոքր էի, չէի հասկանում, թե ինչու է զավակներից երկուսի վրա զայրանալիս, շարունակ կրկնում. “Ծեզի տիկի թողնեի տաղան, նրանցը պերեի”: Այդ պահին բոլորը քարանում էին: Երկար ականատեսը եղա ես այդ առեղծվածային դարձվածքին, ու ոչինչ չէի հասկանում: Մինչև որ, մի օր, ինձ համար պարզվեց զարհուրելին:

Ինձ լուսավորեց նրա թոռներից մեկը: Եվ այն ինչ պատմեց, զարհուրելի էր: Փարիզադեի մեծահարուստ գերդաստանը Սուրմալուի նահանգից է լինում: Ջարդերի ժամանակ չորս զավակ է ունենում: Ամուսնուն հենց բակում են սպանում: Ինքը երկու մանկահասակ երեխաներին կապում մեջքին, երկուսին էլ գրկած խելակորույս փախչում է: Երկար է գնում սարերով ու ձորերով, երկար է գնում կիսաքաղց, ապա սովահար, և մի օր էլ զգում է որ այլև ուժ չունի` ուժասպառվել է և այսպես այլևս անկարող է…

Պետք է ընտրություն կատարի կամ այսպես կզոհվեն բոլորը միասին, կամ գոնե երկուսին մի կերպ կփրկի: Նստեցնում է ծառի տակ երկու համեմատաբար մեծ երեխաներին` երեք-չորս տարեկան տղա-աջկա, բացատրում է, թե ես գնամ ձեզ համար հաց ճարեմ, իսկ մյուս երկուսին գրկած խելակորույս վազում է… Փրկվում են:

Երկար դեգերելուց հետո ապաստան են գտնում մասիսահայաց այդ գյուղում: Որն այժմ անվանում են Գեղանիստ: Այն համարյա բնակեցված է Սուրմալուի գավառի Շարուր նահանգից գաղթածներով: Այդտեղ էլ հանդիպում է երբեմնի իրենց շեն ու հարուստ գերդաստանի ծառաներից մեկին` Կիրակոսին: Ամուսնանում են: Նորից է երեխաներ ունենում:

Նորից շեն ու լի մի գերդաստան հիմնում: Իսկ երբ զայրանում էր զավակներից որևէ մեկի վրա, անմիջապես մղկտում էր, «ծեզի տիկի թողեի տաղան, նրանցը պերեի…”:

Խրուշչովյան “ձնհալ”-ի տարիներին, երբ արդեն “Հայրենիքի ձայն” օրաթերթի համարները լի էին եղեռնից մազապուրծ հարազատների միմիանց փնտրող հայտարարություններովն, հաճախ էր ինձ խնդրում օգնել` հայտարարություն տալու: Ես այդ ժամանակ արդեն “Պիոներ կանչ” մանկական օրաթերթի մանկահասակ թղթակից էի, ու նույնիսկ ստեղծագործող: Ասում էի, դե գոնե նշանները ասա. չէր կարողանում ու անզորությունից լալիս էր:

Ասեմ որ, այդքանից հետո էլ անգամ, անասելի գերսթափ, հավաք ու բարի կին էր և ճանաչված որպես անզուգական խոհարար: Գյուղի ողջ հարսանիքների ու սուգի ինքնահող-քելեխների խոհարարն էր:

Իսկ ստացած վարձավճարն ու ուտելիքի փայը փաթաթում էր գոգնոցի մեջ ու, որ զավակն ու թոռը կարիքի մեջ էին լինում, ուղևորվում էր այնտեղ: Կյանքի վերջին օրերին էր: Ասացին հիվանդ է և քեզ է ուզում: Գնացի: Թոշակի հոգեպահուստով հերթական նվերն էր գնել ինձ համար, հանեց բարձի տակից և թղթի վրա ծերունական դողդոջ ձեռքերով մի գծանկար էր արել, սարի լանջին մի ծառի տակ քարի վրա նստած երկու վտիտ երեխա…

“Ասես են, այդ օրերին երեխա հավաքող մարդիք են եղել, մի գուցե քթեր են, մի գուցե հիշեն…”

Աշխարհում իր տեսակի մեջ նմանը չունեցող այս ոճիրին մոռացում չկա:

 

Աղբյուր` armeniangenocide100.org

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ