Ապացուցեցիք, որ հիմնական պատասխանատուն ՀՀԿ-ն է. Շրջանառության հարկի օրենքն ընդունվեց

”Շրջանառության հարկի մասին” նոր օրենքի քվեարկությունից առաջ Գլխավոր զեկուցող, Ֆինանսների փոխնախարար վախթանգ Միրումյանը շնորհակալություն հայտնեց խորհրդարանին բավականին լայանածավալ քննարկումների համար.
՛՛Մենք ականատես եղանք խնդրի կարգավորման ուղղությամբ տարբեր առաջարկների, շատ հաճախ այդ տարբերակները բովանդակային առումով տարբերվում էին միմյանցից, ինչը ևս մեկ անգամ հաստատում է այս օրենքի անհրաժեշտությունը՛՛,-ասաց Միրումյանը՝ Կառավարության անունից պատրաստակամություն հայտնելով հաշվի առնել խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերի առաջարկությունները:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ը ձեռնպահ է քվեարկելու. ՛՛ԲՀԿ-y քանիցս ասել է՝ ժամանակը ձգելը հարցի լուծում չէ, մենք չենք կարող կողմ քվեարկել ժամանակ ձգելուն, սակայն դեմ էլ չենք կարող քվեարկել, քանի որ դեմի դեպքում կմնա վատ տարբերակը, ուստի ձեռնպահ կքվեարկենք”,-ասաց նա: ”Ժառանգություն” խմբակցությունը ևս ձեռնպահ է քվեարկելու. այս մասին հայտարարեց խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ նկատելով, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածությունն այն է եղել, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում նոր նախագիծը ներկայացվի:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նկատեց. ”Մենք էլ նույն մտահոգությունն ունենալով` կողմ ենք քվեարկում”,-ասաց նա: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը վարման կարգով խոսելով նկատեց, որ ԱԺ նախագահի մոտ բոլոր քաղաքական ուժերով վարչապետի հետ այն քննարկման են հանգել, որ առաջիկա երկու շաբաթում լուծում խնդրի լուծում կլինի, ուստի ձեռնպահ կքվեարկեն:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը արձագանքեց. ”Պատկերացնում եք՝ ՀՀԿ-ն էլ որոշի ձեռնպահ քվեարկել… Մենք կողմ ենք քվեարկում, որպեսզի ձեզ հնարավորություն տանք հետագա քննարկումներին մասնակցելու”,-ասաց նա:
”Ապացուցեցիք, որ հիմնական պատասխանատուն ՀՀԿ-ն է”,-դիմելով խորհրդարանին` ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: ԱԺ նախագահին հակադարձեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը.
՛՛Մենք իհարկե հասկանում ենք, որ եթե ընդունվի ստեղծված իրավիճակում ամենալավ լուծումն է, բայց իշխանություների այս անհետևողական քաղաքականության համար ընդհանրապես պատասխանատվություն չենք ուզում կրել, ուստի ձեռնպահ կքվեարկենք՛՛,-ասաց նա:
Նախագիծը դրվեց քվեարկության, այն ընդունվեց 75 կողմ, 1 դեմ և 40 ձեռնպահ ձայների քվեարկությամբ: Հիշեցնենք, որ օրենքի փոփոխությամբ ՓՄՁ-ներից պահանջվող փաստաթղթավորումը հետաձգվեց մինչև հուլիսի մեկը: