՛՛Կառավարությունը փոխեց տրամադրությունը՛՛

՛՛Հնարավոր չէ երկրում ունենալ կայուն, դրական սպասումների տեր հասարակություն, եթե մենք անընդհատ փոփոխություններ ենք ունենում մեր տնտեսական կյանքում, օրենքներում՛՛,-այսօր Ազգային ժողովում ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքի վերաբերյալ ելույթում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: ՛՛Պատահական չէ, որ այս օրենքը տարակարծությունների առիթ դարձավ նաև այս դահլիճում՛՛,-նկատեց պատգամավորը: Ըստ Մինասյանի՝ օրենքի վերաբերյալ երեք սկզբունքային հարց կա, որոնք շուրջ տարբեր պատկերացումներ ունեն կառավարությունը, հասարակությունը, խմբակցությունները:
Առաջին հարցը վերաբերում է իրացման ծավալին: ՛՛58.3 միլիոն դրամը որևէ իրավական կամ տնտեսական հիմնավորում չունի: Այս մեծությունը որոշվելով՝ պատահական ձևով ոչ միայն չի վերանայվել այս տարիների ընթացքում՝ նկատի ունենալով երկրում տնտեսական ակտիվության մակարդակը, ինֆլացիան, այն նաև շարունակում է պահպանել իր մեծությունն ու տարակարծությունների տեղիք է տալիս՛՛,-նշեց Մինասյանը:
Երկրորդ հարցը վերաբերում է տոկոսադրույքին, թե ինչ տոկոսադրույքով պետք է հարկվի փոքր ու միջին բիզնեսը և երրորդը փաստաթղթավորման պահանջն է: ՛՛Կառավարությունն ասում էր, որ մեր նպատակը փաստաթղթեր չպահանջելն է, բայց դրանից հետո փոխել է տրամադրությունը ու որոշել է՝ փաստաթղթավորում պետք է պահանջի՛՛:
Պատգամավորը նշեց, որ այս նույն հարցերի հետ կապված ութ նախագիծ կա շրջանառության մեջ դրված: ՛՛Պատկերացրեք, թե հասարակության մեջ որքան պատկերացումներ կան այս նախագծի վերաբերյալ՛՛,-ասաց նա:
Նա տեղեկացրեց, որ կամավորաության կամ-կամ սկզբունքին, որ կամ ընտրում ես փաստաթղթավորումը, կամ չես ընդունում փաստաթղթավորումը սկզբունքին ՀՅԴ խմբակցությունը դեմ է: ՛՛Մենք կարծում ենք, որ արհեստականորեն այսօր սուբյեկտներին դնում ենք մի ընտրության առաջ, որ իրենք ժամանակի ցանկացած պահին կարող են իրենց ընտրած ճանապարհին հանդիպել խոչընդոտների և ենթարկվել վարչական ճնշման, հարկային ճնշման՝ արդյունքում վնասելով թե տնտեսությունը, և թե այն սպասումնեը, որ սուբյեկտներն ունեին:
Մենք առաջարկում ենք կամավորության ‘’և, և’’ տարբերակը, 58.3 միլիոն դրամը հասցնել 150 միլիոն դրամ, շրջանառության ծավալի մեջ կիրառել պրոգրեսիվ շրջանառության հարկման համակարգ՝ փաստաթղթավորմամբ ապահովված ծավալի նկատմամբ սկսել զրո տոկոսադրույքից: Սա վերաբերի ամբողջ շրջանառության մեջ եղած փաստաթղթավորման ծավալին առանց վարչարարության՛՛,-բացատրեց ՀՅԴ պատգամավորը:
Նրա խոսքով՝ սա խթանիչ համակարգ կլինի: