«Խաղաղության պայմանագիր» ՝ առասպել
«Խաղաղության պայմանագիր» անվանումն ինքնին առասպել է. այն չի համապատասխանում կնքվելիք պայմանագրի իրական բովանդակությանը։ Ստեղծված իրավիճակն այդ պայմանագրի կնքումով էականորեն չի փոխվելու, ավելին՝ ամրապնդելու է Ադրբեջանի դիրքերը և հարմար պահին թշնամին նորից հարձակման է անցնելու՝ ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական, իրավական, միջազգային հարթակներում։ «Փաստինֆո»-ին ասել է պատմաբան Արմեն Այվազյանը։
«Այդ պայմանագիրն ամրապնդելու է Ադրբեջանի հանցագործությունների, ոճրագործությունների հետևանքով ունեցած ձեռքբերումները։ Հայաստանը համաձայնվելու է չվիճարկել դրանք, հրաժարվելու է կենսական նշանակության շահերից, որոնք ապահովում են ՀՀ անվտանգությունը՝ այդ թվում Արցախի երաշխավորը լինելուց։ Իսկ հրաժարվել Արցախի երաշխավորը լինելուց, նշանակում է հրաժարվել ՀՀ անվտանգության կենսական շահերից։ «Խաղաղության պայմանագիր» հնարավոր է կնքել միայն այն դեպքում, երբ գոնե թշնամանքի բացահայտ դրսևորումները բացակայում են։ Իսկ եթե դրանց առկայության պայմաններում է կնքվում ինչ-որ պայմանագիր թշնամու հետ, որը շարունակում է իր հարձակումները՝ նպատակ ունենալով ցեղասպանել, հայաթափել Արցախն ու Հայաստանը, նշանակում է ստորագրել կապիտուլյացիոն ակտ»,-շեշտում է պատմաբանը։
Այվազյանի համոզմամբ՝ երկամսյա ժամկետում Բաքվի հետ խաղաղության համապարփակ պայմանագիր կնքելու հույս հայտնելը՝ այն դեպքում, երբ առայսօր Ադրբեջանը շարունակում է ՀՀ տարածքների օկուպացիան, խոշտանգում է հայ գերիներին, ոչնչացնում հայկական պատմամշակութային ժառանգությունը, գրեթե ամեն օր գնդակոծում հայկական դիրքերը, առնվազն հասարակությանը թյուրիմացության մեջ գցել է նշանակում, ինչն անում է Փաշինյանը։
Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ տարվող ակնհայտ թշնամական քաղաքականության պայմաններում, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի թեմա քննարկելը, պատմաբանի խոսքով, վկայում է պետական մտածողության բացակայության մասին։
Հայաստանի դիրքավորումից շատ բան է կախված։ Ներքին ռեսուրսները կենտրոնացնելուց ու ինքնապաշտպանությանը պատրաստվելուց հետո բոլոր դերակատարների հետ բանակցությունների մեջ մտնելու պարագայում միայն, ըստ մեր զրուցակցի, Հայաստանը կկարողանա քիչ կորուստներով դուրս գալ ստեղծված իրավիճակից։
«Ընդհանրապես, արևմտամետ կամ ռուսամետ կողմնորոշումներով էլ են մարդկանց թյուրիմացության մեջ գցում։ Առնվազն վերջին երկու տարվա ընթացքում տեսել ենք, որ Հայաստանը մնացել է միայնակ։ Այս իրավիճակում հույս կապել Արևմուտքի կամ Ռուսաստանի հետ՝ հավատալով, թե նրանք մեզ կպաշտպանեն, ինքնախաբեություն է։ Փաստ է միայն այն, որ այսօրվա դրությամբ ռուս խաղաղապահների՝ Արցախում երկար մնալը բխում է հայկական շահից, հետևաբար՝ Ռուսաստանի հետ թշնամանալ մեզ պետք չէ։ Ինչ վերաբերում է Արևմուտքին. գոյություն չունի իրավական ուժ ունեցող որևէ փաստաթուղթ, որով Արևմուտքը պատրաստակամություն է հայտնում դառնալ Արցախի և Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Իսկ բոլոր այն հայտարարությունները, որոնցող սատարում են ՀՀ ինքնիշխանությանը, լուրջ բաներ չեն»,-ասում է պատմաբանը և հիշեցնում Վիլսոնի մանդատի մասին։ Ասում է՝ Փելոսիի այցին հետևած քննարկումները, ըստ որի՝ պետք է քննարկվեր ինչ-որ փաստաթուղթ, որևէ հստակեցում չի ստացել մինչև հիմա ու շատ հավանական է, որ եթե լինի էլ նման փաստաթուղթ, ապա Վիլսոնի մանդատի ճակատագրին կարժանանա։
Արմեն Այվազյանը վստահեցնում է՝ խելացի դիրքավորվելու դեպքում Հայաստանը պետք է շահագրգռված լինի իրական դաշնակիցներ գտնելով, առաջին հերթին՝ ի դեմս Իրանի։