Պարոն Զուրաբյանը հանգստանալ է ուզում, 20 րոպե ընդմիջում
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ԱԺ նիստի սկզբում վրդովմունք հայտնեց, թե “Եռյակի” բարձրաձայնած կառավարման համակարգի ճգնաժամի հարցն օրակարգում ընդգրկված չէ:
՛՛Չեք նշել արտահերթ համարված ընդդիմության հարցը, ինչո՞ւ եք խախտում կանոնակարգի մասին օրենքը՛՛,-ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրեց Զուրաբյանը: Աժ նախագահը պատասխանեց, որ ընդդիմության կողմից երկու նախագիծ է ներկայացվել. մեկը քննարկել են, իսկ կառավարման ճգնաժամի վերաբերյալ հարցում մեծամասնությունը չի կիսում ընդդիմության կարծիքը:
՛՛Տագնապներ հաղորդելով՝ սա առաջ չի գնա, մենք ունենք որոշակի խնդիրներ, որոնց լուծում տալուց հետո բնականաբար խնդիրը կդրվի քննարկման՛՛,-ասաց ԱԺ նախագահը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նույնպես հարցին անդրադարձավ. ՛՛Թե ինչն է կիսում ԱԺ մեծամասնությունը, դա ձեր էմոցիաների դաշտում է: Կա կանոնակարգ, կա արտահերթ և իմպերատիվ ձևով քննարկում պահանջող խնդիր, և այո, այսօր առավել քան արդիական է կառավարման ճգնաժամի խնդիրը մեր երկում, և ուղղակիորեն հորդորում եմ առաջանորդվել ոչ թե մեծմասնության կարծիքով, այլ ԱԺ կանոնակարգ-օրենքով՛՛:
Գալուստ Սահակյանը նշեց` ԱԺ նախագահն ինքն է որոշում օրենքները երբ ներկայացնել. ՛՛Եթե ասել ենք կա, ուրեմն կքննարկենք: Եթե դա ձեզ համար իմպերատիվ է, իմ համար հնարք է ընդդիմության կողմից, որը արդյունավետություն չունի: Ես կաշխատեմ կամ այս կամ մյուս նստաշրջանում անպայման քննարկման դնել այս հարցը՛՛:
Լեւոն Զուրաբյանը կրկին բարձրացրեց այս հարցն ու պահանջեց 20 րոպե ընդմիջում, ԱԺ նախագահն ասաց.
՛՛Պարոն Զուրաբյանը հանգստանալ է ուզում` 20 րոպե ընդմիջում՛՛: