Կարեն Անդրեասյանն ու Աննա Վարդապետյանը պասերով դատավոր են «դատում» . Հրապարակ
Մենք գրել էինք, որ դատախազությունը չի հրաժարվում վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ ամեն գնով քրեական հետապնդում իրականացնելու մտքից։ Հիշեցնենք․ հոկտեմբերի 11-ին ԲԴԽ-ն քննել էր վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը եւ մերժել այն։ Այսինքն՝ սխալ ու անհիմն էր համարել դատախազության միջնորդությունը։ Եվ, ստանալով ԲԴԽ-ի մերժումը, դատախազությունը երեկ հանդես էր եկել հաղորդագրությամբ՝ փաստացի հասկացնելով, որ թքած ունեն Բարձրագույն դատական խորհրդի որոշումների եւ դատավորի անձեռնմխելիության սկզբունքի վրա, ուստի կհասնեն իրենց նպատակին՝ շրջանցելով ԲԴԽ-ի առաջացրած արգելքը։
Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ԲԴԽ-ն իրենց ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին որոշում էր կայացրել այն հիմնավորմամբ, որ առերեւույթ բացահայտված հանցագործության դեպքը կապված չէ դատավորի լիազորությունների իրականացման հետ, որպիսի պայմաններում դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար ԲԴԽ համաձայնությունը չի պահանջվում: Ու եզրակացրել էր․ «ԲԴԽ վերոնշյալ որոշումը չի բացառում դատավորի նկատմամբ քրեական հետապնդման իրականացումը, ավելին՝ փաստում է, որ քրեական հետապնդման համար չի պահանջվում դատավորի անձեռնմխելիության հաղթահարում»:
Արդյունքում՝ 2022 թվականի հոկտեմբերի 12-ին գլխավոր դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել դատավոր Ա. Հ.-ի (Անի Հարությունյան) նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում․ «ՀՀ դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացմանն օժանդակելու, ինչպես նաեւ դատավոր Ա. Հ.-ի կողմից նույն չափերով գույքի չհայտարարագրմամբ զուգորդված հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու համար, որը նախատեսված է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով»։
Ստացվում է՝ ԲԴԽ-ն մի կողմից իբրեւ թե պաշտպանել է դատավորի շահերը, մյուս կողմից ազատ է թողել դատախազությանը, որ նա ինչպես ցանկանա՝ վարվի դատական համակարգի ներկայացուցչի հետ։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ի կողմից ընտրված ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ու նույն այդ Փաշինյանի կողմից նշանակված դատախազ Աննա Վարդապետյանը, իրար պաս տալով, որոշել են դատավորի նկատմամբ քրեական գործ հարուցել։
Դատախազությունից չցանկացան այս թեմայով որեւէ բան մեկնաբանել, թե ինչի համար էին դիմում ԲԴԽ-ին, եթե ընդունում են, որ «առերեւույթ բացահայտված հանցագործության դեպքը կապված չէ դատավորի լիազորությունների իրականացման հետ», եւ իրենք, միեւնույն է, ԲԴԽ-ի կայացրած որոշումն ու հայտնած դիրքորոշումը հաշվի չէին առնելու։ Նույն հարցի վերաբերյալ ԲԴԽ-ից տվեցին պատասխանատվությունն իրենց վրայից գցող մի պատասխան, որն ավելի ցայտուն ընդգծեց, որ Կարեն Անդրեասյանի ղեկավարած ԲԴԽ-ն պարզապես պասիվ աջակցություն է ցուցաբերել դատախազությանը։
«Նշված հարցի վերաբերյալ 2022 թվականի հոկտեմբերի 11-ին Բարձրագույն դատական խորհուրդը, Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով նախատեսված կարգով, հրավիրել է դռնփակ նիստ՝ քննության առնելով գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունը։ Քննության արդյունքում նշված միջնորդությունը մերժվել է, իսկ համապատասխան որոշումը, օրենքով սահմանված կարգով, 5-օրյա ժամկետում կտրամադրվի կողմերին: Միեւնույն ժամանակ, մինչեւ որոշումը կողմերին ուղարկելը խորհուրդը պարզաբանել է, որ նմանօրինակ դեպքերի քննությունը դուրս է վերջինիս գործառույթային իրավասությունների շրջանակներից։ Ինչ վերաբերում է մեղադրանք առաջադրելու մասին Ձեր հարցին, տեղեկացնում ենք, որ խորհուրդն իրավասու չէ գնահատականներ տալ վարույթն իրականացնող մարմնի կողմից օրենքով սահմանված լիազորությունների իրականացմանը: Հաշվի առնելով, որ գործը քննվել է դռնփակ կարգով, այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,- ասված է ԲԴԽ-ի ուղարկած պատասխանում:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: