24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Որտեղ կա հավատք, այնտեղ կա ուժ և որտեղ կա անհավատություն՝ այնտեղ թուլություն»

Աստվածային մեծագույն պարգևներից է հավատը, որ Արարիչը շնորհել է իր բոլոր արարածներին: Հավատքը հանդիպումն է Աստծուն, և յուրաքանչյուրն այդ հանդիպումը յուրովի է վերապրում: Եթե մեկը սրտաբուխ, առանց ապացույցների հավատում է, ապա մյուսը մտածում է, վերլուծում, համեմատում փաստերը և այն եզրակացության գալիս, որ Աստված կա, և այդ վստահությունը փոխանցվում է սրտին:

Գերմանացի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը գրել է. «Որքան շատ է գիտությունը բացահայտումներ անում ֆիզիկական աշխարհում, այնքան առավել է հանգում այն եզրակացություններին, որոնք կարող են լուծվել միայն հավատքով»։ Հավատի մեջ մարդ կարող է կասկածել, ինչպես կասկածեց առաքյալներից Պետրոսը, երբ քայլում էր ծովի վրայով, Թովմասը, երբ իրեն ասացին, որ տեսել են հարուցյալ Քրիստոսին, բայց Աստծու հանդեպ հավատը չի կարող անընդհատ տատանվել, քանի որ մարդ կա՛մ հավատում է, կա՛մ չի հավատում:

«Ահավասիկ Ես դռան առաջ եմ և բախում եմ: Եթե մեկն Իմ ձայնը լսի և բաց անի դուռը, Ես ներս կմտնեմ և կընթրեմ նրա հետ, նա էլ՝ Ինձ հետ» (Հայտն. 3:20),- ասում է Քրիստոս: 19-րդ դարի անգլիացի նկարիչ Ուիլյամ Հանտի «Աշխարհի լույսը» հայտնի կտավը պատկերում է Քրիստոսին՝ փշե պսակով, կանթեղը ձեռքին, ինչ-որ տան դռան մոտ կանգնած թակում է դուռը, որն ամբողջովին պատված է մոլախոտերով և, ըստ երևույթին, հազվադեպ է բացվել: Հիսուսի ձախ ձեռքի կանթեղն ընդգծում է շրջապատող աշխարհի մռայլությունը: Դուռը խորհրդանշում է «փակ սիրտը». այն վաղուց չի բացվել, դրա մասին են վկայում մոլախոտերը։

Իսկ երբ մի անգամ նկարչին ասում են. «Մենք հասկանում ենք այս այլաբանությունը, տեսնում ենք, որ Քրիստոս թակում է մեր սրտերը, բայց դուք մոռացել եք դռան վրա բռնակ նկարել», նկարիչը պատասխանում է. «Այս դուռը բռնակ ունի միայն ներսից։ Սրտի դռան արտաքին կողմում բռնակ չկա»։ Այսինքն՝ մարդն ինքը պետք է բաց անի Տիրոջ առջև իր սրտի դուռը, քանի որ Տերն այնտեղ մուտք չի գործի առանց մեր կամքի: Ուստի կարևոր է ուշադիր լինել և լսել դռան թակոցը, որպեսզի կայանա անչափ կարևոր հանդիպումը: Հակառակ դեպքում դա նման է նրան, որ ինչ-որ բարերար մեծ օգնություն է ցույց տալիս մարդուն, բայց նա դեռ չի ճանաչում նրան, քանի որ դուռը չի բացել և չի տեսել: Որպեսզի հանդիպումը կայանա, անհրաժեշտ է մաքրել դուռը՝ սիրտը, մոլախոտերից և աղբից: Երանիներից մեկում ասվում է՝ երանի՜ նրանց, որոնք սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն (Մատթ. 5:8):

Տերը երանի չտվեց խելացիներին կամ կիրթ անձնավորություններին, այլ սրտով մաքուրներին, որ ջանում են զերծ մնալ մեղքերից ու կրքերից և իրենց սրտում ու մտքում չարություն չունենալ:

Առաքյալները լսեցին դռան թակոցը, հանդիպեցին Քրիստոսին և հետևեցին Նրան: Պողոս առաքյալն, ի տարբերություն մյուս առաքյալների, ամենակիրթն էր, հիանալի գիտեր իր ժողովրդի մշակույթն ու հավատալիքները, ծանոթ էր բոլոր մարգարեություններին, բայց, ինչպես իր ժողովուրդը, չէր ընդունում Քրիստոսին, նա եկեղեցու և քրիստոնյաների եռանդուն հալածիչն էր: Դամասկոսի ճանապարհին հարություն առած Փրկչի հետ հանդիպումն ամբողջովին փոխեց նրա կյանքը: Ապագա առաքյալն ակնթարթորեն հասկացավ, թե ով է իր առջև և ընդունեց Տիրոջը ողջ սրտով ու էությամբ: Դա տեղի ունեցավ միայն այն ժամանակ, երբ նա լսեց Փրկչի ձայնը՝ Սողո՛ս, Սողո՛ս, ինչո՞ւ ես հալածում Ինձ (Գործք Առ. 26։14)։

Իսկ սրբերից Մարիամ Եգիպտացու՝ Տիրոջ հետ հանդիպումն անսպասելի եղավ. անառակության մեջ ապրող Մարիամը, երբ Երուսաղեմում ցանկացավ տաճար մտնել, չկարողացավ, անհայտ մի ուժ նրան դուրս հրեց: Նա սարսափեց և օգնության դիմեց Աստվածամորը, ում բարեգթությամբ նա մուտք գործեց եկեղեցի, հանդիպեց Տիրոջը, ապա Աստվածամոր հորդորին հետևելով՝ իր կյանքի մնացած մասն անցկացրեց անապատում՝ մշտական աղոթքի և ապաշխարության մեջ:

Անհավատները հաճախ ասում են, որ հավատն անհրաժեշտ է թույլ մարդկանց, իսկ ուժեղներն իրենք են լուծում իրենց խնդիրները: Նման կերպ արտահայտվողներն ընդհանրապես գաղափար չունեն քրիստոնեական կրոնի մասին, այն մասին, որ աստվածահիմն կրոնը թույլերի կրոն չէ, և հավատավորն այն ուժեղ անձն է, որն ի վիճակի է տեսնել, զղջալ և խոստովանել իր սեփական թուլություներն ու սխալները, ներում խնդրել մարդկանցից և Աստծուց ու պատասխանատու լինել իր կյանքի և արարքների համար: Իսկ եթե ​​խոսենք եկեղեցական կյանքի մասին, ապա թույլ մարդը դժվար թե համաձայնի տարվա կեսը պահք պահել, հրաժարվել զանազան հաճույքներից՝ հանուն իր կյանքի գլխավոր նպատակի՝ հոգու փրկության: Մարդկային չափանիշներով անհավանական մեծ քաջություն ունեին հավատքի համար նահատակները:

«Որտեղ կա հավատք, այնտեղ կա ուժ և որտեղ կա անհավատություն՝ այնտեղ թուլություն»,- ասել է սբ. Հովհան Ոսկեբերանը: Իսկ սբ. Եփրեմ Ասորին ասել է. «Եթե ​​որևէ մեկը հավատում է Աստծու Որդուն, նա չի սայթաքի (Առակ. 4:12), անգամ եթե անցնի կրակի միջով, բոցերը նրան չեն այրի (Եսայի 43:2)»:

Մեկ այլ ծայրահեղություն էլ կա, երբ մարդն ասում է, որ հավատում է Աստծուն, որ Աստված ապրում է իր սրտում, բայց չի ձգտում հոգևոր աճ ունենալ, իր հավատն ամրացնել ու զորացնել ապաշխարությամբ և հաղորդությամբ, Սուրբ Գրքի և հայրաբանական գրականության ընթերցմամբ, եկեղեցական կյանքին մասնակցությամբ:

Հավատի հարցը և կյանքի իմաստը հուզում ու տանջում է յուրաքանչյուրին: Մարդ կարող է խորասուզվել իր առօրյա խնդիրների և նյութական հարստության, կարիերայի, երկրային հաջողությունների և առողջության հետ կապված մտահոգությունների մեջ, բայց անհնար է, որ ամբողջությամբ մի կողմ թողնի այս հարցը: Երկրի վրա մեր գոյության իմաստը մեր ողջ կյանքի առաջին և գլխավոր հարցն է: Եվ երբ մարդ սկսում է մտածել այդ մասին, նա սկսում է ընթանալ դեպի Աստված:

Կարինե Սուգիկյան

surbzoravor.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ