28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայոց պատմության վերջին էջը շրջելիս

Սեպտեմբերի 27-ին, լրանում է 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցը: Պատերազմից 2 տարի անց դեռևս շարունակում են չպարզված մնալ մի շարք հանգամանքներ, մասնավորպես` հայկական կողմի պարտության պատճառներն ու իրական մեղավորները: Եվ քանի դեռ դե-ֆակտո իշխանություններն են երկրի ղեկին, մեղավոր կճանաչվեն բոլորը, բացի համար մեկ պատասխանատուից:

Սակայն մինչ հետևանքներին անդրադառնալն, անհրաժեշտ ենք համարում մատնանշել պատճառները. ինչու՞ առհասարակ սկսվեց պատերազմ և ինչպե՞ս կարելի է խուսափել երկրորդ սեպտեմբերի 27-ից:
Իսկ պատերազմի սկսելու համար բավական էր, որ խախտվեր ռազմաքաղաքական բալանսը: Ռազմաքաղաքական բալանսի 2 բաղակցուցիչ տարրերին կանդրադառնանք ստորև:

Մասնավորապես` ռազմական բալանսի խախտումը սկսվել է «հեղափոխության» հաղթանակից հետո` 2018 թ.-ից ի վեր: Ավելի վաղ` 2016 թ. ապրիլյան պատերազմում հայկական կողմի հաղթանակը ցույց տվեց Բաքվի այն պնդումների սին լինելը, որ իրենք կարող են հակամարտությունը լուծել ուժով: Զուգահեռաբար Ադրբեջանի վիճակը վատթարացավ նաև դիվանագիտական ճակատում. միջնորդները ճնշում էին գործադրում Բաքվի վրա՝ ստիպելու նրան ճանաչել Արցախի անկախությունը։ Իսկ Հայաստանը սկսեց վերականգնել խախտված ռազմական հավասարակշռությունը։ Օգտագործելով նավթի արտահանումից ստացված եկամուտները՝ Ադրբեջանը 10 տարվա ընթացքում՝ 2006-2016 թթ., ռազմական ոլորտում ներդրել է ավելի քան 25 միլիարդ դոլար և կարծում էր, որ այդպիսով ձեռք է բերել ռազմական գերակայություն, ինչը և փորձել է կյանքի կոչել 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ։ Սակայն պատերազմը փաստացի ցույց տվեց, որ ոչ մի ռեալ առավելություն Բաքուն չունի:

Ապրիլյան պատերազմը Հայաստանի ղեկավարությանը մղեց բարեփոխումների. մշակվեց «Ազգ-բանակ» հայեցակարգը, որն ուղղված էր բանակի համալրմանը, բանակի և հասարակության ինտեգրմանը, զինված ուժերի ծախսերը հայկական ռազմարդյունաբերական համալիրի հատված ուղելուն և այլն: Ընդունվել էր զինված ուժերի զարգացման պլան, ժամանակակից սպառազինությունների գնման ծրագիր՝ հաշվի առնելով Ադրբեջանի վերազինումը։ Նախատեսվում էր ձեռք բերել հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պատերազմի համար անհրաժեշտ ժամանակակից համակարգեր, հազարավոր անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ թուրքական «Բայրաքթարների» չինական անալոգները։ Եթե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության այս ծրագրերը կյանքի կոչվեին, ապա 2020 թ.-ին Ադրբեջանը մարտադաշտում առավելություն չէր ունենա և չէր կարողանա հասնել այն արդյունքներին, ինչ ունենք այսօր։ Սակայն այս ծրագրերը տապալվեցին այսպես կոչված «թավշյա հեղափոխության» ժամանակ` 2018 թվականի ապրիլին: Այսպիսով, մինչ հեղափոխությունը Հայաստանի իշխանությունները, լավ հասկանալով պաշտպանական խնդիրները, չեզոքացնում էին Ադրբեջանի ֆինանսական գերազանցությունը՝ ձեռք բերելով անհրաժեշտ սպառազինությունը ցածր գներով։ Միևնույն ժամանակ, բանակցային գործընթացը նույնպես ճիշտ ուղղությամբ էր ընթանում Հայաստանի և Արցախի համար։ Ինչպես խոստովանել էր Ադրբեջանի նախագահը, «փակ դռների հետևում իրեն ստիպել են ճանաչել Արցախի անկախությունը»։

Իսկ այս տարիների հետևողական աշխատանքի արդյունքում հաստատված ռազմական բալանսը խախտվեց շատ կարճ ժամանակահատվածում 2018 թ.-ի իշխանափոխությունից հետո: Միայն ուժային կառույցներում կատարված կտրուկ և ոչ տեղին փոփոխությունները հերիք էին բանակին էական վնաս հասցնելու համար: Դե-ֆակտո վարչապետի իշխանության գալուց ի վեր մինչև պատերազմի ավարտը ԱԱԾ-ում փոխվել են 5 ղեկավարներ, այդ թվում՝ մեկը պատերազմի ժամանակ, ՀՀ ԶՈՒ ԳՇ 3 պետեր, Արցախի ՊԲ 4 հրամանատարներ։ 2018 թ.-ից սկսած ծավալվում էր բանակը և հաղթանակած գեներալներին վարկաբեկելու տեղեկատվական արշավ: Նրանց բոլորին հռչակեցին կոռումպացված պաշտոնյաներ, իսկ ում վրա չկարողացան բիծ գտնել դարձան «կոռումպացված պաշտոնյաների ընկերներ»։

Գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո «Երկրապահ»-ի կառուցվածքը խարխլվեց: Հայաստանի զինված ուժերի հինգ կադրային գնդեր, որոնց հիման վրա կարող էր տեղակայվել մոբիլիզացիոն ռեզերվ, վերակազմավորվեցին գումարտակների։ Հիշեցնենք, որ 2016 թ. հազարավոր մարտիկներ գնացին ռազմաճակատ հենց «Երկրապահ»-ից, ինչը 2020-ի համեմատ շատ ավելի շատ էր։
Նմանատիպ գործընթաց էր ծավալվել նաև Արցախում: Դեռ 2018 թ.-ին պաշտոնանկ արվեց Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, նոր հրամանատար նշանակվեց Կարեն Աբրահամյանը: 2020 թ.-ի սկզբին նրան փոխարինեց երիտասարդ գեներալ Ջալալ Հարությունյանը: Պատերազմում վիրավորված Հարությունյանին փոխարինեց Միքայել Արզումանյանը։ Հատկանշական է, որ Հայաստանի դե-ֆակտո հեղափոխական իշխանությունները քրեական գործեր են հարուցել Հարությունյանի և Արզումանյանի նկատմամբ։

Բանակի վերազինման հարցում ևս այս դե-ֆակտո իշխանությունների կողմից արված փոփոխություններն աղետալի հետևանքներ ունեցան մեզ համար: Հաշվի առնելով 44-օրյա պատերազմում անօդաչու թռչող սարքերի դերը, պետք է ընդգծել, որ դե-ֆակտո իշխանությունների կողմից չեղարկված ռազմական գնումների պլանը նախատեսում էր հայկական բանակի կողմից հազարավոր անօդաչու թռչող սարքերի գնում, հիմնականում՝ տեղական արտադրության։ Նախատեսվում էր ձեռք բերել նաև «Բայրաքթար»-ների չինական անալոգները։ Նույնքան կարևոր է, որ վերազինման ծրագրով նախատեսված ժամանակակից հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պատերազմի համար անհրաժեշտ «Տոր», «Պանցիր» և այլ համակարգերի փոխարեն Փաշինյանի կառավարությունը Հորդանանում գնեց հնացած ՀՕՊ համակարգեր («Օսա»)՝բազմապատիկ ուռճացված գնով։
Քաղաքական ասպեկտում դե-ֆակտո իշխանությունները դրեցին այն վտանգավոր գործունեության հիմնաքարը, որն այսօր էլ «հաջողությամբ» շարունակում են իրագործել. աստիճանաբար հայկական կողմը սկսեց վանել իր դաշնակիցներին` սկսած ռազմավարականից մինչև Հայաստանի նկատմամբ բարեկամաբար տրամադրված մի շարք երկրներ:
Նախ, ՀՀ դե-ֆակտո իշխանությունները` գնալով ուղիղ բանակցությունների թշնամական կողմի հետ (Դավոս, Մյունխեն, Դուշանբեի վերելակ և այլն), դուրս էին մղում այդպիսով միջնորդ կողմերին, մասնավորապես` ԵԱՀԿ ձևաչափը բանակցային օրակարգից:

Բնականաբար, հակառուսական կոչերով իշխանության եկածները չէին կարող չփչացնել հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ: Դրա ճանապարհին առաջին ահազանգը դարձավ Յուրի Խաչատուրովի աղմկահարույց ձերբակալությունը: Որպեսզի պատկերացնենք Յ. Խաչատուրովի զբաղեցրած պաշտոնի կարևորությունը Հայաստանի համար, բավական է միայն իմանալ այն, որ 2003 թ.-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հաստատումից ի վեր մինչև 2017 թ. այն զբաղեցնում էին Ռուսաստանի ներկայացուցիչները։ Իսկ 2017 թ.-ին գլխավոր քարտուղար դարձավ Հայաստանի ներկայացուցիչ, 1992-1994 թվականների Արցախյան պատերազմի մասնակից, հայկական բանակի գեներալ, ով նախկինում զբաղեցրել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Սա, իհարկե, հարված էր կազմակերպության հեղինակությանը, որը բացասական ազդեցություն ունեցավ Հայաստանի զբաղեցրած դիրքորոշման վրա՝ թե՛ ՀԱՊԿ շրջանակներում, թե՛ Երեւանի ու Մոսկվայի երկկողմ հարաբերություններում։ Միևնույն ժամանակ Հայաստանում սկսեցին քրեական գործեր հարուցվել ռուսական ընկերությունների դեմ, սկսվեցին խուզարկություններ և «դիմակներով շոու»։ Այսպես, 2018 թ. հուլիսի 10-ին ՀՀ դե-ֆակտո ՊԵԿ աշխատակիցները խուզարկություններ էին կատարում «Գազպրոմ-Արմենիա» ընկերության դուստր ձեռնարկություններին պատկանող գազալցակայաններում։ Իսկ 2018 թ. օգոստոսի 15-ին խուզարկություններ են տեղի ունեցել ՀԿԵ երևանյան գրասենյակում։ Առգրավվել էին փաստաթղթեր, զննվել աշխատակիցների անձնական իրերը։

Բնականաբար, այսպիսի հակառուսական կեցվածք ունեցող ռեժիմի իշխանության գալը հնարավորությունների պատուհան բացեց ԱՄՆ-ի համար՝ առաջ մղելու սեփական շահերը տարածաշրջանում։ Հիշեցնենք, որ 2018 թ. հոկտեմբերին ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել էր Հայաստան։ Իսկ այցելության նպատակն էր «առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա», որից հետո դե-ֆակտո վարչապետն ասաց, որ «հայ-իրանական սահմանը, օրինակ, կարող է փակվել Իրան-ԱՄՆ հարաբերությունների պատճառով»: Բնականաբար, այս այցն իր հետևանքներով լուրջ մտահոգություն առաջացրեց Թեհրանում: Իսկ իշխանական դե-ֆակտո պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայտարարությունն այն մասին, որ Իրանը ավտորիտար երկիր է միայն յուղ լցրեց կրակին:

Դրանից հետո դե-ֆակտո իշխանությունները ձեռնամուխ եղան մեկ այլ բարեկամ երկրի` Չինաստանի հետ հարաբերությունները փչացնելուն: 2020 թ. հունիսին Հայաստանը միացավ ԱՄՆ-իստեղծած Կրոնական ազատության միջազգային դաշինքին, որը գլխավորապես ուղղված էր Չինաստանի դեմ` ի պաշտպանություն ույղուրների և որը բնականաբար բացասաբար ընկալվեց Չինաստանում, Իրանում և Ռուսաստանում։ Մինչդեռ Չինաստանն էր, որ 1999-ին այս տարածաշրջանում միայն Հայաստանին վաճառեց համազարկային կրակի ռեակտիվ համակարգWM-80-ը (կրակային հեռահարություն մինչև 120 կմ), որը տարածաշրջանում առավելություն տվեց հայկական զինված ուժերին։
Իսկ Ադրբեջանը նույն ժամանակահատվածում, ի տարբերություն դե-ֆակտո իշխանությունների, ամրացնում և զարգացնում էր դաշնակցային կապերը, այդ թվում նաև ՀՀ ավանդական դաշնակիցների հետ, պատերազմի ժամանակ նրանց կողմից առավելագույնս չեզոք դիրքորոշում ստանալու ակնկալիքով:

Դա հանգեցրեց նրան, որ մեր ռազմավարական դաշնակցի և թշնամու միջև 2022 թ.-ի փետրվարի22-ին կնքվեց դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր: Սա ոչ այլ ինչ է, քան հայկական դիվանագիտության տապալում:
Այժմ շարունակվում է նույն քաղաքականությունը դե-ֆակտո իշխանությունների կողմից: Վերջիններս շարունակում են խզվել կապերն ավանդական և բնական դաշնակիցների հետ, հատկապես` Ռուսաստանի և Իրանի հետ: Հատկապես, 2022 թ.-ի սեպտեմբերի 12-ի լույս 13-իգիշերն Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմում ՌԴ-ի ցուցաբերած պասիվությունն առիթ հանդիսացավ ակտիվացնելու հակառուսական խոսույթն ու մեղադրելու ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին: Սա դե-ֆակտո իշխանությունների ավանդական գործելաոճն է. նշանակել որպես մեղավորներ բոլորին, բացի իրենցից: Եվ սա այն դեպքում, երբ իրենք բացարձակապես աշխատանք չեն տարել այս ընթացքում դաշնակից պետությունների հետ: Եվ նրանց անգործության վառ օրինակն է զրոյական արձագանքն ի պատասխան Իրանի կողմից ակտիվորեն արվող պրոհայկական հայտարարություններին:
Իսկ ռազմական բալանսը խախտվել է անթույլատրելի աստիճանի: Բանակի վերազինման մասին բացակայում է որևէ ակնարկ: Իսկ ԶՈՒ պարտադիր զինակոչի վերացումն ու պայմանագրային ծառայությամբ փոխարինելը, այսինքն` փաստացի կազմալուծումը, դարձել է դե-ֆակտո իշխանությունների գերագույն նպատակը:

Խոսույթի մակարդակում ևս ՀՀ դե-ֆակտո իշխանությունները առաջ են տանում աղետալի քաղաքականություն` քարոզելով խաղաղություն թշնամի երկրի հետ բնակչության շրջանում և նախապատրաստելով բնակչությանը խաղաղության պայմանագրի կնքմանը: Մինչդեռ Ադրբեջանում խոսույթը շարունակում է մնալ հակահայկական և ստանալ ավելի ագրեսիվ և զավթողական երանգավորում, ինչը խոսում է այն մասին, որ նրանց մոտ բացակայում է ցանկություն խաղաղության դարաշրջան բացելու:

Հայկական դե-ֆակտո կողմն այսքանից հետո` ունենալով թույլ դիրքեր, հղում է կատարում այս կամայն պայմանագրին, սակայն real politik-ն այլ բան է ցույց տալիս: Մասնավորապես այն, որ գետնի վրա տեղի են ունենում իրադարձություններ, որոնց արդյունքում Հայաստանը կրում է միակողմանի կորուստներ. Ադրբեջանին է հանձնվում Արցախն ամբողջությամբ, օկուպացվում է ՀՀ սուվերեն տարածքը, սպանվում և գերեվարվում են հայ զիվորներ, մինչդեռ նույն նոյեմբերի 9-ի եռակողմ կապիտուլյացիոն հայտարարության և դրան հաջորդող համաձայնագրերում խոսվում է երկկողմ պարտականությունների մասին:
Այստեղ է տեղին ևս մեկ անգամ վերհիշել հերոս Մոնթե Մելքոնյանի խոսքերը, որոնք մարգարեության պես իրականություն են դառնում այսօր: Սակայն մարգարեության հետևում թաքնված է քաղաքական և ազգային մտածողության դրսևորում, ինչի շնորհիվ մենք կերտեցինք հաղթանակ 1991-1994 թթ.-ին և որը բանալին է մեր ապագա հաղթանակների: Իսկ ապագա սեպտեմբերի 27-երից խուսափելու և հաղթանակներ կերտելու համար հարկավոր է հենց ազգային մտածողություն ունեցող իշխանության ձևավորում և քաղաքական թուրքերի` ասպարեզից հեռացում:
Կարեն Իգիթյան, Սյուզան Նաջարյան
Հայկական Ալիք

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ