“Հայաստանը մի քանի ամիս ընդհատումով կրկին ունի քաղբանտարկյալներ”. Նիկոլ Փաշինյան
“Այսօր ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը կայացրեց հերթական խայտառակ քաղաքական դատավճիռը”,-քիչ առաջ ՀՀ ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, դատավորներն ուժի մեջ թողեցին Երեւանի Կենտրոն եւ Նորք -Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով ՀԱԿ ակտիվիստները տարբեր ժամկետներիի ազատազրկման դատապարտվեցին:
Պատգամավորի խոսքով, թե առաջին ատյանի , թե վերաքննիչ դատարանները թույլ են տվել ՀՀ քր. օր. մի շարք կոպտագույն խախտումներ, վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանական կողմի բոլոր ութ միջնորդությունները եւ ամբաստանյալներին հեռացրել դահլիճից:
“Դատավճիռը այսօրվա խորհրդարանական քննարկումների ֆոնին սիմվոլիկ է, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ քննարկում են, թե ինչու ՀՀ-ն քսանմեկերորդ դարի երկրորդ տասնամյակում կանգնած է այս իրավիճակում: ՀՀ-ն այսօր այս վիճակում է, որովհետեւ սկսած երկու հազար ութ թվականից , ապօրինի դատական համակարգը, պետական ռեսուրսները կիրառում է իշխանությունը պահելու համար”-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը եւ շարունակեց.”Փոխանակ դատական համակարգը բացահայտի մարտի մեկի մեղավորներին, նոր գործընթաց է սկսել, որով ՀՀ մի քանի ամիս ընդհատումով կրկին ունի քաղբանտարկյալներ”:
Փաշինյանի խոսքով, սա նշանակում է հետեւյալը.”Ինչպես իշխանավորները երկար պնդում էին, այդպես էլ երկու հազար ութ թվականից դասեր չեն քաղել”: