“1915” հոգեբանական թրիլլերը` շուտով
Հունվար 28, Լոս Անջելես – Այսօր “Bloodvine Media” և “Strongman” ընկերությունները հայտարարեցին իրենց համատեղ համագործակցության՝ սպասվող “1915” ֆիլմի մասին: Ֆիլմը հոգեբանական թրիլլեր է, որը պատմում է ժամանակակից պատմության ամենասարսափելի դեպքերից մեկի մասին:
“1915”-ը համահեղինակներ-ռեժիսորներ Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի դեբյուտային գեղարվեստական ֆիլմն է: Պրոդյուսեր Թերրի Լեոնարդի (“Քանի դեռ ես չեմ վերացել”, “Ցուրտը գալիս է գիշերը”, “Ամիրա և Սեմ”, “Որսորդական շունը”) և միջազգային դերասանական կազմի՝ Սիմոն Աբգարյանի (“Կազինո Ռոյալ”, “Սպի”, “Գետտ”), Անժելա Սարաֆյանի (“Ներգաղթյալը”, “Մթնշաղ”), Սեմ Փեյջի (“Խենթ մարդ”, “Ստվարաթղթե տնակը”), Նիկոլայ Կինսկու (“Էոն Ֆլաքս”) և Ջիմ Փիդդոքի (HBO-ի “Տոհմածառը”, “Պրեստիժ”) համատեղ ուժերով “1915» ֆիլմը նկարահանվել է Լոս Անջելեսում:
Ֆիլմի շնորհանդեսը կկայանա 2015թ.-ին՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այն կներկայացնի հերոսի վտանգավոր և վիճելի առաքելությունը՝ վերակենդանացնելու մոռացված դժբախտությունը: Այն առաջատար դերակատարություն կունենա այն համաշխարհային շարժման մեջ, որը միտված է լույս սփռել նախորդ դարաշրջանում տեղի ունեցած բոլոր ցեղասպանությունների վրա: “1915”-ի ներկայությունը Հայաստանում կապահովի կինոնկարի գործընկեր Ռազմավարական և Ազգային Հետազոտությունների Հայկական Կենտրոն-ը (ՌԱՀՀԿ / ACNIS):
“Մենք ակնկալում ենք, որ “1915”-ը կլինի ավելին, քան ֆիլմ, – ասել է համահեղինակ-ռեժիսոր Կարին Հովհաննիսյանը, – Մենք այն նկարահանել ենք ոչ միայն իբրև գեղարվեստական գործ, այլև որպես հակահարված՝ ընդդեմ շարունակական լռության, անտարբերության և ժխտողականության, որոնք սնել են ցեղասպանության մի ամբողջ դարաշրջան”:
“1915”-ի ինքնատիպ երաժշտությունը մշակել է Գրեմմի մրցանակակիր, երաժիշտ և մարդու իրավունքների ջատագով Սերժ Թանկյանը (System Of a Down): Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար՝ այցելե´ք www.1915themovie.com: