Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի և անհնար է. Արցախի պետնախարար

Արցախի Հանրապետության ժողովրդի ու իշխանությունների համար կան ուղենիշային անսակարկելի ճշմարտություններ, մասնավորապես՝
- Արցախի ապագային առնչվող վճռորոշ հարցերը պետք է որոշվեն առաջնահերթորեն Արցախի հայության կողմից, որտեղ ողջ հայ ժողովրդի դերակատարությունը ևս կարևոր է՝ հաշվի առնելով Արցախի բացառիկ նշանակությունը հայ ազգի ու Մայր Հայաստանի համար.
 - Ադրբեջանա-արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լրիվ իրացման ու ճանաչման հիմքով՝ նպատակ ունենալով հասնել անկախության միջազգային ճանաչման.
 - Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի և անհնար է, քանի որ՝
 
- Արցախը պատմականորեն բացառապես հայ ժողովրդի հայրենիքն է և պատմության զեղծարարությամբ ադրբեջանցիները չեն կարող յուրացնել մեր հայրենիքը,
 - Արցախի ժողովուրդը ինքնորոշվել է ազատ ու անկախ պետականություն ունենալու օգտին և մենք ենք մեր ճակատագրի որոշողները,
 - Դարավոր թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը հայերի հանդեպ և հատկապես վերջին տասնամյակների շարունակական ու ահագնացող հայատյացության քաղաքականությունը պարզապես գոյաբանական առումով բացառում են Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում.
 
- Մեր բռնազավթված տարածքները պետք է վերադարձվեն, իսկ տեղահանված քաղաքացիները՝ վերադառնան հայրենի տներ.
 - Արցախն ու Մայր Հայաստանը պետք է ուղիղ, հուսալի ու ինքնիշխան ցամաքային կապ ունենան միմյանց հետ.
 - Մենք պատրաստ ենք պահպանելու և պաշտպանելու ծանր զոհողությունների գնով ձեռքբերված մեր արժեքները՝ պետականությունը, ազգային արժանապատվությունը և սեփական հայրենիքում ապրելու ու արարելու ազատությունը.
 - Մենք նախընտրում և պատրաստ ենք նաև տարածաշրջանի խաղաղ ու կայուն զարգացմանը՝ բոլոր ժողովուրդների ու պետությունների իրավունքների ու արժանապատվության հարգման և ուժի կիրառման բացառման սկզբունքների հիման վրա:
 
                










































