25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խաչը մեր փրկության նշանն է. խաչվերաց

«Փառավորենք Տիրոջ ազնիվ ու կենարար Խաչը, քանզի Խաչը մեր փրկության նշանն է, Խաչը քրիստոնյաների հույսն է, Խաչը եկեղեցու հիմքն է, Խաչը սատանայի պարտությունն է, Խաչը որբերին հայր է, Խաչը ամբարիշտների դատավորն է, Խաչը հիվանդների բժիշկն է, Խաչը օրվա զենքն ու գիշերվա պահպանիչն է, Խաչը ծարավողների աղբյուրն է, Խաչը լույսն է խավարում նստածների և ազատագրումը գերվածների, Խաչը անօրենի տապալումն է»:
 
Ս. Հովհան Ոսկեբերան

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այս տարի սեպտեմբերի 11-ին տոնում է Խաչվերացը՝ Սըրբխեչը։ Այն Խաչին նվիրված ամենակարևոր տոնն է,  խորհրդանշում է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակը: Հայաստանյայց եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Իսկ հաջորդող երկուշաբթին ինչպես բոլոր տաղավար տոներին հաջորդ օրը մեռելոց է։  Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: Խաչվերաց նշանակում է Խաչը վեր բարձրացնել ի տես քրիստոնյա աշխարհի: Այս տոնը Տիրոջ խաչափայտի հիշատակության, փառաբանման  տոնն է: 

Խաչվերացի խորհուրդը խաչը գտնելու մեջ է, այս տոնը հաստատվեց խաչի երեք գյուտերի արդյունքում։ Խաչը կորցնում ենք անտարբերության, մեղքի և թշնամանքի, չարության պատճառով։ Իսկ գտնում ենք այդ ախտերը հաղթահարելու արդյունքում»։ Սուրբ խաչի գյուտից հետո Հեղինե թագուհին սուրբ Կոստանդիանոս կայսեր հրամանով Գողգոթայի վրա կառուցեց «Սուրբ Հարության» տաճարը և այնտեղ կանգնեցրեց Տիրոջ խաչափայտը: Ապա նաև Բեթղեհեմում և այլ տնօրինական վայրերում տաճարներ և մատուռներ կառուցեց: 

Տոնի հիմքում պատմական իրադարձություն է: 614 թվականին Պարսից Խոսրով թագավորը գրավում է Երուսաղեմը` գրեթե հիմնովին ավերելով այն: Պարսիկները, նյութական և հոգևոր արժեքների հետ գերեվարում են նաև Տիրոջ խաչափայտը և տանում Պարսկաստան: Տասնչորս տարի անց, Բյուզանդիայի Հերակլ կայսրը մեծ զորքով շարժվում է Պարսից երկիր` վերադարձնելու Փրկչի Խաչափայտը: Բյուզանդացիները խաչն ազատում են գերությունից և հանդիսավոր թափորով տանում Երուսաղեմ: Թափորն անցնում է նաև պատմական Հայաստանի Կարնո գավառով: Երեք տարի Պոլսում մնալուց հետո, կայսրն այն անձամբ Երուսաղեմ է տանում և ուսի վրա դրած բարձրացնում սուրբ Հարության տաճար ի տես բոլոր քրիստոնյաների: Հենց այդ ժամանակից էլ մեծ հանդիսավորությամբ նշվում է Սուրբ Խաչի գերությունից վերադարձի ու բարձրացման տոնը: Խաչվերացը հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի: Ըստ Տաթևացու, Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»: Խաչի բարձրացումով մեկ անգամ ևս հաստատվեց Քրիստոսի հաղթանակն ընդդեմ մահվան:

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ