«Կոռուպցիան սարսափելի դեմքով, պոզով-պոչով կենդանի չէ»․ Փաշինյանը խաբել է․ մաս 85․ «Ժողովուրդ»
«Կոռուպցիայի դեմ պայքարն իր կառավարության հիմնական առաքելությունը հռչակած Նիկոլ Փաշինյանի օրոք անգամ կոռուպցիան դեռ շարունակում է տեղի ունենալ իշխանությունում: Ինչպես ասում էր Փաշինյանը. «Կոռուպցիան սարսափելի դեմքով, պոզով-պոչով կենդանի չէ, երբեմն այն ունի բավականին հաճելի, գրավիչ, երբեմն՝ գայթակղող արտաքին»։ Նրան, փաստորեն, գրավել է «բավականին հաճելի, գրավիչ, երբեմն՝ գայթակղող արտաքինը»։ 2020 թվականի օգոստոսի 13-ին կառավարության նիստում գործադիրը չզեկուցվող հարցերից մեկով թույլատրել է վարչապետի աշխատակազմին փոփոխություն կատարել «Անտարես»-ի հետ դեռեւս 2019 թվականի դեկտեմբերի 26-ին 21 միլիոն 500 հազար դրամ արժեքով պայմանագրում եւ ծառայությունների մատուցման վերջնաժամկետը երկարաձգել մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 25-ը։
Պայմանագիրը կնքվել է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականը հանրությանը ներկայացնելու համար ծավալվող գովազդային արշավը ներկայացնելու համար, որն իրականացնելու է «Անտարես» հրատարակչությունը։ Նշենք, որ Արմեն Մարտիրոսյանը, որը հանդիսանում է «Անտարես» ՍՊ ընկերության տնօրենը, բացի ակտիվ հեղափոխական լինելուց, իշխանական ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի վաղեմի ընկերն ու մտերիմն է։ Նա ոչ միայն ակտիվ մասնակցություն է ունեցել ապրիլ-մայիսյան իշխանափոխության գործընթացին, այլ նաեւ մասնակցել է դատարանների շենքերի շրջափակմանը։ Եվ չնայած բազմաթիվ քննադատություններին` փաստորեն, կոռուպցիոն ռիսկեր պարունակող համագործակցությունը շարունակվում է նաեւ այս տարի, այսինքն՝ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»: