Պերմյակովը հանցակից ունի՞ /վիդեո/
Շրջանառվող վարկածի համաձայն` Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը միայնակ չի գործել: Տարածված խոսակցությունների համաձայն` հունվարի 12-ին ռազմաբազան լքել են 6 զինծառայողներ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը` չհերքելով եւ չհաստատելով տարածված վարկածը:
Փոխոստիկանապետը հայտնեց, որ նախաքննության ընթացքում տարբեր վարկածներ են առաջ քաշվում, որոնք ուսումնասիրվում` կամ հերքվում են, կամ հաստատվում:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել է նաեւ նա:
Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Ռուս զինծառայողն ընդունել է առաջադրված մեղադրանքը:
Մանրամասները՝ տեսանյութում: