22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աճը նույնքան արագ կարող է փլվել․ 168․am

 

168․am-ը գրում է․ Հայաստանի տնտեսության աճի այս տարվա սպասումների վերաբերյալ մասնագիտացված կառույցների գնահատականները շատ հեռու են այն փաստացի ցուցանիշներից, որոնք մինչև հիմա արձանագրում է պաշտոնական վիճակագրությունը։ Թեև ռուս-ուկրաինական հակամարտությունից ամիսներ անց միջազգային ու տեղական որոշ ֆինանսական կառույցներ վերանայել են իրենց նախկին կանխատեսումները, այնուհանդերձ դրանք շարունակում են բավական ցածր դիրքում մնալ։
Լավագույն գնահատականն այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ տատանվում է 3,5-4 տոկոսի սահմաններում։ Այն դեպքում, երբ տարվա առաջին կեսի արդյունքներով՝ ունենք տնտեսական ակտիվության երկնիշ աճ։

Թե ինչո՞ւ են պաշտոնապես արձանագրվող այսպիսի բարձր ցուցանիշների պարագայում մասնագիտացված կառույցները շարունակում ցածր պահել Հայաստանի տնտեսության այս տարվա աճի իրենց կանխատեսումը, պետք է փնտրել տնտեսական ակտիվության ու աճի կառուցվածքում։ Այդ կառուցվածքը լուրջ ռիսկեր է պարունակում և կարող է ցանկացած պահի փլվել, երբ վերանան աճի վրա ազդող գործոնները։ Գործոններ, որոնք արհեստածին են և առաջացել են ռուս-ուկրաինական հակամարտության ու Ռուսաստանի տնտեսության նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետևանքով։
Այս պահին դժվար է ասել, թե այդ գործոններն ինչքան կշարունակվեն։ Բայց որ ինչ-որ պահից դրանք դադարելու են, կասկած չկա։

Դա կարող է լինել՝ ինչպես մոտ ապագայում, այնպես էլ՝ 6 ամիս, 1 տարի հետո։ Ցանկացած պահի, երբ հանգուցալուծվեց Ռուսաստանի ու Արևմուտքի և Միացյալ Նահանգների միջև ուկրաինական հակամարտության հետ կապված հակասությունը, արտաքին միջավայրից Հայաստանի տնտեսության աճի վրա էական ազդեցություն թողած գործոններն աստիճանաբար թուլանալու են և դադարեն։ Այդ ժամանակ տնտեսությունը մտնելու է ռեցեսիայի կամ աճի այն դանդաղ ընթացքի մեջ, որում եղել է վերջին տարիներին։

Հիշեցնենք, որ նախորդ 4 տարիներին Հայաստանի տնտեսության միջին տարեկան աճը կազմել է ընդամենը 2,8 տոկոս։

Չնայած պաշտոնապես արձանագրված 11,8 տոկոս տնտեսական ակտիվության՝ Հայաստանի այս տարվա տնտեսական աճի ռիսկերը շատ բարձր են։ Դա հիմնված է 2 հիմնական գործոնի՝ ֆինանսական և մարդկային հոսքերի վրա։

Ռուսաստանի տնտեսական իրավիճակը ստիպել է, որպեսզի կապիտալի որոշակի հոսք սկսվի դեպի Հայաստան։ Մասնավոր տրանսֆերտների տեսքով պատժամիջոցներից հետո Ռուսաստանից բավական մեծ գումարներ են գալիս Հայաստան։ Տարեսկզբի 6 ամիսներին այդ երկրից ստացվել է ավելի քան 1 մլրդ 131 մլն դոլար։ Բայց հիմնական մասը եկել է հակամարտությանը հաջորդող ամիսներին։ Մարտ-ապրիլ-մայիս-հունիսին ստացվել է ընդհանուր առմամբ 1 մլրդ 8 մլն դոլար։

Ակնհայտ է, թե տարեսկզբի համեմատ ինչպիսի կտրուկ փոփոխություն են կրել ֆինանսական հոսքերը Ռուսաստանից։ Դրանք էապես գերազանցում են նաև նախորդ տարիների ցուցանիշները։ Սրանք գումարներ են, որոնք տարբեր նպատակներով են տեղափոխվում Հայաստան։

Մի մասը փախնում է Ռուսաստանի տնտեսությունից, մյուս մասը՝ ապրանքային տեսքով հետ է գնում։

Ֆինանսական անկայունության ու բարձր անորոշությունների հետևանքով՝ ռուսական կապիտալի որոշ մասը պարզապես հանգրվանում է Հայաստանի բանկային համակարգում։ Մարդիկ իրենց գումարները տեղափոխում են ու որպես ավանդ՝ դնում հայաստանյան բանկերում։

Այս մասին վերջերս կայացած միջոցառումներից մեկի ժամանակ հայտարարեց նաև Կենտրոնական բանկի նախագահը՝ «Ոչ ռեզիդենտների ցպահանջ արտարժութային ավանդները, այսինքն` այն ավանդները, որոնք ոչ ՀՀ քաղաքացիներն ունեն Հայաստանի առևտրային բանկերում ընթացիկ հաշիվների կամ ավանդների վրա, մարտ-ապրիլ-հունիս ամիսներին կտրուկ աճել են»։ Աճն անցնում է 70 տոկոսից։

Ենթադրվում է, որ այդ գումարների հիմնական մասն ունեն հենց ռուսական ծագում։ Խիստ դժվարացել է ռուսական կապիտալի շարժը որոշ ուղղություններով։ Ու դրանք տարբերակներ են փնտրում՝ ավելի ապահով տեղ գտնելու, ինչպես նաև տեղաշարժի դժվարությունները հաղթահարելու համար։

Ռուսաստանի նկատմամբ կիրառվող ֆինանսական ու տնտեսական պատժամիջոցների պայմաններում, մեզանից անկախ, Հայաստանն ինչ-որ առումով դարձել է հարթակ՝ ռուսական կապիտալի համար։ Այս պահին դրանց մի մասը հանգրվանել է բանկային համակարգում, բայց ցանկացած պահի կարող է հեռանալ։

Ֆինանսական հոսքերից զատ՝ Հայաստանի տնտեսությունը կրում է նաև Ռուսաստանից տեղափոխված մարդկային գործոնի ազդեցությունը։ Հակամարտության սկզբնական շրջանում բավական մեծ քանակությամբ քաղաքացիներ եկան Հայաստան։ Ճիշտ է, նրանց հիմնական մասը կրկին վերադարձավ կամ գնաց մեկ այլ երկիր, բայց մի մասը շարունակում է մնալ և իր գործունեությունը ծավալել Հայաստանում։ Նրանք էլ իրենց հերթին են ֆինանսական հոսքեր ապահովում մեր տնտեսության մեջ՝ ձևավորելով լրացուցիչ բարձր պահանջարկ տնտեսության մի շարք հատվածներում։

Խոսքը, մասնավորապես, ծառայությունների ու ներքին առևտրի մասին է։

Դրա արդյունքում էլ կտրուկ ավելացել է ծառայությունների պահանջարկը։ Մի պահ ներքին շուկան որոշ ուղղություններով նույնիսկ չէր կարողանում այն ամբողջությամբ բավարարել։

Դրսից եկած պահանջարկի ավելացումը տեսնում ենք ծառայությունների ոլորտում արձանագրվող աճերի տեսքով։ Առաջին կիսամյակում այս ոլորտում աճը հասել է գրեթե 27 տոկոսի։ Այն ամբողջությամբ նստած է եղել դրսի պահանջարկի վրա։ Իսկ դրսի պահանջարկը շատ հարաբերական է, որքան կտրուկ ավելանում է, նույնքան կտրուկ կարող է դադարել, երբ վերանան դրան նպաստող գործոնները։

Այդ պարագայում հետևանքները մեր տնտեսության վրա նույնքան կտրուկ կլինեն, որքան արդյունքներն են։ Հատկապես որ, ցածր վճարունակության պատճառով, զուտ ներքին միջավայրից թելադրված պահանջարկը նույնիսկ նվազել է։

Նույնը տեղի է ունենում նաև առևտրի ոլորտում. կրկին զգացնել է տալիս արտաքին պահանջարկը, ու դա երևում է ոչ միայն մանրածախ, այլև մեծածախ առևտրի դեպքում։ Եթե հաշվի առնենք գնաճի նկատմամբ մեր քաղաքացիների հիմնական մասի եկամուտների անհամաչափ ավելացումը, ապա դժվար չէ հասկանալ, որ մանրածախ առևտրի աճը պայմանավորված է ոչ ռեզիդենտների կողմից ներկայացված պահանջարկով։

Ենթադրվում է, որ մեծածախ առևտրի դեպքում էլ այդ աճն ունի արտաքին ուղղվածություն։

Սրանք այն հիմնական գործոններն են, որոնք տարեսկզբին դարձել են խթան Հայաստանի տնտեսության ակտիվության համար։ Բայց ռիսկը մեծ է, որ այդ խթանը ցանկացած պահի կարող է դադարել ու սկսվել հակառակ պրոցեսը։ Այն ոլորտները, որոնք պետք է ապահովեն տնտեսության կայուն աճ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակում են գտնվել պասիվ վիճակում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ