«Պատգամավորն ու ոստիկանությունը թաքցնում էին Աղավնոյի թալանը, իսկ նախարարը հաստատեց». Նաիրի Հոխիկյան
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Թե ինչպես պատգամավորն ու ոստիկանությունը թաքցրին թալանը, իսկ 20 օր հետո նախարարը հաստատեց․ բացահայտման հետքերով
2022-ի օգոստոսի 5-ին Աղավնոյից լուր ստացա, որ տեղում արդեն թալան կա։ Տեղի բնակիչներից մի կին նույնիսկ զանգահարեց, թե ինքը տեսել է, ինչպես են տարել գյուղի որոշ մալուխներ և այլ իրեր։ Հետո հրապարակում արեց նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ նշելով, թե կոնկրետ ինչ են թալանել Աղավնոյից՝ մալուխներ, դվիժոկ և այլն։ Զանգահարեցի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանին։ Հաստատեց։ Տես՝ նկար 1
Հրապարակում արեցի այդ մասին՝ միայն ամոթանք տալով թալանչիներին ու ոստիկանության ուշադրությունը հրավիրելով այդ իրողության վրա։ Տես նկար 2
Օգոստոսի 6-ին շտապեց հերքող հրապարակում անել Արցախի ԱԺ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը՝ ինձ ստախոս անվանելով ու համոզելով, թե Աղավնոյում ոչ մի թալան չկա։ Վիտալի Բալասանյանի կուսակից պատգամավորի գրառումը տես նկար 3։
Օգոստոսի 6-ին Արցախպրեսս լրատվական կայքը, ամենայն հավանականությամբ, նույն պատգամավորից եկած առաջարկ/խնդրանքով մի հրապարակում արեց՝ հերքելով իմ հրապարակումը Աղավնոյի թալանի մասին։ Նույնիսկ Արցախի ոստիկանությունը մեկնաբանեց, թե թալանի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Հորդորում ենք բնակիչներին չտրվել ակնհայտ կեղծիք պարունակող նյութերին և հիմք ընդունել միայն պաշտոնական լրահոսը»,- ասել էր Արցախի ներքին գործերի նախարարության լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: Տես նկար 4։
Օգոստոսի 6-ի երեկոյան ես Աղավնոյում էի։ Զանգեցի գյուղապետ Անդրանիկին, ասաց, պաշտոնյաներ կան գյուղապետարանում, որոնք ինձ ստախոս են անվանում։ Մինչև ես հասա գյուղապետարան՝ դեմ առ դեմ խոսելու այդ պաշտոնյաների հետ, նրանք արդեն շտապ հեռացել էին։ Այդ ընթացքը մոտ 5 րոպե էր։ Անդրանիկն ասաց՝ իրենից պահանջում են, որ ես՝ Նաիրի Հոխիկյանս, հերքեմ իմ հայտարարությունները։ Անդրանիկն ասել է, որ նման հարցով ինձ չի դիմի, քանի որ օրեր անց կապացուցվի ինչպես իր, այնպես էլ իմ ասածը։
Հաջորդ օրերին Արցախում որոշ պաշտոնյաների կողմից շարունակվեց իմ դեմ հերյուրանքը, թե իբր թալանի մասին իմ զգուշացումները կեղծիք են, և Բերձորն ու Աղավնոն պատշաճ կերպով պահպանվում են։ Եվ դա այն դեպքում, երբ ինքս տեսնում էի սեփական աչքով թալանի մասշտաբները, նույնը տեսնում էին նաև տեղի բնակիչները, որոնց արգելվում էր որևէ ավելորդ բան վերցնել բնակավայրից։
Օգոստոսի 23-ին Արցախի Տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը պաշտոնական հայտարարություն է արել, որից մեջբերում եմ հետևյալը․ «Բերձորում թալանվել էր տրանսֆորմատորների յուղը: Բերձորում բռնկված հրդեհը լուրջ սպառնալիքներ է ստեղծել ՀՀ-ից Արցախ եկող բարձավոլտ էլեկտրագծի համար: Աղավնոյի հատվածում թալանվել է օպտիկամանրաթելային մալուխը, ինչի պատճառով որոշ ժամանակ Արցախն առանց ինտերնետի էր: Մետաղի ջարդոն գողացողների կողմից թալանվել, ոչնչացվել էին կապի աշտարակները»: Տես նկար 5։
Ստացվում է, այն, ինչ ես օրեր առաջ ասում էի, ու ոստիկանությունը, պետական լրատվամիջոցը, պատգամավորը ջանասիրաբար հերքում ու ինձ ստախոս էին անվանում, հիմա նույն թալանի մասին փաստը հաստատում է Արցախի բարձր պաշտոնյան՝ նախարարը։ Ո՞վ է ստում՝ նախարա՞րը, թե պատգամավորը։
Հիմա արդյո՞ք այնքան բարոյականություն ու տղամարդկություն կունենան ինձ վարկաբեկող պաշտոնյաները, որ առնվազն ներողություն խնդրեն իրենց հիմար խոսքերի համար, թե՞ կմնան նույնքան անբարո ու տմարդի։ Հիմա ո՞վ է ակնհայտ կեղծիք պարունակող նյութեր տարածում, Արցախի ներքին գործերի նախարարության լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ հարգելի Հունան Թադևոսյան։ Գուցե նույն Արցախպրեսում էլի հարցազրույց տաք ու ասե՞ք, որ Աղավնոյի թալանի մասին Նաիրի Հոխիկյանը ճիշտ էր ասում։ Դա կլինի Ձեր կողմից տղամարդկություն։
Ինչ որ անում եմ, Արցախի ամրության համար եմ անում, իսկ չինովնիկները մնում են չինովնիկ։ Հայհոյում են, վարկաբեկում, բայց հետո երբ ապացուցվում է իրենց սնանկությունը, մոռանում են ամեն ինչ ու շարունակում չինովնիկին հատուկ մյուս գործերը։ Ազնիվ մարդիկ, սակայն, ոչինչ չեն մոռանում։ Աստված ևս ոչինչ աչքաթող չի անում ու ոչինչ չի մոռանում։ Արցախը այդպիսի անհայրենիք չինովնիկներին չի, Արցախը հայինն է, ով ապրել ու կշարունակի ապրել Արցախում՝ թալանված, հոշոտված, բայց կանգուն Արցախում։
Դիմում եմ Արցախի բոլոր պաշտոնյաներին, ձեր մեջ կան ազնվագույն ու նվիրյալ մարդիկ, բայց կան նաև պարազիտներ։ Հարգեք Արցախի պետականությունը, հարգեք այն, ինչ դեռևս մեզ է մնացել ու սիրեք ձեր հայրենիքը։ Դրանից ավելի թանկ բան չկա, նույնիսկ սեփական գրպանն ու փորը ավելի թանկ չեն»։