Հանրային խորհրդում դեմ են
Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի տարածքում ոսկու հանքավայրի շահագործման հարցը լուրջ մտահոգություն է առաջացրել համայնքի բնակիչների շրջանում:
Վերջիններս իրենց բողոքն են հայտնել Հանրային խորհրդին, որն էլ իր հերթին հունվարի 23-ին կազմակերպել է ՀԽ 4 հանձնաժողովների համատեղ նիստ՝ հրավիրելով շահագրգիռ կողմերին քննարկելու հարցը:
ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի, Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի, Ազգային փոքրամասնությունների հարցերի, ինչպես նաեւ Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովների համատեղ նիստին մասնակցել են պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, Ֆիոլետովո համայնքի բնակիչներ, երկրաբաններ ու բնապահպաններ, ինչպես նաեւ ոսկու հանքավայրը շահագործել ցանկացող կողմը՝ “Գրեյդ Ռեդմետ” ՍՊԸ-ի ներկայացուցիչը:
“Գրեյդ Ռեդմետ” ՍՊԸ-ն ՀՀ բնապահպանության նախարարություն է ներկայացրել Ֆիոլետովո համայնքում ոսկու հանքավայրի շահագործման նախագիծ, որը պետք է համապատասխան փորձաքննության ենթարկվի, եւ փորձաքննության արդյունքների հիման վրա որոշվի շահագործելու թույլտվություն տալու կամ չտալու հարցը: Ըստ նախագծի՝ հանքավայրը պետք է շահագործվի բաց եղանակով, ինչն էլ մտահոգությունների տեղիք է տալիս:
Քննարկման ժամանակ Ֆիոլետովո համայնքի ներկայացուցիչներից մեկը, ներկայացնելով համայնքի բնակիչների բողոքը, նշել է, որ իրենց հիմնական զբաղմունքն ու եկամտի աղբյուրը հողագործությունն է, եւ հանքավայրի շահագործումը վնաս կհասցնի բնամթերքին: Բացի այդ, գյուղը կարող է կանգնել նաեւ ջրազրկման վտանգի առաջ:
Բաց եղանակով հանքի շահագործմանը դեմ է արտահայտվել նաեւ Հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը՝ բարձր գնահատելով համայնքի բնակիչների միահամուռ դիրքորոշումն ու նշել, որ խնդիրը ոչ միայն Ֆիոլետովո համայնքինն է, այլեւ առկա է ողջ հանրապետությունում:
Հանրային խորհրդի հանձնաժողովներում ընդգրկված երկրաբանները խոսել են հանքի շահագործման դեպքում տարածաշրջանի աղբյուրներին ու արոտավայրերին սպառնացող վտանգի մասին՝ ընդգծելով, որ մինչեւ շահագործման թույլտվություն տալը, պետական համապատասխան կառույցները պետք է լուրջ փորձագիտական գործընթաց իրականացնեն:
Մասնագետները չեն բացառել հանքի շահագործման դեպքում սեյսմիկ վտանգի առաջացումը, քանի որ այն գտվում է սեյսմիկ գոտում:
Քննարկմանը մասնակից երկրաբանները բարձրացրել են նաեւ տարածքում հարյուրամյակների ընթացքում ձեւավորված մշակութային շերտերին սպառնացող վտանգի հարցը՝ առաջարկելով, որ մշակույթի նախարարությունը նույնպես իր տեսակետը հայտնի հանքի շահագործման վերաբերյալ:
Հանրային խորհրդի անդամ, Ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Սուրեն Զոլյանը նույնպես ներկայացրել է հանձնաժողի բացասական դիրքորոշումը: Նա խնդիրը ներկայացրել է նաեւ ազգային փոքրամասնությունների իրավունքների տեսանկյունից, ինչն ամրագրված է միջազգային պայմանագրերով ու տեղական օրենսդրությամբ: Ըստ Զոլյանի՝ Ֆիոլետովոն Հայաստանի եւ գուցեեւ աշխարհի այն եզակի մոլականական գյուղերից է, որը պահպանել է իր ավանդույթներն ու արժեհամակարգը յուրօրինակ ձեւով եւ դրանով իսկ մշակութային արժեք է իրենից ներկայացնում: Զոլյանը Ֆիոլետովո համայնքը կարեւորել է նաեւ տուրիզմի զարգացման տեսանկյունից՝ նշելով, որ հանքի շահագործումը կարող է վնաս հասցնել գյուղին նաեւ այդ առումով:
Հանրային խորհրդի անդամ, ՀԽ գյուղատնտեսական հարցերի նախագահ Յուրի Ջավադյանը նույնպես կարեւորել է հարցը համակողմանիորեն քննարկելու անհրաժեշտությունը: Նա հանքը շահագործել ցանկացող ընկերության ներկայացուցչին հորդորել է ներկայացնել հանքը փակ համակարգով շահագործելու տարբերակ, որով միգուցե հնարավոր լինի չեզոքացնել վնասները:
Բնապահպանական փորձաքննության ՊՕԱԿ-ի փոխտնօրեն Հենրիկ Գրիգորյանը հայտնել է, որ համայնքում հարցի վերաբերյալ տեղի են ունեցել հանրային լսումներ, եւ քանի որ համայնքի բնակիչները դեմ են արտահայտվել հանքի շահագործմանը, ընկերությունը դիմել է իրենց՝ կասեցնելու փորձաքննական գործընթացները, մինչեւ խնդրահարույց հարցերը կարգավորվեն:
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության օգտակար հանածոների եւ ընդհանուր երկրաբանության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանը նշել է, որ իրենց կողմից որոշում չի կարող կայացվել, քանի դեռ չեն կատարվել համապատասխան փորձաքննություններ:
Բնապահպանության նախարարության ընդերքի վարչության պետ Վիգեն Ավետիսյանը ներկաներին հավաստիացրել է, որ բնապահպանության նախարարի կողմից կա հանձնարարական՝ հաշվի առնել բոլոր տեսակետները, որից հետո միայն տալ համապատասխան եզրակացություն:
Ներկաները լսել են նաեւ հանքը շահագործել ցանկացող ընկերության ներկայացուցչի տեսակետները: Վերջինս առարկել է բնապահպանների, երկրաբանների կողմից բերված որոշ փաստարկներ, միաժամանակ նշել, որ իրենք պատրաստ են ընդունելու քննարկման ընթացքում հնչած առաջարկներն ու հաշվի նստել բարձրացված հարցերի հետ: Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք չեն կարող իրենց նախագիծն իրականացնել համայնքի բնակիչների անհամաձայնության դեպքում՝ միաժամանակ առաջ քաշելով իրենց կողմից արդեն իսկ իրականացված ծախսերի փոխհատուցման խնդիրը: Որպես հանքի շահագործման դրական կողմ՝ նա ընդգծել է աշխատատեղերի ստեղծման հանգամանքը:
Հաշվի առնելով հանքի շահագործման հետ կապված պատմամշակութային, ընդերքաբանական, բնապահպանական խնդիրները՝ ներկաները փաստել են, որ հանքի շահագործումը բաց եղանակով լուրջ հետեւանքներ կարող է առաջացնել: Ուստի Հանրային խորհրդի 4 հանձնաժողովներն էլ բացասական դիրքորոշում են հայտնել նախագծի վերաբերյալ՝ հայտարարելով, որ այն նպատակահարմար չէ:
Այդ դիրքորոշումը կներկայացվի նաեւ Հանրային խորհրդի նախագահին, ինչպես նաեւ ՀՀ կառավարության ղեկավարին: