Մեր ժամանակի հերոսը. երեք երեխաների հայր զինվորին հուղարկավորեցին

Արման Ուդումյանի հուղարկավորությանը ողջ գյուղն էր ներկա: Արցունքներին փոխարինելու եկած հավատի ու վստահության կոչ հնչեց Մովսես գյուղի հոգեւոր հովիվ Տեր Աբելի շուրթերից:
Քահանան կենաց ու մահու պայքարի ու Արմանի` դեռւես չհուղարկավորված դիակի մոտ հավաքեց Չորաթան գյուղի բնակիչներին: Մշակույթի տան դռները բաց էին հայրենանվեր հայորդու առաջ ցավոք վերջին անգամ:
“Ահա այսքան դաժանություն կա չարիքի մեջ, որովհետեւ ընդհատվում է կյանքը, որ Աստծու կողմից տրված ամենամեծ պարգեւն է”,- ասաց քահանան: Նա միասնականության կոչ արեց բոլոր հայերին:
“Այսպիսի դալար ծառ էլ է ջարդվում, բայց այդ դալար ծառը երեք շիվ ունի, այն ինչը մեզ համար ընդհատված է կարծվում, բուռն կյանքի սկիզբ է…”:
Չորաթանցները երդվեցին` մահվան ու խաղաղության արանքում հաղթած` հավատով լցված հայացքով: Արմանի հրամանատարը` գնդապետ Սամվել Մինասյանը հուզված էր: Սակայն հպարտությամբ ընթերցեց եւ Արմանի հորը` Ռաշիդին, հանձնեց որդու հետմահու պարգեւը`ՀՀ նախագահի կողմից արիության մեդալը:
“Պատերազմը դեռ չի դադարել, եւ բոլորս պետք է լցվենք հաղթանակի ոգով: Մենք բոլորս պետք է գտնենք մեր ժամանակի հերոսին, ով պաշտպանեց մեր բոլորի ոգու անդորրը”,- ասաց հրամանատարը:
Արման Ուդումյանի հարազատներին ցավակցվական ուղերձներ էին հղել նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը եւ այլոք:
Henaran.am-ի հետ զրույցում Գագիկ Մելիքյանը նշեց.
“Ես համոզված եմ, որ սա թուրք-ադրբեջանական որոշման արդյունք է, սակայն ցանկացած նման դեպք սահմանամերձ տարածքներում ժողովրդի մեջ ավելի շատ ամրություն եւ կորով է սերմանում»:
Չորաթան գյուղի գյուղապետ Վարուժան Բաղմանյանն էլ, արտահայտելով իր ցավը, նկատեց, որ Արմանի ընտանիքը մնաց առանց կերակրողի.
“Արմանը երեք երեխա ունի, ընտանիքը գտնվում է բավականինծանր սոցիալական վիճակում: Հուղարկավորության համար իրենց նպաստն ունեցան ԱԺ պատգամավորներ` Հակոբ Հակոբյանը, Գագիկ Մելիքյանը, պաշտպանության նախարար` Սեյրան Օհանյանը, որոնց ես հայտնում եմ` իմ խորին շնորհակալությունը”: