Վարդան Պետրոսյանը կասի իր ՛՛վերջին՛՛ խոսքը

“Սա այն գործերից էր, որը հնարավորություն կտար ներկայացնել, որ մեր պետությունում գործում է անմեղության կանխավարկածը, որ այն իրավական պետություն է”,- Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում իր պաշտպանական խոսքում ասաց դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է “Վազ 21214” մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով “Վազ-21214” մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ “Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ”։
Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։
“Ահազանգի պահը հիմք ընդունելով՝ չի կարելի որոշել վթարի ժամը, ինչպես իր մեղադրական ճառում ասել է դատախազը: Պետք է պարզել, թե արդյոք հեռախոսով խոսելը պատճառահետևանքային կապ է ունեցել վթարի հետ: Պետք է նաև պարզել, թե արդյոք այդ պահին հեռախոսը եղել է Վարդան Պետրոսյանի ձեռքին, քանի որ ըստ համապատասխան օրենքի, հեռախոսով խոսելը զանցանք չի համարվում”,-իր խոսքում ասաց պաշտպանը:
Ինչ վերաբերում է արագության գերազանցման թեմային, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, թե դատարանը պետք է պարզի, թե որ ապացույցն է ավելի հիմնավոր, այն, որ տվյալ հատվածը, ուր տեղի է ունեցել վթարը, բնակավա՞յր է, ինչպես նշել են ինչ-որ մասնավոր ընկերություններ, թե՞ բնակավայր չէ, ինչպես նշել են պետական մարմինները:
Նշենք, որ պետական մեղադրողը դատարանին միջնորդել էր Վարդան Պետրոսյանին դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Այս դատական նիստում Պետրոսյանը կասի իր վերջին խոսքը: