20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ցավոք, հուսադրող բան չեմ կարող ասել. Ռոբերտ Քոչարյանի նոր հարցազրույցը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 2rd.am-ին: 

 

Պարոն նախագահ, առաջին հերթին անդրադառնանք Գյումրու ողբերգությանը: Բառացիորեն այն պահից, ինչ մարդասպանին կալանավորեցին, Գյումրիում դժգոհության մեծ ալիք բարձրացավ: Զգացմունքային ծայրահեղ լարվածության մթնոլորտում բախումներ տեղի ունեցան ոստիկանական ուժերի հետ: Հայտնի է, որ այդ ամենի, ինչպես եւ հիմա անընդհատ ահագնացող դժգոհության պատճառը երկու անպատասխան հարցերն էին. ո՞ր երկրի օրենքներով պետք է դատվի մարդասպանը եւ ո՞ր պետության տարածքում պետք է կրի իր պատիժը: Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անեին իշխանությունները այդ իրավիճակում: 

-Գյումրիում կատարված ոճրագործությունը, որ ցնցեց ամբողջ Հայաստանը, ապշեցնում է իր դաժանությամբ: Ակնհայտ էր, որ մարդկանց վրդովմունքը կարող է վերածվել զանգվածային գործողությունների՝ անկանխատեսելի հետեւանքներով: Դա կանխելու համար անհրաժեշտ էին իշխանությունների կայծակնային առաջանցիկ գործողությունները: Եվ առաջին հերթին՝ միանշանակ հավաստիացումներն առ այն, որ ոճրագործությունը կհետաքննվի հայաստանյան իրավապահ մարմինների կողմից ու հանցագործը կկանգնի ՀՀ դատարանի առաջ (առավել եւս, որ մենք ունենք նման որոշման նախադեպ՝ 1999 թվականին):

Վստահ եմ, որ դա ուղղակի անհրաժեշտ էր ինչպես հայկական, այնպես էլ ռուսական կողմին, քանի որ այդպիսով կկանխվեին բոլոր փորձերը դիտարկելու հայ-ռուսական հարաբերությունները՝ կոնկրետ ողբերգական դեպքի համատեքստում: Մեր պաշտոնյաների լղոզված, իրարամերժ եւ շփոթված հայտարարությունները յուղ լցրեցին կրակի վրա, եւ առանց այդ էլ լարված իրավիճակին ազգային նվաստացման երանգ հաղորդեցին: Իսկ դա արդեն պայթյունավտանգ համադրություն էր եւ, ցավոք, մարդկանց զայրույթը թափվեց հայ ոստիկանների վրա: Այսպես թե այնպես, Գյումրիում տեղի ունեցածը սարսափելի ողբերգություն էր: Ես եւ իմ ընտանիքը խորապես ցնցված ենք եւ կիսում ենք բոլորի վիշտը:

-Դրամի փոխարժեքի կտրուկ անկումը, որ տեղի ունեցավ անցած տարեվերջին, իսկական շոկ առաջացրեց: Ազգային արժույթի այսպիսի արժեզրկում Հայաստանում վաղուց չէր եղել: Կառավարության ներկայացուցիչները տեղի ունեցածը բացատրեցին աշխարհաքաղաքական պատճառներով, մասնավորապես՝ ռուբլու եւ նավթի գների անկմամբ, հակառուսական պատժամիջոցների հետեւանքներով եւ այլն: Ի՞նչ եք կարծում, իրո՞ք այսպես անվանվող “սեւ” դեկտեմբերը պայմանավորված էր բացառապես արտաքին գործոններով: Համարժե՞ք էին արդյոք իշխանությունների գործողությունները ստեղծված իրավիճակին: Եվ պե՞տք է արդյոք սպասել դրամի հետագա արժեզրկմանը: 

-Վերջին 5 տարիներին սա արդեն երկրորդ դեպքն է: Իհարկե, շատ հեշտ է ամեն ինչ բարդել արտաքին գործոնների վրա եւ ներկայանալ որպես աշխարհաքաղաքական գործընթացների զոհ: 1998 թվականի օգոստոսի դեֆոլտի ժամանակ ռուսական տնտեսությունը շատ ավելի վատ վիճակում էր: Այն 6 տոկոսի անկում ապրեց, իսկ ռուբլին դոլարի նկատմամբ էժանացավ 3 անգամ: Սա շատ ավելին է, քան հիմա եւ, բացի այդ, ներկայումս Ռուսաստանը արտարժույթի եւ ոսկու պատկառելի պահուստներ ունի, ինչը բացառում է երկրի դեֆոլտը: Բայց նույնիսկ այդ պայմաններում հայկական դրամը պահպանեց կայունությունը, թեեւ այն ժամանակ Հայաստանի տնտեսությունն ու բանկային համակարգը շատ ավելի թույլ էին: 

Բնական է. արտաքին գործոնները նշանակություն ունեն, բայց անցած տարվա դեկտեմբերին դրանք ոչ թե մեր տնտեսության հիվանդանալու պատճառ դարձան, այլ ի ցույց դրեցին արդեն առկա հիվանդությունները: Դրամի եւ ռուսական ռուբլու վարքի այդպիսի համահարաբերականություն չպետք է լիներ: Սակայն, մեզանում գերիշխող տրամադրությունների եւ բացասական սպասումների պարագայում փոխարժեքի տատանումների վրա նույնիսկ աննշան սպեկուլյացիաները կարող են մարդկանց խուճապային վարքի պատճառ դառնալ եւ որոշիչ դերակատարություն ունենալ, նույնիսկ՝ թվացյալ ֆինանսական կայունության պարագայում: 

Ֆորմալ տեսանկյունից դրամի փոխարժեքի կայունության պատասխանատուն ՀՀ Կենտրոնական բանկն է, որն այդ օրերին կայունացմանն ուղղված որոշակի ջանքեր էր գործադրում՝ իր լիազորությունների շրջանակում: Բայց դեկտեմբերյան իրավիճակում դա ակնհայտորեն բավարար չէր: Իշխանության բոլոր ինստիտուտների հրատապ եւ համակարգված գործողություններ էին անհրաժեշտ, ազդեցության բոլոր՝ մոնետարային, ֆիսկալ եւ վարչական գործիքների կիրառմամբ: Դատելով արդյունքներից, այդ գործողությունները ուշացած ու թերի են եղել: Տնտեսագետների շրջանում տարածված կարծիք է, որ “Ճգնաժամին իշխանությունների համբավը եւ կառավարչական արդյունավետությունը հաճախ ավելի կարեւոր են, քան հիմնարար գործոնները”:  

Որպես բացասական գործոն հիշատակեցիք նաեւ նավթի գնի անկումը: Ընդհակառակը: Նավթ ներմուծող երկրները շահում են գնանկումից: Էժան բենզինը եւ դիզվառելիքը լավ խթան են տնտեսության աճի համար, ու կարող են կոմպենսացնել Ռուսաստանից եկող մասնավոր տրանսֆերտների նվազման կորուստները, հաշվի առնելով էժան էներգակիրների մեծ մուլտիպլիկատիվ էֆեկտը տնտեսության վրա: Եթե, իհարկե, էներգակիրների շուկայում առողջ մրցակցություն կա /բենզինի գինը Հայաստանում՝ բացառապես սուբյեկտիվ գործոն է, որ արտացոլում է շուկայի մենաշնորհացման աստիճանը/: 

Ի դեպ, հաշվի առնելով համաշխարհային տենդենցները, կարող է վերանայվել նաեւ երկիր մատակարարվող գազի գինը, եթե, իհարկե, թույլ կտա վերջերս “Գազպրոմի”» հետ ստորագրված խնդրահարույց պայմանագիրը: 

Ի՞նչ է լինելու մեր դրամի հետ: Դրամի փոխարժեքն արտացոլում է երկրի տնտեսության եւ վճարային հաշվեկշռի ընդհանուր վիճակը: Դրանց վատթարացումը էժանացնելու է դրամը, բարելավումը՝ ամրապնդելու է այն: Դրամը չի կարող ապրել իր սեփական կյանքով՝ ընդհանուր տնտեսությունից կտրված: Ամեն դեպքում, փոխարժեքի կտրուկ տատանումներն անթույլատրելի են. դրանք վտանգում են երկրի ֆինանսական համակարգը, խաթարում վստահությունը ազգային արժույթի նկատմամբ եւ պակասեցնում մեր քաղաքացիների գրպանի պարունակությունը:  

-Անցած տարի հարցազրույցներից մեկում կանխատեսել էիք, թե երկիրը մտնում է բացասական սպասումների շրջան: Այդ սպասումներից որոշները, ցավոք, իրականություն են դարձել: Բացի այդ, ընդամենը մի քանի օր առաջ “Moody’s” գործակալությունը իջեցրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը եւ փոխել կանխատեսումը՝ գնահատելով այն որպես “նեգատիվ”: Ինչպե՞ս եք այսօր գնահատում Հայաստանի տնտեսական վիճակը մոտ ապագայում: 

-Ցավոք, որեւէ հուսադրող բան ասել չեմ կարող: Եթե տնտեսական քաղաքականութունն անփոփոխ մնա, ապա բոլորովին անհասկանալի է, թե ինչի հաշվին պետք է բարելավվի իրավիճակը, կամ ինչը կարող է դառնալ տնտեսության աճի եւ դրա արդյունավետության բարձրացման շարժիչը:  «Moody’s» գործակալության կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշի նվազեցումը էլ ավելի կթանկացնի մեզ համար արտաքին փոխառությունները, առավել եւս՝ մեծ արտաքին պարտքի պարագայում: Միջնաժամկետ ապագայում ԵՏՄ տնտեսությունը լինելու է ռեցեսիայի մեջ, այնպես որ շատ դժվար է լինելու այնտեղ որեւէ նշանակալի դերակատարում ստանձնել:  Խիստ արժեզրկված ռուբլին լրջորեն կփոխի Ռուսաստանի հետ առեւտրի կառուցվածքը՝ ոչ հօգուտ մեր ապրանքների: Ռուսաստանից լուրջ ներդրումների հավանականությունը ցածր է. պատժամիջոցների պատճառով իրենք իսկ խնդիր ունեն արեւմտյան վարկերի վերաֆինանսավորման հետ: Արեւմտյան ընկերությունների համար ԵՏՄ-ին անդամակցելու պատճառով մենք առանձնապես գրավիչ չենք: Պարզ չէ, թե ինչ է կատարվելու մեր եւ Իրանի միջեւ առեւտրի ծավալների հետ: Գունավոր մետաղների համաշխարհային գներն, ըստ կանխատեսումների, չեն աճելու, այլ՝ թերեւս հակառակը: ՀՀ բանկերի համար նորմատիվների վերջերս կիրառված խստացումը կբերի փոխառվող գումարների թանկացման, իսկ դա նշանակում է, որ բիզնեսի վարկավորումն էլ կթանկանա: Իսկ շինարարության մասին՝ այսպիսի մակրոտնտեսության, բնակչության արտահոսքի եւ անկումային տրամադրությունների պարագայում՝ չենք կարող նույնիսկ երազել: Տնտեսության մենաշնորհացումը ահագնանում է, ներդրումների ծավալները կայուն կերպով նվազում են, ներդրումային ակտիվությունը դեգրադացվում է: Քաղաքական մենաշնորհի պահպանման պարագայում ներքաղաքական իրավիճակը չի առողջանա:  Առանց արմատական փոփոխությունների չափազանց դժվար կլինի լուծել այս բազմաթիվ խնդիրները: Բացի ճառերից այն մասին, թե ամեն ինչ լավ է կամ ամեն ինչ լավ կլինի, պաշտոնյաներից որեւէ ծրագրային խոսք չենք լսում: Ակներեւ է, որ իշխանությունների եւ հասարակության՝ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնահատականը տրամագծորեն տարբեր է, եւ ուրեմն կամ իշխանությունը, կամ հասարակությունը չի կարողանում համարժեք ընկալել իրականությունը: Գուցե իշխանությունները իրոք կարծում են, որ ամեն ինչ կարգին է, կամ էլ իրենք իրենց համոզել են, թե որեւէ բան հնարավոր չէ փոխել: Երկու դեպքերն էլ լավատեսության տեղ չեն թողնում:  

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ