Մատուցողուհուն առաջարկել են փողով տեղ տանել. Ժամանակ
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Արթուր Գրիգորյանի ու Երվանդ Տիգրանյանի գործի դատական քննությունը: Մանրամասներին անդրադառնում է “Ժամանակ”-ը:
40-ամյա Արթուր Գրիգորյանը եւ 45-ամյա Երվանդ Տիգրանյանը մեղադրվել են խուլիգանության համար, որը, ըստ մեղադրանքի, կատարել են Աբովյան քաղաքի “Էտնո” բար-սրճարանում:
Արթուրն ու Երվանդը, ալկոհոլ օգտագործած վիճակում, «Էտնո» են գնացել 2013 թվականի սեպտեմբերի 4-ին, ժամը 18-ն անց 50-ի սահմաններոմ:
Այնտեղ նրանք վիճաբանել են բարի մատուցողուհու, մենեջերուհու, հաճախորդների ու վերջապես՝ բարի տնօրենի հետ: Վիճաբանության ընթացքում բռնություն են գործադրել վերջին երկուսի նկատմամբ, ինչպես նաեւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով բարի հաճախորդների ու աշխատողների նկատմամբ՝ շուրջ 45 րոպե հայհոյել են, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգն ու բար-սրճարանի բնականոն գործունեությունը:
Մասնավորապես, Երվանդ Տիգրանյանը “որպես զենք գործադրված առարկայով՝ աթոռով”, հարվածել է բարի հաճախորդի ու տնօրենի մեջքին:
Բարի մատուցողուհին հայտնել է, թե ամբաստանյալները բար են եկել արդեն իսկ ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով: Նրանք գարեջուր են պատվիրել:
Նրանց գալուց մոտ 20 րոպե անց բար է մտել նրանցից մեկի՝ Արթուրի մայրը, ու ցանկացել է որդուն տուն տանել, բայց նա չի ենթարկվել:
Ինքը մոտեցել ու խնդրել է, որ մայր ու որդի անձնական հարցերը դրսում պարզեն: Դրանից հետո կինը հեռացել է:
Արթուրը նորից բար է մտել, սկսել է ընկերոջ՝ Երվանդի հետ բարձրաձայն ծիծաղել ու հայհոյելով խոսել:
Սկզբում նրանք հայհոյել են բարի մենեջերուհուն, ով կանգնած էր բարմենի սեղանի մոտ: Բարի հաճախորդները լսել են այդ հայհոյանքները:
Երբ ինքն ու մենեջերը նկատողություն են արել հայհոյողներին, Երվանդը մոտեցել է բարմենի սեղանին, դոլարներ է դրել ու իրենց առաջարկել է միասին ժամանակ անցկացնել:
Այդ պահին բար է մտել մշտական հաճախորդ Մինասը, ով բարում թողել էր բջջային հեռախոսը: Ինքը Մինասին խնդրել է կարգի հրավիրել հայհոյողներին:
Բայց Արթուրն ու Երվանդը Մինասից պահանջել են, որ նա չխառնվի, պահանջել են կանչել բարի տնօրենին, բայց չեն ցանկացել տնօրենի հետ հեռախոսով խոսել:
Քիչ անց բար է եկել տնօրենը: Նա հետաքրքրվել է, թե հայհոյող այցելուներն ինչ են ուզում:
Արթուրն ու Երվանդը պատասխանել են, թե նրա գործը չի, շարունակել են պահանջել, որ բար գա տնօրենը:
Բարի տնօրենն ասել է, թե ինքն է նրանց ուզած անձը: Դրանից հետո Արթուրն ու Երվանդը քաշքշել են նրան:
Տնօրենը հարվածել է Արթուրին, վերջինս ընկերոջ հետ շարունակել է քաշքշել տնօրենին, իսկ մյուս հաճախորդները ցանկացել են բաժանել նրանց: Այդ ժամանակ Երվանդը աթոռով հարվածել է հաճախորդ Մինասի մեջքին:
Մոտ կես ժամ վիճաբանելուց հետո Արթուրին ու Երվանդին ստիպողաբար դուրս են բերել բարից, փակել են բարի դռները եւ զանգահարել են ոստիկանություն:
Բարի մենեջերուհին հայտնել է, թե դեպքի օրվա երեկոյան մատուցողուհին հուզված մոտեցել է իրեն ու ասել է, թե չի սպասարկելու երկու հաճախորդների, ովքեր հայհոյել են իրեն:
Ինքը սրահ է մտել: Երվանդը գումար է դրել սեղանին ու ասել, թե կարող է իրեն «տեղ տանել»:
Արթուրն ու Երվանդը հայհոյել են իրենց հասցեին, պահանջել են տնօրենին կամ մենեջերին կանչել:
Ինքն ասել է, թե մենեջերն է, բայց նրանք շարունակել են հայհոյել:
Ինքը զանգել է բարի տնօրեն Ասատրյանին, հայտնել է կատարվածի մասին…
Այդ ընթացքում բարի հաճախորդների մի մասը, անգամ առանց հաշիվը փակելու, տհաճ միջադեպից խուսափելու համար հեռացել են ու միայն հաջորդ օրն են հաշիվը փակել:
Իրենց մշտական հաճախորդ Մինասը հորեղբորորդու հետ փորձել է դադարեցնել վեճը, բայց՝ անօգուտ:
Վիճաբանության ժամանակ իր ձեռքին սկուտեղ է եղել: Երբ Երվանդը ցանկացել է ինչ-որ մեկին հարվածել, հարվածը դիպել է սկուտեղին, իսկ սկուտեղն էլ դիպել է իր դեմքին:
Արթուրը հայհոյել է հաճախորդ Մինասին, քաշքշել է նրան: Երվանդը աթոռ է նետել, որը դիպել է Մինասի մեջքին: Երվանդը աթոռը նետելուց հետո վայր է ընկել:
Երվանդին ու Արթուրին մեծ դժվարությամբ են դուրս բերել բարից:
Անչափահաս տուժող Գոռը հայտնել է, թե իր ընկերների հետ «Էտնո» բարում սուրճ է խմել: Երկու անծանոթ մարդիկ հայհոյել են, պահանջել են, որ բարի տնօրենը ներկայանա:
Նրանցից՝ Արթուրը հայհոյել է, ինքն ասել է՝ մեծ մարդիկ եք, ինչու եք հայհոյում: Արթուրն իրեն “լակոտ” է անվանել ու բռունցքով խփել է իր ճակատին: Երվանդն էլ աթոռ է նետել, որը դիպել է Մինասի ու տնօրենի մեջքին:
Արթուրն ու Երվանդը հայտնել են, թե իրենք դժգոհ են մնացել “Էտնո” բարի մատուցողուհու սպասարկումից, նա, ըստ ամբաստանյալների, արհամարհական վերաբերմունք է դրսեւորել իրենց նկատմամբ: Իրենք գարեջրի գավաթներ են ուզել, նա չի բերել:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: