Որոշումը Սամվել Ալեքսանյանի մենաշնորհը կվերացնի՞
ՀՀ կառավարության որոշմամբ սպիտակ շաքարի ներմուծումը 3-րդ երկրներից թույլատրվել է 10 % ներմուծման մաքսատուրքի վճարման պայմանով` 1 տարվա ընթացքում 4 000 տոննայից ոչ ավելի ծավալով:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ մանրամասնելով որոշումն՝ ասաց, որ 4000 ներմուծման քվոտան վերաբերում է “Կոկա-Կոլային” եւ “Պեպսի-Կոլային”` 2 տարով, մինչեւ 2016 թվականի վերջը, մինչեւ իրենք նոր մատակարարող կգտնեն:
“Իրենց այդ շաքարի տեսակը յուրատեսակ է, որը միայն “Պեպսիի” ու “Կոլայի” համար է: Իրենք միշտ էլ ներկրել են այս ծավալով, պահպանել ենք իրենց գոյություն ունեցող ռեժիմը, կլիցենզավորվեն ու կստանան իրենց ապրանքը:
Սովորական շուկայում առանձին բացառություն չկա: Հաջորդ որոշումը, որը վերաբերում է ներմուծված հումքից արտադրանքի ստեղծմանը, որը գոյություն ունի Եվրասիական տնտեսական միությունում իրենց ունեցած կարգի, որը մեզանից շատ չի տարբերվում”,-ասաց նախարարը:
Այ դիտարկմանը, թե շաքարավազի ներկրող “Ալեքս Գրիգ” ընկերության սեփականատեր Սամվել Ալեքսանյանի մենաշնորհը պահպանվելո՞ւ է, պարոն Ճշմարիտյանն ասաց. “Որոշումը դրա հետ կապ չունի: Բայց, եթե որեւէ մեկը կբերի ավելի էժան, որակով, ավելի մեծ քանակով, շուկան ինքը կկարգավորի”: