Հրայր Թովմասյանի «գրիչի» գործով վճիռը բեկանվել է. Նիկոլ Փաշինյանը Թովմասյանից ներողություն չի խնդրի
Նիկոլ Փաշինյանը ներողություն չի խնդրի ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանից։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Լևոն Գրիգորյանի, Արման Կուրեխյանի, բավարարել է Նիկոլ Փաշինյանի բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գայանե Խաչատրյանի նախագահությամբ, փետրվարի 17-ին մասնակի բավարարել է ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի հայցադիմումն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ վերջինիս պարտավորեցնելով հերքել Թովմասյանին զրպարտող տեղեկությունները։ Դատարանը Փաշինյանին պարտավորեցրել է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում «ֆեյսբուք» սոցիալական կայքի՝ Փաշինյանին պատկանող էջով տարածել համապատասխան հերքումը, մասնավորապես՝ կատարել գրառում «Հերքում՝ Հրայր Թովմասյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով` դրանում նշելով հետևյալը. «Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հերքում եմ իմ այն պնդումը, որ Հրայր Թովմասյանը 2018 թվականի մայիսից սկսած ինձ իր ծառայություններն է առաջարկել»:
Մինչ դատավճռի օրինական ուժ ստանալը՝ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը քննվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ, կազմով դատավորներ՝ Լևոն Գրիգորյանի, Արման Կուրեխյանի՝ գրավոր ընթացակարգով։
Դատարանը բավարարել է բողոքը՝ բեկանելով Հրայր Թովմասյանի՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ներկայացված հայցադիմումը մասնակի բավարարելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և մերժել հայցը։
Հիշեցնենք, որ 2020թ հունվարի 25-ին մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «2018 թվականի մայիսից սկսած սկզբից ամենօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում