Զարուհի Բաթոյանը փորձում է մեղքը բարդել վարչության պետի վրա. «Հրապարակ»
«Դատախազությունն ուսումնասիրել է եւ պարզել, որ 2020 թվականից հետո մանկատան նախկին սաներին պետական ծրագրով բնակարան ապահովելու ընթացքում եղել են չարաշահումներ։ Քեական գործ է հարուցվել «Պաշտոնեական անփութություն» հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի 315- րդ հոդվածի 1-ին մաս)։
Մինչեւ այս տարվա սեպտեմբերի 1-ը 163 նախկին սանի պետք է բնակարան տրամադրվեր, սակայն, ըստ դատախազության տվյալների, այս 163 նախկին սաների թվում կան այնպիսիք, ովքեր օրենքով իրավունք չեն ունեցել բնակարան ստանալ։ Պետծրագրով նախատեսված է, որ նրանք, ովքեր մշտական բնակության նպատակով այլ բնակավայր են տեղափոխվել կամ 6 ամսից ավելի չեն բնակվել պետության տված բնակարաններում, կորցնում են պետության տրամադրած կացարանը։
Պարզվել է, որ ցուցակում ներառված անձանցից 1-ը մահացել է 2018 թվականին, 27 հոգի գտնվել է ՀՀ-ից դուրս, 47-ի բնակվելու փաստը կասկածի տակ է, 6 շահառու ունի սեփականության իրավունքով գրանցված գույք եւ այլն: Նշված խախտումների համար նախարարության ստորաբաժանումներից պատասխանատու է սոցիալական աջակցության վարչությունը, եւ այս մասին դատախազությունը հատուկ նշել է իր տարածած նյութում։
Հավանաբար, միտումն այն է, որ կարդացողը հանկարծ չկարծի, թե չարաշահումների պատասխանատուն այն ժամանակվա նախարար, այժմ նիկոլական պատգամավոր Զարուհի Բաթոյանն է։ Իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ 2020 թվականին չարաշահումների համար «պատասխանատու» վարչության պետերը երկուսն են եղել՝ Սասուն Համբարձումյանը, որն աշխատել է 16.07.20-ից մինչեւ 16.03.21-ը եւ հեռացել է սեփական դիմումի համաձայն, եւ Աստղիկ Մինասյանը։ Նա այսօր էլ Ժողովրդագրության եւ ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետն է (սա վարչության լիարժեք անվանումն է)։
«Ձեր օրոք են եղել չարաշահումները, ի՞նչ կասեք»։ Մեր հարցին Աստղիկ Մինասյանը չցանկացավ պատասխանել՝ խորհուրդ տալով դիմել սոցապ խոսնակին։ Վերջինս էլ իր հերթին հորդորեց դիմել իրավապահներին։ Դատախազությունից էլ տեղեկացանք, որ գործով որեւէ կոնկրետ անձի առայժմ մեղադրանք չի առաջադրվել։ Պաշտոնական խողովակներով տեղեկացանք նաեւ, որ մանկատան սաներին բնակարաններով ապահովելու հարցում չարաշահումները բացահայտել է Հաշվեքննիչ պալատը, արդյունքներն ուղարկել է նախարարություն, այնտեղ ուսումնասիրություն են կատարել ու արդյունքներն ուղարկել դատախազություն։ «Ուսումնասիրությունն այս տարի է արվել՝ նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա»,- ասում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Կոպիտ ասած՝ սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը գործ է տվել նախկին նախարար Զարուհի Բաթոյանի վրա, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Բաթոյանն էլ իր ՖԲ էջում այնպես է արդարացել, կարծես թե կատարվածն իրեն չի վերաբերում, եւ ինքն ուղղակի զբոսանքի էր դուրս եկել։ «Մանկատան նախկին շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրերով ապահովման ծրագիրը նախաձեռնեցինք 2019 թվականին, նախարարության խնայողությունների հաշվին, հենց որ դրա հնարավորությունն ունեցանք: Շուրջ 20 տարի պետության կողմից չկատարված, բայց խոստացված ծրագիրը կյանքի կոչելու հնարավորությունից, ցավոք, օգտվել են նաեւ նրանք, ում համար չարաշահման ոչ միայն իրավական, այլեւ բարոյական սահման չկա:
Մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին բնակարանների նվիրաբերության պետական ծրագրում ընդգրկվել են դրա իրավունքը չունեցող անձինք: ՀՀ դատախազությունը քրեական գործ է հարուցել: Հույս ունեմ, որ բոլոր հանգամանքները կքննվեն եւ կպարզվեն, իսկ մեղավորները կպատժվեն: Սոցիալական ծրագրերի հաշվին չարաշահումների գնացողները պետք է նաեւ հանրային պարսավանքի ենթարկվեն: Իսկ ես ամեն ինչ կանեմ՝ օրենքով սահմանված կարգով քննությանն աջակցելու համար»,- գրել է պատգամավորը։
Փորձեցինք նրան հարցնել, թե արդյոք հարցաքննվե՞լ է եւ, առհասարակ, նայե՞լ է բնակարան ստացողների ցուցակը, բայց չկարողացանք` Բաթոյանը չի պատասխանում լրագրողների զանգերին ու նամակներին։ Փոխարենը հարցախեղդ արեցինք նախկին սոցապնախարար Արտեմ Սարգսյանին։
– Արդյո՞ք 20 տարի պետությունը խոստացել է, որ մանկատան սաներին ապահովելու է բնակարաններով, ու չի կատարել իր խոստումը, ինչպես գրում է Զարուհի Բաթոյանը։
– Սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագրով, որն իրականացվեց, մենք 2018 թվականի համար արդեն ապահովել էինք, որպեսզի այդ ծրագրի շրջանակներում մանկատան նախկին շրջանավարտները ստանային իրենց բնակարանները, ու որ այդ բնակարաններն իրենցը դառնային։ Թե դրանից հետո ինչ ու ինչպես է իրականացվել, արդեն տեղյակ չեմ։
– Բայց եղե՞լ են խոստումներ` 20 տարի շարունակ խոստացել են ու չեն ապահովել բնակարանով։
– Ես չգիտեմ, թե ինչի մասին են իրենք խոսում, ես տեղյակ չեմ։
– Այն մարդկանց ցուցակները, որոնք պետք է ստանան բնակարան, նախարարը չի՞ ստուգում, ինչ բերում են` ստորագրո՞ւմ է։
– Հանձնաժողով է աշխատում, հանձնաժողովի կանոնակարգ է լինում, ես կարծում եմ, որ այդ շրջանակներում պետք է նայեն, թե ինչ իրավական ակտեր են գործել, ինչ պիտի անեին, ինչ չեն արել։ Հանուն արդարության պետք է նկատել, որ 20 տարվա խոստումները չկատարելու մասին պատգամավորի պնդումը նոնսենս է։ Նախկինում եւս մանկատան սաներն ապահովվել են բնակարաններով, մանկատան նախկին սաները բնակարանամուտներ էին տոնում, լավ, թե վատ, բայց նրանց համար շենքեր են կառուցվել, բնակարանները բարելավվել են։ Կյանքը զարուհիբաթոյանների օրոք չի սկսվել։ Չարաշահումներ, իհարկե, միշտ են եղել։ Մանկատների նախկին սաները հաճախ բողոքել են եւ այսօր էլ բողոքում են այն բանից, որ իրենց վատ պայմաններում են բնակեցնում, կիսաքանդ բնակարաններ են տալիս, որ շատերը բնակարանները վաճառում են ու կրկին մնում փողոցում։ Բայց չարաշահումներ կամ անփութություն, կամ աշխատելու անկարողություն ցույց տված ոչ մի նախարար տարիներ հետո հաթաթա չի տվել, թե կպատժի մեղավորներին` իր աշխատած շրջանում կատարված չարաշահումների համար»: