Հայաստանը Բաքվին առաջարկել է արտգործնախարարների միջև խորհրդակցություններ սկսել, պատասխան դեռ չկա. Արարատ Միրզոյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է «Ազատություն» ռադիոկայանի հարցերին։
Լրատվամիջոցը նախարարից մեկնաբանություն է խնդրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարության վերաբերյալ, թե խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներ սկսելու մասին իրենց առաջարկը դեռևս արձագանք չի ստացել հայկական կողմից։ Ի պատասխան՝ Միրզոյանն ասել է.
«Ե՛վ հրապարակավ, և՛ միջազգային ձևաչափերում, և՛ ադրբեջանական կողմի հետ ուղղակի շփումների ընթացքում հայկական կողմը բարձրագույն և բարձր մակարդակներով բազմիցս հայտարարել է, որ մենք հետևողական ենք խաղաղության հաստատման մեր օրակարգում, և որ ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներում ոչինչ անընդունելի չենք համարում, բնականաբար, այդ առաջարկներն ամբողջացնելով մեր պատկերացումներով։
Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջոցով Ադրբեջանին ենք փոխանցել համապարփակ խաղաղության բանակցությունների օրակարգային շրջանակի մեր առաջարկը, սակայն մինչև օրս որևէ պաշտոնական պատասխան չենք լսել։ Այսինքն՝ հակառակ Ադրբեջանի նախագահի պնդումներին, Հայաստանը ոչ միայն չի մերժել, այլև դրական է արձագանքել խաղաղության պայմանագրի բանակցությունների առաջարկին և սպասում է Ադրբեջանի պատասխանին։ Ընդ որում, մենք խաղաղության պայմանագրի թեմայով ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունների մեկնարկի առաջարկ ենք ներկայացրել Ադրբեջանին, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ օր առաջ սկսելու խաղաղության պայմանագրի շուրջ խորհրդակցությունները»։