Խոշորները չեն մասնակցի
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հունվարի 20-ին՝ վաղը, կայանալու է խորհրդաժողով: Նախապես արված հայտարարության մեջ ասվում է, որ քննարկվելու է երկրում ստեղծված քաղաքական, տնտեսական բարդ վիճակը: Սա խորհրդակցական բնույթի միջոցառում է, որի նպատակն է՝ վերլուծել, ամփոփել արդեն իսկ կատարված ծավալուն աշխատանքը, քննարկել հետագա անելիքներն ու քայլերը:
Այս խորհրդաժողովին հրավիրվել էին եռյակի ուժերը, ինչպես նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերը: Սակայն նշենք, որ եռյակի ուժերից ՀԱԿ-ը չի մասնակցելու ժողովին: ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանի խոսքով՝ իրենք ԲՀԿ-ի հետ համագործակցում և խորհրդակցություններ են անցկացնում երկկողմ կամ եռյակի ձևաչափերով։ Իսկ տասնյակ այլ կուսակցությունների այս հավաքը փաստորեն դուրս է այդ ձևաչափից։
՛՛Ժառանգությունից՛՛ մեզ փոխանցեցին, որ մասնակցելու են, սակայն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցելու:
Իշխող Հանրապետական կուսակցությունն այս ժողովին չի հրավիրվել: ՀՅԴ-ն այս օրերին ընդհանուր ժողովն է անցկացնում, և այդ պատճառով չեն մասնակցելու: Բացի այդ ՀՅԴ պատգամավորները մեզ հետ զրույցում նշել էին, որ իրենք արդեն ներկայացրել են ստեղծված իրավիճակից դուրս գալու իրենց տեսլականը՝ սահմանադրական բարեփոխումներ:
”Օրինաց երկիր” խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ քանի որ ՕԵԿ-ը մասնակցելու հրավեր չի ստացել, իրենq մասնակցության հարցը չեն էլ քննարկել:
Ոչ խորհրդարանական ուժերից ժողովին մասնակցելու են ՛՛Առաքելությունը՛՛, Տիգրան Կարապետյանի գլխավորած ՛՛Ժողովրդական կուսակցությունը՛՛, ՛՛Ազգային համաձայնությունը՛՛, ՛՛Համերաշխությունը՛՛, ՛՛Ազգային անվտանգությունը՛՛, ՀԿ-ների ներկայացուցիչներ և այլն:
Մեզ հետ զրույցում արտախորհրդարանական ուժերից ՛՛Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՛՛ կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանն ասաց, որ չի մասնակցի, քանի որ վստահ է՝ ԲՀԿ-ն հիմա էլ իշխանության մաս է կազմում: Նույն տեսակետին է նաև ՛՛Ժողովրդավարական հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛ կուսակցությունը ևս հավանաբար չի մասնակցի: Փաստորեն մեծաքանակ գրեթե բոլոր կուսակցությունները չեն մասնակցելու այս ժողովին: