Ե՞րբ կստանամ աղոթքիս պատասխանը
Տե՛ր, ինչո՞ւ չես պատասխանում
Աղոթքը, ինչպես մեզ բազմիցս բացատրել են, զրույց է Աստծո հետ։ ,Աղոթքը Աստծո ծարավի և մարդու ծարավի հանդիպումն էե,- ասում է Սուրբ Օգոստինոս Երանելին։
Սակայն այս բացատրություններն իմանալով հանդերձ՝ մարդ արարածը, միևնույն է, ետ չի կանգնում այն պատկերացումից, թե աղոթքն առաջին հերթին խնդրանք է Աստծուն, ապա միայն զրույց։ Իրականում, անշուշտ, այս պատկերացումը թյուր է, ենթակա է վերաիմաստավորման։ Սակայն այսօր այս մասին չէ, որ խոսելու ենք, այլ մեկ այլ երևույթի, որին կրկին առերեսվում ենք։
Սուրբ Հովհաննես Սանդուխքը խրատում է, որ աղոթելիս նախ գոհություն հայտնենք, հաջորդը խոստովանենք և զղջանք և ապա միայն դիմենք Տիրոջը մեր խնդրանքներով:
Երբ աղոթքներում, Աստծուն շնորհակալ ու երախտապարտ լինելով հանդերձ, հղում ենք մի ինչ-որ խնդրանք, ցանկություն, որ գալիս է մեր սրտից, ցանկանում ենք, անմիջապես լսել Աստծո պատասխանը։ Այս երևույթը նման է ժամանակակից աշխարհի նամակագրության կանոններին, երբ մի քանի րոպե անգամ պատասխանն ուշացնողից մարդիկ անարդարացիորեն նեղանում են՝ պնդելով․ ,Ես քեզ գրել եմ, ինչո՞ւ չես պատասխանումե։ Զարմանալի, և ինչ- որ տեղ անգամ զավեշտալի է, որ մարդ- մարդ հարաբերությունների այս անհականալի կանոնը արտացոլում ենք նաև մարդ- Աստված հարաբերության մեջ՝ ակնկալելով շուտափույթ պատասխան։ Եվ դեռ հանդիմանում ենք՝ Աստծուց հարցնելով․ ,Տե՛ր, ինչո՞ւ չես պատասխանումե։
Մի պահ կանգ առնենք ու հիշենք, թե արդյոք երբևէ մեր աղոթքից որոշ ժամանակ անց չե՞նք տեսել աղոթքում հիշատակված մեր ծածուկ ցանկության իրականացումը։ Անշուշտ, չկա մի մարդ, որ տեսած չլինի իր աղոթքներում հիշատակվածի կատարվելը, թեկուզ և տարիներ անց։,Խնդրեցեք, և Աստծուց կտրվի ձեզ, փնտրեցեք, և կգտնեք, բախեցեք, և կբացվի ձեզ համար, որովհետև, ով որ խնդրում է, առնում է, ով որ փնտրում է, գտնում է, և ով որ բախում է, բացվում է նրա առաջե (Ղուկ․ 11։ 9-10),- այսպես է ասում Ավետարանիչը։ Ավետարանում չկա պատասխանն այն հարցի, թե երբ կտրվի մեր աղոթքում խնդրածը, թե երբ կբացվի մեր բախած դուռը։ Սակայն կա անվերապահ վստահությունն առ այն, որ տրվելու է խնդրածը, եթե բարի է, գտնվելու է փնտրածը, եթե բարի է, որ բացվելու է փակ դուռը՝ դեպի Աստված տանող։
Մեր այս իսկ զգացումը հոգևոր արթնության կոչ է բոլոր հավատացյալներիս։ Աղոթք հղելիս պետք չէ սպասել անմիջապես հնչող պատասխանի, պետք չէ ակնկալել, որ իսկույն կատարվելու են մեր ցանկությունները, եթե անգամ դրանք միայն լավն են։ Ամեն անգամ պիտի աղոթենք է՛լ ավելի ջերմեռանդ, է՛լ ավելի մեծ հավատով ու սիրով առ Աստված, քանի որ աղոթքի իմաստը ոչ թե կատարված ցանկություններն են, այլ՝ հենց ինքը՝ աղոթքը։ Հոգևոր արթնությամբ սպասենք մեր աղոթքների պատասխանին, չէ՞ որ զուր չէ, որ Ավետարանում էլ ասված է․ ,Արթուն կացեք, որովհետև չգիտեք ոչ օրը ոչ էլ ժամըե (Մատթ. 25.13)։