26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կառավարությունը կատարում է սահմանամերձ համայնքներին տրված խոստումները

Կառավարությունը սկսում է ի կատար ածել սահմանամերձ համայնքներին  տրված խոստումները։ Գործադիրի այսօր կայացած այս տարվա առաջին նիստում վարչապետը հայտարարեց, որ այդ առումով ցուցաբերելու են հետեւողական մոտեցում։

 Ինչպես հայտնի է, դեռեւս անցած տարվա վերջին կառավարության  նախաձեռնությամբ Ազգային ժողովը համաձայնություն տվեց սահմանամերձ համայնքներում բիզնես գործունեության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու վերաբերյալ առաջարկությանը։ Ըստ այդմ, այդ տարածքներում տնտեսական գործունեության իրականացումը գրեթե ամբողջությամբ ազատվեց հարկերից։

Դրանից բացի, սահմանամերձ համայնքների բնակչությունը ստացավ նաեւ ուղղակի սոցիալական աջակցություն։ Խոսքը մասնավորապես գազի, ոռոգման ջրի, էլեկտրաէներգիայի վարձավճարների կիսով չափ փոխհատուցման, ինչպես նաեւ գույքահարկից եւ հողի հարկից ամբողջական ազատման մասին է։ Սա անշուշտ լուրջ աջակցություն է սահմանամերձ համայնքների բնակչության համար։ Հատկապես որ, սոցիալական առումով դրանք, մեղմ ասած, այնքան էլ բարվոք վիճակում չեն։

Արդեն այս տարվա առաջին նիստում կառավարությունը հաստատեց նաեւ արտոնություններ եւ սոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկը։ Դրանք Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերի թվով 31 համայնքներ են։

Դեռեւս մի քանի օր առաջ կառավարությունը նախաձեռնել է նաեւ «Սահմանամերձ համայնքների մասին» օրենքից բխող եւս մեկ պահանջի իրականացումը։ Խոսքը հակառակորդի գնդակոծությունների հետեւանքով տուժած բնակիչների վնասների վերականգնման մասին է։

Մասնավորապես հաշվի առնելով վերջերս տեղի ունեցած գնդակոծությունները՝ գործադիրը ստեղծել է համապատասխան հանձնաժողով, որը տեղում իրականացվող ուսումնասիրությունների հիման վրա կհաշվառի եւ կառավարությանը կներկայացնի տուժած սահմանամերձ համայնքների բնակիչների կրած վնասների չափերը։ Կառավարությունը, համաձայն վարչապետի, փոխհատուցելու է վնասներ կրած բոլոր քաղաքացիներին. «Մենք շատ ուշադիր ենք եւ այսուհետ եւս շատ ուշադիր ենք լինելու բոլոր սահմանամերձ համայնքների ազգաբնակչության հոգսերի նկատմամբ»։

Դրա արտահայտություններից մեկն էլ թերեւս այն է, որ այսօր գործադիրը փոփոխությունն է կատարել նաեւ նախկինում ընդունած մի որոշման մեջ. Ըստ այդմ, սահմանամերձ համայնքների բնակչությունը առաջնահերթության իրավունքով փոխհատուցում կստանա խնայբանկի նախկին ավանդների դիմաց։

Վ ՔՈՉԱՐՅԱՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ