Ռուսական կողմն իրեն վատ է պահում. փորձագետ
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանն անդրադառնալով Գյումրիի դեպքերին եւ լրատվամիջոցներում դրանց արձագանքներին, տեսակետ հայտնեց, որ ընդդիմադիր լրատվամիջոցները սրում են իրավիճակը, փորձում են իշխանափոխության կոչեր հնչեցնել:
“Սովորական ընթերցողը բոլոր խայծերը կուլ է տալիս, առանց տիրապետելու ամբողջական տեղեկատվությանը: Վիճակը սրվում է եւ հակառուսական տրամադրություններ են բարձրացվում”,-ասաց Տիգրան Քոչարյանը:
Նա զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ հորդորեց ուշադիր լինել՝ նկատելով ինչ հոսքեր կան դաշտում: Մասնավորապես, բացի հայկականից ներկա պահին 6-7 հոսքեր կան, որոնք փորձում են սրել իրավիճակը:
Փորձագետի դիտարկմամբ՝ ռուսական կողմն էլ իրեն վատ է պահում, առավել սրելով իրավիճակը:
“Ընդդիմադիր ռուսական լրատվամիջոցները աշխատում են իրավիճակի սրման վրա, իսկ մի ստվար զանգված ուղղակի անգրագիտություն է ցուցաբերում եւ այդ պատճառով էլ իրավիճակը պայթյունավտանգ է: Իրավիճակն այնքան արագ է զարգանում, որ շատերը մոռանում են դրդապատճառները , եւ ոստիկանների ու ակտիվիստների բախումներն առավել տեղ են զբաղեցնում մամուլում: Պետք է զարգացնել կոնկրետ դեպքի դրդապատճառները: Անընդհատ սրացումով եւ չհասկանալով խնդրի իրական պատճառները, պետք չէ տրվել էմոցիաներին:Բավական լուրջ իրավաբանակն խնդիր է Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ”,-ասաց Քոչարյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով):