Երկու կասկածելի դրվագ կա. Հայրիկյանը՝ Պերմյակովի ցուցմունքից /վիդեո/
՛՛Վերջնական որևէ գնահատական տալ հնարավոր չէ մեր ունեցած տեղեկությունների շրջանակներում, բայց ակնհայտ է, որ բոլոր զոհերը մահճակալում են եղել: Եթե մեկ հոգի լիներ հանցագործություն կատարողը, առաջին կրակոցից հետո մյուսները կփորձեին փախչել, ինչ-որ բան անել, շարժվել իրենց տեղից՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ պատասխանելով հարցին, թե Գյումրիի սպանության մեղադրյալ Վալերի Պերմյակովի տված ցուցմունքները մոտ են իրականությանը, հնարավո՞ր է, որ սուտ են: Ըստ Հայրիկյանի՝ դա և այն, որ հանցագործություն կատարողը դիտավորյալ թողել է իր անձը հաստատող փաստեր, կասկած են հարուցում:
Հայրիկյանն ասաց, որ իրավիճակը շտկելու գործնական քայլերի հմար ուղերձով դիմել են իրենց համախոհ յոթ կազմակերպությունների՝ քննարկելու ու համատեղ աշխատելու ծրագրեր մշակեն: Ուղերձն ուղարկվել է ՛՛Ժառանգությանը՛՛, ՛՛Ազգային պահպանողական՛՛ կուսակցությանը, ՛՛Ազատ դեմոկրատներին՛՛, ՛՛Հիմնադիր խորհրդարանին՛՛, Նիկոլ Փաշինյանի նախաձեռնաց ՛՛Քաղաքացիական միավորմանը՛՛: Առաջիկայում, նրա խոսքով, հավանաբար այս ուժերը կհավաքվեն ու կքննարկեն երկրում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ԵՏՄ-ի անդամակցության հարցը: