Սա արդեն վերջն է
՛՛Հայ մարդն ի վերջո հասկանում է, որ իր երկիրը հայկական պետությունն է, այստեղ էլ հալածանքներ լինում են, բայց դա չի կարող լինել հայ լինելու պատճառով՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ խոսելով Գյումրու ոճրագործության մասին: Հայրիկյանը համաձայն է, որ ոճիրի հեղինակ Վալերի Պերմյակովին ՌԴ իրավապահ մարմիններին հանձնել-չհանձնելը ազգային արժանապատվության ու մեր պետականության հարցն է:
՛՛Եթե քո երկրի տարածքում խոսում են այլ երկրի Սահմանադրության մասին, նշանակում է, որ նրանք ճիշտ են, ու մարդկանց գիտակցության մեջ տագնապ կա, որ դա մեր ազգային արժանապատվությանն է սպառնում: Լրիվ բթացած են իրավապահ մարմինները, երեկ գիշերը հրապարակից հավաքել են այն մարդկանց, ում ձեռքերին դրոշ է եղել, և սա, ինչպես ժողովուրդն է ասում, արդեն վերջն է՛՛,-նկատեց նա:
Ըստ Հայրիկյանի՝ տրամաբանական կլիներ, եթե սգո օրեր հայտարարվեին երկրում: ՛՛Սա ցույց կտար Հայաստանի ցավագին վերաբերմունքը. ռուսների համար սովորական է դարձել հային սպանելը իրենց երկրում, մոտ 850 հայ մարդ է ամեն տարի սպանվում ՌԴ-ում, հիմա արդեն ռուսները կարծում են, որ հայերին կարելի է նաև Հայաստանում սպանել, չէ՞ որ ՛՛Հայաստանն առանց հայերի՛՛ ծրագիրը կարելի է իրականացնել ավելի լավ, երբ քիչ հայեր կան՛՛,-եզրափակեց նա: