Ամուսինը Արուսին ծեծել է, ոսկեղենը գրավ դրել, վերջում էլ ՛՛դուրս շպրտել՛՛. Ժամանակ
՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է.
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Ավետ Գ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:
24-ամյա Ավետը մեղադրվել է կնոջ նկատմամբ երկու դրվագով բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:
Ըստ դատական ակտի՝ Ավետն ու Արուսը (անունը փոխված է) ամուսնացել են 2013 թվականի նոյեմբերին: Որպես ամուսիններ ապրել են մինչև 2014 թվականի օգոստոսի 29-ը:
Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում հաճախակի են վիճել, ապրել են անհաշտ մթնոլորտում:
Օգոստոսի 28-ին Ավետն ընտանիքի սոցիալական կարիքները հոգալու, բանկում գրավադրելու և գումար ստանալու համար կնոջից պահանջել է նշանադրության մատանին:
Արուսը չի ցանկացել մատանին տալ: Ամուսինների միջև վիճաբանություն է առաջացել: Կինը, այնուամենայնիվ, մատանին տվել է, բայց վեճը չի հանդարտվել:
Ամուսինը հինգ-վեց անգամ ձեռքով հարվածներ է հասցրել կնոջը ու պատճառել է ֆիզիկական ցավ:
Հաջորդ օրը՝ օգոստոսի 29-ին, Արուսը ցանկացել է ամուսնուց պարզել, թե ինչ է արել իր մատանին, գրավ դրե՞լ է, թե՞ ոչ: Եվ ամուսինների միջև նորից վեճ է սկսվել: Ամուսինը դարձյալ ծեծել է կնոջը, պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:
Երկու դրվագով առաջադրված մեղադրանքը ամբաստանյալ Ավետը դատարանում լիովին ընդունել է, իրեն մեղավոր է ճանաչել ու հայտնել է, որ կնոջ հետ ապրել է իր հայրական տանը՝ գյուղում: Ընտանեկան ծախսերը հոգալու համար ցանկացել է բանկում գրավ դնել կնոջ նշանի մատանին: Դրա շուրջ են վիճել երկու օրն էլ:
Ինքը խփել է, ծեծել է կնոջը, բայց կապտուկներ չի պատճառել: Իրականությունը, ըստ Ավետի, այն է, որ կնոջը ծեծել է չլսելու, իրեն հակաճառելու, անվայել բառեր ասելու համար: ‘’Միշտ էդպես է եղել’’՝ Ավետի ասելով:
Հիվանդանոցային ծախսեր են արել, այդ հարցերը լուծելու համար գումար է պետք եղել: Ինքն էլ կնոջից ուզել է նրա մատանին: Կինը չի ցանկացել մատանին տալ: Հետո, իհարկե, տվել է:
Ավետը նշել է, թե սիրելով է ամուսնացել: Տարաձայնություններ են առաջացել, որովհետև կինը ՛՛պատասխաններ է տվել՛՛:
Կինը ամուսնանալուց առաջ 4-5 մատանի է ունեցել: Իրենք էլ 2-3 մատանի են նվիրել: Ինքն ընդունում է, որ դրանք կնոջ մատանիներն են, բայց ինքը դրանք վերցրել է գրավ դնելու, վարկերը մարելու համար: 80 հազար դրամ էլ հիվանդանոցային ծախսեր են եղել: Եվ նշանի մատանու պատճառով կինը անվայել բառեր է ասել իր մոր ու եղբոր կնոջ հասցեին:
Ավետը հայտնել է, թե երկօրյա ծեծի համար իրեն մեղավոր է ճանաչում ու զղջում է:
Տուժող կինը՝ Արուսը, դատարանում ասել է, թե Ավետն ու նրա մայրը իր ամուսնական կյանքը դժոխքի են վերածել: Իրեն սոված են պահել այն ժամանակ, երբ հղի է եղել: Ամուսինը մորն է լսել, ՛՛սեփական խելք չի ունեցել՛՛:
Ըստ Արուսի՝ սկեսուրն իրեն չի հավանել, դժգոհ է եղել, որ ինքը նրա տղայից երկու տարով մեծ է: ՛՛Եթե էդպես էր՝ թող ինձ չդժբախտացնեին, չուզեին՛՛,- բողոքել է Արուսը:
Նրա ասելով՝ ամուսինը վարակված է եղել, դրա պատճառով ինքը հղիացել ու երկու երեխա է կորցրել: Իր բոլոր մատանիները, ամբողջ ոսկեղենը գրավ են դրել: Վերջինը նշանի մատանին էր, էն էլ են տարել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: