Նոր կառավարությունը կբանակցի Ադրբեջանի, հարկ եղած դեպքում, նաև Թուրքիայի հետ, բայց երբեք նշաձողը իջեցնելու ուղղությամբ չի շարժվի. Իշխան Սաղաթելյանը փակագծեր բացեց
Համազգային հանրահավաքի ժամանակ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց մի քանի կարևոր քայլեր, որոնք պետք է իրականացվի Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո:
Նրա խոսքով՝ Արցախն ու Հայաստանի անկախությունը վստանգված է ապազգային ու ապիկար իշխանության պատճառով:
«Այս վիճակը պարտավոր ենք շտկել, հնարավոր է արդյոք, իհարկե, այո, ինչպե՞ս. ելքը անվտանգություն, համերաշխություն, կայունություն, առաջընթաց շղթայով ուժեղ Հայաստանի կերտումն է: Ուժեղ Հայաստան կերտելու համար նախ պետք է հեռացնենք սրանց ու ձևավորվի իշխանություն, որը կապահովի թուրք-ադրբեջանական արտաքին ագրեսիայի զսպումը՝ արդիականացնելով Հայաստանի ու Արցախի միասնական անվտանգության համակարգը, այն պետք է հիմնված լինի ռազմավարական գործընկեր երկրների ներգրավմամբ, հայոց զինված ուժերի վերակառուցմամբ, նոր որակի միջազգային դիվանագիտության հիման վրա: Այդ իշխանությունը պետք է վերահաստատի Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի երաշխավոր լինելու Հայաստանի հանձնառությունը՝ բացառելով Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում», – հայտարարեց Սաղաթելյանը:
Նա նշեց, թե նոր իշխանությունը կբացառի Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հաշվին հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անվան տակ միջանցքի տրամադրումը թշնամի երկրին:
Ընդդիմադիր գործչի խոսքով՝ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման ու ուժի կիրառման սպառնալիքի ներքո չի իրականացվի սահմանագծում ու սահմանազատում:
Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, ըստ Իշխան Սաղաթելյանի, նոր կառավարությունը կբացառի որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր-մշակութային ժառանգության կրող լինելու իրավունքը:
«Առաջնահերթ կարևորություն ենք տալու պարենային անվտանգությանն ու պետական պահուստի խնդիրներին, կարևորագույն խնդիր է դիտարկվելու հայ ռազմագերիների, պատանդառվածների ու պահվող այլ անձանց վերադարձը. հաջորդ կառավարության գերագույն խնդիրն է լինելու օր առաջ վերադարձնել մեր հայրենակիցներին», – ասաց Սաղաթելյանը:
Նոր կառավարությունը պետք է վարի պրոֆեսիոնալիզմի ու հստակ չափորոշիչներով կադրային քաղաքականություն՝ ապահովելով կառավարման համակարգի ճգնաժամի հաղթահարումը. պետության կառավարումից իսպառ բացառվելու է պոպուլիզմը, սուտը, կեղծիքն ու անբանությունը. սա է լինելու նաև նոր կառավարության քայլերից:
Նոր կառավարությունը կվերականգնի գյուղատնտեսության ու մշակույթի նախարարությունները, իսկ իրավապահ համակարգն այնպես են անելու, որ ամբողջությամբ ծառայի ՀՀ քաղաքացուն:
«Տնտեսական աճն ուղղակիորեն պետք է արտացոլվի մարդկանց կենսամակարդակի վրա՝ ապահովելով եկամուտների կայուն աճ, մարդկանց վարկային ու պարտքային բեռը չպետք է զրկի նրանց արժանապատիվ ապրելու հնարավորությունից», – հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:
Նա ասաց, թե վերացնելու են Հայաստանում խորացվող ատելությունն ու պառակտվածությունը:
«Բացառվելու է անցյալի ու ներկայի արատավոր բարքերը», – նշեց Սաղաթելյանն՝ ընդգծելով, որ բոլոր այն մարդիկ, ովքեր հասարակության կողմից անընդունելի են, ապագա կառավարությունում որևէ տեղ ու դերակատարություն չեն ունենալու:
Իշխան Սաղաթելյանն ասաց, թե այս իշխանությանը հեռացնելուց հետո հրապարկելու են շուրջ 250 քաղաքացիների, պորֆեսիոնալ անհատների անուններ, ովքեր ունեն համապատասխան գիտելիքներ, փորձառություն, հայրենասեր են, ունեն կամք ու վճռականություն երկիրն այս իրավիճակից դուրս բերելու:
«Այս մարդիկ ձեր շուրջ են, այս հարթակում են, ովքեր չորս տարի պայքարել են այս ապազգային իշխանության դեմ, հետևաբար, կան այդ մարդիկ, կան այդ ցուցակները», – նշեց նա:
Նոր կառավարությունում կբառացվի վարչապետի կողմից միանձնյա որոշումներ ընդունելը, պաշտպանության ու անվտանգության հարցերով ժամանակավոր կառավարության վարչապետը կարող է որոշումներ ընդունել միայն Անվտանգության խորհրդի հետ համաձայնությամբ:
«Վարչապետի գերլիազորությունները սահմանափակվելու է, ներդրվելու են իրական պառլամենտական կառավարման մեխանիզմներ», – ընդգծեց Սաղաթելյանը:
Նոր կառավարությունը կձևավորի քաղաքական ու մասնագիտական իմաստով բարձրակարգ բանակցային խումբ, որն, ըստ Սաղաթելյանի, ոչ թե վախի, պարտվողականության, թրքամետության դիրքերից, այլ, բացառապես, ազգային, պետական շահերից ելնելով՝ կբանակցի Ադրբեջանի, հարկ եղած դեպքում, նաև Թուրքիայի հետ, բայց երբեք նշաձողը իջեցնելու ուղղությամբ չի շարժվի:
Ժամանակավոր կառավարությունը կկառավարի մեկից-մեկուկես տարի ժամկետով, այնուհետև այդ կառավարությունը պետք է կազմակերպի ազատ, արդար ու մրցակցային ընտրություններ ու այդ ժամանակ քաղաքացիները կձևավորեն երկարաժամկետ կառավարություն: