Իշխանությանը հերթական տհաճ փորձությունն է սպասվում․ «Հրապարակ»
Խորհրդարանական ընդդիմությունը հերթական փորձությունն է պատրաստել իշխող մեծամասնության համար։ Առաջարկում է խորհրդարանին՝ ընդունել հայտարարություն «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին»։ Նախագիծը երեկ դրվել է շրջանառության մեջ։ Եթե մեկ նախադասությամբ ներկայացնենք հայտարարության բնույթը՝ այն է, որ իշխանությունը Հայաստան-Թուրքիա հարաբերություններում պետք է բացառի որեւէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի «հայ ժողովրդի հայրենազրկման եւ ցեղասպանության իրողությունը, ինչպես նաեւ հայության հոգեւոր մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը»։
Ընդդիմության՝ խորհրդարան մուտք արած նախագծում մանրակրկիտ ներկայացվում է դրա ընդունման հրամայականը եւ հիմնավորվում․ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանի դրույթները եւ Հայաստանի անկախության հռչակագրի պահանջները, վերահաստատելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հայկական հռչակագիրը կյանքի կոչելու հանձնառությունը, հաշվի առնելով Թուրքիայի հայատյաց եւ Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը, քառասունչորսօրյա պատերազմին Թուրքիայի բացահայտ մասնակցության փաստը, թուրք-ադրբեջանական տանդեմի «Շուշիի հռչակագրով» ամրագրված հակահայկական ռազմավարական նպատակներն ու պանթուրքական ծրագրերը, քաղաքական եւ տնտեսական էքսպանսիա իրականացնելու միջոցով տարածաշրջանում լիարժեք վերահսկողություն սահմանելու Թուրքիայի նպատակները», ինչպես նաեւ Հայաստանին բոլոր բնագավառներում կենսական զիջումներ պարտադրելու միջոցով հայկական գործոնը վերջնականապես վերացնելու Թուրքիայի վերջնանպատակը՝ խորհրդարանական ընդդիմությունն անհրաժեշտ է համարում սույն հայտարարության ընդունումը, որով նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կընթանան փուլային տարբերակով․ «Որպես մեկնակետ ընդունելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը»։
Իսկ հետագա հարաբերությունները, ըստ նախագծի, պետք է կառուցվեն՝ ելնելով հստակ ամրագրված սկզբունքներից։ Իրենց նախագծում ընդդիմադիրները 7 սկզբունք են ամրագրել, առաջինն այն է, որ Հայաստանի կողմից ձեռնարկվելիք քայլերը պետք է ներդաշնակ լինեն ՍԴ 2010 թվականի հունվարի 12-ի որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումներին եւ ՀՀ Սահմանադրության հիմնարար սկզբունքներին։
Խոսքը տարիներ առաջ Սերժ Սարգսյանի նախաձեռնած հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՍԴ որոշման մասին է, որում ՍԴ-ն Հայոց ցեղասպանության հետ կապված հատուկ կարծիք է ներկայացրել, որ Հայաստանի ստանձնելիք որեւէ պարտավորություն չի կարող հակասել ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին եւ Հայաստանի անկախության հռչակագրի 11-րդ կետի պահանջներին:
Այսինքն` Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: Երկրորդ սկզբունքն այն է, որ երկկողմ հարաբերությունները ձեւավորելիս պետք է բացառել որեւէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման եւ ցեղասպանության իրողությունը եւ այլն։ Եվ չնայած «Քաղպայմանագրի» նախընտրական ծրագրում էլ սեւով սպիտակի վրա գրված է․ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը շարունակելու է լինել մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում։ Հայոց ցեղասպանության անվիճարկելի փաստի համընդհանուր ճանաչումը կնպաստի տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը, ժողովուրդների միջեւ հաշտեցմանն ու համերաշխությանը, ինչպես նաեւ երաշխիք կդառնա նմանատիպ ոճրագործությունների կանխարգելման համար։ Հայաստանը շարունակելու է ակտիվորեն նպաստել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին, էթնիկ, կրոնական եւ ռասայական հողի վրա խտրականության եւ անհանդուրժողականության դրսեւորումների դեմ պայքարին», սակայն, ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, ընդդիմության սույն նախաձեռնությունն էլ նախորդների նման մերժվելու է, ինչպես մերժեցին Շուշիի հռչակագիրը դատապարտելու մասին հայտարարությունը, նվազագույն աշխատավարձի բարձրացման եւ այլ նախաձեռնություններ։ Իսկ սա կմերժեն, քանի որ խոստացել են «առանց նախապայմանների» հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։
Հիշեցնենք նաեւ, որ ընդդիմությունը մեկ այլ նախագծով էլ առաջարկում է քրեականացնել Հայոց ցեղասպանության փաստը հերքելը։