24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հենց դա արեցինք, հրապարակներն ու փողոցները լցված են լինելու փոփոխություններ պահանջող հարյուր հազարավոր մարդկանցով

Պետության և հայկական աշխարհի սրընթաց դեգրադացիան մեզ չի հաջողվում կասեցնել։ Սա այն խնդիրն էր, որը պետք է լուծեինք պատերազմից հետո։ Խզված սոցիալական կապերի և ընդհանուր ազգային նպատակների փլուզումը հանգեցնում է պետականության կորստի իրական ռիսկին։

 

Ինչպե՞ս կասեցնել պետության դեգրադացիան, ինչպե՞ս կասեցնել պետականության փլուզումը։ Ինչպե՞ս դուրս գալ այս մղձավանջից։ Ինչպե՞ս Հայաստանին տալ զարգացման նոր հույս և հեռանկար։

Քայլ առաջին

 

Հանրությանը ներկայացնել պետության հետպատերազմյան տեսլականը՝ զարգացման ծրագիր։

 Քայլ երկրորդ.

Ձևավորել ճիշտ, էֆեկտիվ ձևաչափ՝ այդ ծրագիրը հասարակությանը ներկայացնելու և ծրագրի շուրջ լայն կոնսոլիդացիա գեներացնելու համար։

Քայլ երրորդ.

Գնալ ներքին, ներհասարակական բարիկադներն ու թշնամանքը մեղմելու ճանապարհով, հրաժարվել քաղաքական սուր առճակատումից՝ արյան ու վրեժի կոչերից, չխորացնել ներհասարակական պառակտվածությունը, գնալ երկրի խնդիրները ֆիքսելու և լուծելու ճանապարհով։ Նոր, սոլիդ  Իշխանության ձևավորումը դարձնել առողջացման և զարգացման օրակարգի հիմք, ոչ թե՝ վրեժի։

Ծրագրի հիմնական սկզբունքները պետք է լինեն.

1. Ազգային արժանապատվության վերականգնում

2. Անվտանգության ապահովում /նոր երաշխքիներ, նոր մեխանիզմներ/,

3. Արցախի անվտանգություն,

4. «Խաղաղ Արցախ»՝ խաղաղ կյանքի էական ակտիվացում Արցախում (համալիր ծրագիր),

5. Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների նոր բովանդակություն, ստրատեգիական ծրագրեր,

6. Իրանի, Վրաստանի հետ նոր օրակարգ, հեռանկարային ծրագրեր,

7. Թուրքիայի հետ պրագմատիկ երկխոսություն՝ հարաբերությունների աստիճանական կարգավորման միտումով,

8. Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի վերականգնում՝ երկարաժամկետ խաղաղության միտումով,

9. ԵՄ, ԱՄՆ և արաբական աշխարհի հետ նոր որակի աշխատանքային հարաբերությունների հաստատում՝ համագործակցության լայն օրակարգով,

10. Հայաստանում տնտեսական ճիշտ քաղաքականություն, բիզնեսի ազատ գործունեության նոր երաշխիքներ, քաղաքացիների բարեկեցության բարձրացում,

11. Համահայկական նոր օրակարգ, հայկական աշխարհի վերականգնում, հայկական աշխարհի նոր բովանդակություն և աշխատանքի նոր գործիքակազմ։

Հայաստանը պետք է սկսի հետպատերազմյան վերելքը, որը ժողովրդի համար, միջազգային հանրության և հարևանների համար հասկանալի օրակարգ է։

Կա մեկ նախապայման. այս իշխանության հեռացում և նոր, սոլիդ իշխանության ձևավորում, որը կապահովի ներքին համերաշխություն։

Այս նպատակին հասնելու համար ժողովրդին և միջազգային հանրությանը պետք է ներկայացվի Հայաստանի հետպատերազմյան վերականգնման ամբողջական փաթեթը։ Այդ փաթեթի մշակումը և իրականացումը ենթադրում են հանրային լայն մասնակցելիություն։ Պետք է ստեղծել հնարավորություն, որ նոր շերտեր, նոր շրջանակներ մտնեն պրոցեսի մեջ, և փոփոխությունները կընթանան շատ արագ և սահուն կերպով։

Չի կարելի անընդհատ կրկնել նույն սխալները և չի կարելի մնալ այդքան անհաղորդ հանրային տրամադրություններին և ընդհանրապես իրականությանը։ Սա վերաբերում է ընդդիմադիր առկա ձևաչափերին։

«Ժողովուրդը հիասթափված է», «ոչ մեկին չի ուզում», «ոչ մի բան չի հետաքրքրում», «թքած ունի պետության վրա» և այլ՝ հայտնի ու գրեթե իրական թվացող որակումները իրականում կարևոր չարված քայլերի հետևանքն են, և դրանք ճիշտ բովանդակությամբ ու ճիշտ աշխատանքով կարելի է սեղմ ժամկետում փոխել։ Այսօր ստեղծվել է մի վիճակ, երբ ժողովուրդն իր պետությունից սպասելիք չունի։ Սա է նրա համատարած անտարբերության և պետությունից օտարացման հոգեվիճակի հիմքում։

Հայաստանի վերականգնման համար շատ կարևոր է տեսնել ավելին, քան Նիկոլի հեռացումն է։ Պետք է ձևավորվեն մեխանիզմներ, որոնք կգործեն նաև այս իշխանության հեռացումից հետո, որպեսզի հաջորդ իշխանությունը չդառնա նոր փորձանք, և պետությունը վերջապես գնա առողջացման և զարգացման ճանապարհով։

Հասարակության, ժողովրդի համար պետք է ձևակերպել առաջիկայի, ապագայի հասկանալի տեսլականը, որը նա ընդունի, որին հավատա։ Մարդկանց պետք է պարզ ցույց տալ, թե ո´ր ապագայի համար ենք կոչ անում պայքարի։

Հենց դա արեցինք, հրապարակներն ու փողոցները լցված են լինելու փոփոխություններ պահանջող հարյուր հազարավոր մարդկանցով։

Ու այլևս չի լինելու նախորդ դարից մնացած հարցադրումը, թե ով որ գյուղից կամ քաղաքից որքան մարդ կբերի միտինգին։ Սա անցած փուլ է։ Մարդիկ այսօր դուրս չեն գալիս փողոց, որովհետև չեն հասկանում, թե իրենց և իրենց ընտանիքներին ի´նչ է առաջարկվում։

Հայաստանի հետպատերազմյան վերականգնման ամբողջական փաթեթը ամենակարճ ճանապարհն է՝ միջընտրազանգվածային երկխոսության և փոփոխությունների համար անհրաժեշտ լայն կոնսոլիդացիայի հասնելու համար։  Սա թերևս միակ տարբերակն է՝ ոչիշխանական համակարգերի համար սեփական օրակարգ ձևավորելու և անխուսափելի հաջողության համար։ Հակառակ դեպքում պետությունը շարունակելու է դեգրադացվել։

Այս համատեքստում՝ հանրահավաքի մասին

Մեր այսօրվա վիճակում հանրահավաք պետք է կազմակերպել ոչ թե ժողովրդի հե´տ խոսելու համար, այլ՝ ժողովրդի անունից՝ որպես հասցեատեր դիտելով ՌԴ, միջազգային հանրությանը, անմիջական հարևաններին, հակառակորդներին, նաև՝ իշխանությանը։

Ժողովրդի հետ պետք է խոսել նախքա´ն հանրահավաքը՝ բացատրելով առկա վտանգները, հնարավոր զարգացումները և, գլխավորը, սեփական տեսլականը/առաջարկները, որոնք պետք է իրական այլընտրանք լինեն իշխանության տեսլականին։ Այդ դեպքում նա´խ ավելի մեծ թվով քաղաքացիներ կգնան հրապարակ, և հետո՝ հրապարակի մանդատը կիրացվի, քանի որ մարդիկ հրապարակում հավաքվում են՝ երկրի ճակատագրի վրա ազդելո´ւ համար, և ոչ՝ խրոխտ ելույթների։ Այլապես, առանց այլընտրանքային առաջարկների, տնից հանրահավաքին հետևողը  չի իջնում հրապարակ,  իսկ հրապարակի մարդկանց անհատական և հավաքական ձայնը որևէ ուժ չի ունենում։ Ներքին սպառման որևէ պրոցես՝ ընտրություն և այլն, այսօր չկա, հետևաբար՝ մարդկանց հետ նման պսևդոնախընտրական հավաքներն անիմաստ են։

Այսօրվա աշխարհքաղաքական պայմաններում հանրահավաքը պետք է՝ հրապարակում հավաքված և պոտենցիալ հավաքվող ժողովրդի անունից։

Եթե այս տրամաբանությունը գործի հանրահավաքի հարցում, ապա միանգամից մի քանի խնդիր ճիշտ կլուծվի։ Այդ թվում՝ ասելիքի և ասելիքը հնչեցնողների։

Բայց ամենակարևորը՝ դա կլուծի շարունակության խնդիրը։ Հաջորդող անելիքը կտեղավորվի ընդհանուր տրամաբանության մեջ։

Ակնհայտ նկատվում է մի ծուղակ, որի մեջ ինքն իրեն դնում է ինստիտուցիոնալ ընդդիմությունը՝ լայք, շեյր,  ՖԲ-յան ցուցանիշների հետևից ընկնելը։

Սա մեկ էտապ հնության գործիքակազմ է։ Պայմանական «Գայան տոտան» այլևս գործոն չէ, նա չի լուծելու Հայաստանի լինել-չլինելու խնդիրը։ Իսկ մենք հիմա լուծում ենք հենց ա´յդ խնդիրը։

Հիմա երևանյան և մարզային ակտիվ շրջանակներին մեկ բովանդակային փաստաթղթի շուրջ  կոնսոլիդացնելու փուլն է , և դրա միջոցով շուրջ 200 հազար մտահոգ-գիտակից հանրության ակտիվացումը։

Նախահանրահավաքային գրագետ գործունեությունը և ամեն յուրաքանչյուր հանրահավաք պետք է ուղղված լինի միասնության սոցիալական կապիտալի մեծացմանը. մեծ տեմպերով, որովհետև ժամանակը քիչ է։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ