ՔՊ-ն խոստովանում է․ 2018-ից հետո Հայաստանում խաղամոլություն է
ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Ծովինար Վարդանյանն առաջարկել են փոփոխություններ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին», «Վիճակախաղերի մասին» և քաղաքացիական օրենսգրքերում։
Հիմնավորմա մեջ ասվում է․ «Այսօր հասարակության մի զգալի զանգված, անկախ սոցիալական կարգավիճակից, սկսել է օգտվել շահումով խաղերից, որոնց մեջ մեծ չափաբաժին ունեն համացանցի միջոցով իրականացվող շահումով խաղերը: Վերոնշյալի հետ կապված, հատկապես սոցիալական խավերի մոտ, սոցիալական խնդիրները ավելի են սրվում:
Մասնավորապես, եթե 2018թ. խաղացողների կողմից գնվել է 333 մլրդ դրամի միավոր խաղ, ապա 2019 թ. այդ գումարը ավելացել է ավելի քան 3.3 անգամ՝ հասնելով 1.115 մլրդ դրամի, իսկ 2020թ. միայն առաջին 10 ամիսներին աjս թիվը արդեն հասել էր 1.548 մլրդ դրամի: Ըստ որոշ գնահատականների՝ 2021թ.-ին այս թիվը գերազանցել է 2 տրիլիոն դրամը: Ավելացել է նաև խաղացողների թիվը, 2018-ից 2020թ, բարձրանալով գրեթե 2.5 անգամ՝ 18093-ից հասնելով 44082-ի: Այսինքն՝ 2020թ-ին, 2018թ-ի համեմատ, կազմակերպիչների կողմից գեներացված գումարները առնվազն հնգապատկվել են՝ կազմելով ՀՆԱ-ի շուրջ 32%-ը: Այսօր արդեն այս ցուցանիշը ավելի է մեծացել եւ մեր գնահատմամբ տնտեսական եւ ընդհուպ մինչեւ անվտանգության խնդիրներ է պարունակում: Ընդ որում, մեր գնահատմամբ, կանխիկով՝ առանց որեւէ սահմանապակման եւ վերահսկողության ըստ էության անսահմանափակ խաղադրույքներ անելու հնարավորությունը խթան է հանդիսանում անձանց նման վարքագցի եւ հանգեցնում նման շեշտակի աճի: Կարծում ենք նաեւ, որ շահումով խաղերի հանրային օգուտը շատ ավելի քիչ է, քան այն հանրային վնասը, որը հասցվում է ՝ հատկապես սոցիալական ոչ ապահով խավին»:
Պատգամավորներն առաջարկում են բացառապես անկանխիկ խաղադրույքների իրականացում, որը, ըստ իրենց, կբարձացնի թափանցիկությունը եւ այդ պարագայում հնարավոր կլինի, որ պետութունը այլ գործիքներով եւս հետեւի ոլորտում խաղացողների վարքագծին, ոլորտի իրական շրջանառությանը: Կլուծվի մի շատ կարեւոր խնդիր. պետության եւ հասարակության առջեւ ֆինանսական պարտավորություններ ունեցող, դրանք կատարել չկարողացող, սոցիալական ծանր վիճակում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ շահումով խաղերին մասնակցելը, էապես կնվազի, քանի որ կանխիկով եւ «պարտքով» խաղալը էապես բարդանալու է:
Նախագիծն ամբողջությամբ՝ այստեղ։